ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ խմբակցությունները նոյեմբերի 17-ին հանդիպել են փորձագիտական առաքելությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով: Պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ պրոֆեսոր Պերե Վիլանովա Թրիասը, Պիեր Գարոնը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչ Ալեքսեյ Գրոմովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ փորձագետ Վասիլ Վաշչանկան: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը եւ Անդրանիկ Կարապետյանը: Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո օրենսդրության համապատասխանեցման աշխատանքները՝ ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի հետ երկարատեւ արդյունավետ համագործակցությունը հատկապես սահմանադրական բարեփոխումների փուլում: Նա համոզմունք է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական մասնակցությունն ու առաջարկները նպաստավոր կլինեն նաեւ սահմանադրական օրենքների փոփոխության հարցում: Անդրադառնալով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նա ընդգծել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծավալուն աշխատանք է կատարել եւ առաջիկայում այն խորհրդարանում կքննարկվի: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է օրենքի նախագծի որոշ կարեւորագույն դրույթների: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետներին հետաքրքրել են մասնավորապես բողոքների ներկայացմանն առնչվող գործընթացների կատարելագործման, նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման երաշխիքները: Աղվան Վարդանյանը նշել է, որ վարչական ռեսուրսի չարաշահման խնդրի լուծմանն էր ուղղված նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում պատժամիջոցների խստացումը, ինչպես նաեւ վարչական ռեսուրսի օգտագործման դեմ որոշակի մեխանիզմների ներդնումը: Խմբակցության քարտուղարի խոսքով՝ որքան էլ օրենսդրությունը կատարելագործվի, միեւնույնն է այս հարցում սողանցքներ կարող են մնալ, ուստի նա կարեւորել է քաղաքական ուժերի՝ վարչական ռեսուրսը չօգտագործելու կամքն ու ողջախոհությունը: Նշվել է, որ բողոքարկման ինստիտուտն Ընտրական օրենսգրքով բավականին կատարելագործվել է, կատարվել են շտկումներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի նախագծին առնչվող մի շարք հոդվածների եւ վիճահարույց կետերի: Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ միջազգային փորձագետների առաջարկներն առավել ամբողջական կդարձնեն նախագիծը:

2017-11-17

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...