Առաջին արդյունքները նկատելի են. Աղվան Վարդանյան

ՀՀ ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հարգելի խորհրդարան, Այս կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իմ ելույթը վերնագրել էի «Վճռականության պահանջ». վճռականություն, որովհետև մեկնարկային պայմանները պարտադրում են երկրում արմատական ու որակական բարեփոխումներ կատարել: Արդյո՞ք առաջարկվող բյուջեն նման բարեփոխումների հիմք ստեղծում է: Զգացական, ամբոխավարական, ինչ-ինչ պատճառներով նյարդային դարձածների գնահատականները եթե մի կողմ թողնենք, ապա կմնան թվերն ու փաստերը, որոնք վկայում են կառավարության կամքն ու ջանքը՝ երկիրը կայունացնելու և տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու: Սա է այս բյուջեի փիլիսոփայությունը: Հիմա՝ թվերը. այսպես՝ 2016-ին մենք 0,2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել: 2017-ին նախատեսված է 3,2 տոկոս, իսկ 2018-ին՝ արդեն 4,5 տոկոս տնտեսական աճ: Բյուջեն նաև արտաքին պարտքը տոկոսային առումով փոքր չափով, բայց նվազեցնելու նպատակադրում ունի: Բյուջեն նախորդ տարվա համեմատ աճելու է շուրջ 100 միլիարդ դրամով: Ինձ համար, սակայն, շատ ավելի բնութագրական ցուցանիշ է ընթացիկ և կապիտալ ծախսերի հարաբերակցությունը: Նշված 100 միլիարդի 70 տոկոսը ուղղվելու է կապիտալ ծախսերին: Շահարկվում են սոցիալական խնդիրները: Բնական է՝ եթե նպատակդ քննադատելն է, պատճառներ միշտ կգտնես: Հատկապես որ այս ոլորտում խնդիրները շատ-շատ են: Բայց այստեղ գլխավորը որդեգրված ուղղությունն է՝ տնտեսության զարգացման հիմքերն ամրապնդել, որ կարողանաս նաև սոցիալական ոլորտում նկատելի արդյունքներ արձանագրել և սոցիալական արդարության մթնոլորտ ապահովել: Միայն սոցիալական արդարության մթնոլորտում է հնարավոր զարգացում երաշխավորել: Մեր հանձնաժողովում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել սոցիալական և առողջապահության հարցերի վերաբերյալ: Ինձ համար գոնե տեսանելի է, որ բարեփոխումները ընթացքի մեջ են, և հնարավոր է, թեկուզ քիչ միջոցներով, ավելի որակյալ ծառայություններ մատուցել դժվար իրավիճակում հայտնված քաղաքացիներին: Նույնը, վստահ եմ, կրթության ոլորտում: Գերխնդիր է մնում կառավարման արդյունավետությունը՝ առկա սուղ միջոցները նպատակային ու հասցեական ծախսելը: Եվ հենց այս ասպարեզում է մեր վճռականության պահանջը կառավարությանը: Պետք չէ նայել կողքից ինչ են ասում-անում: Կողքի կանգնածների գործը դա է: Պետք է կառավարման արդյունավետությունը բարձրացնող կտրուկ, երբեմն ցավագին բարեփոխումներ կատարել, ինչը կառավարության հնգամյա ծրագրի նպատակներին հասնելու երաշխիքն է: Եվ պետք է ուշադրություն դարձնել որակին: Մեզ երաշխիք է անհրաժեշտ, որ եթե պետական երկու ծառայողից մեկը կրճատվելու է, ապա մնալու է բարձր որակավորում ունեցողը, ոչ թե այսինչի ծանոթը կամ այսինչ կուսակցության անդամը: Կոռուպցիայի դեմ պայքարի նկատելի արդյունքներ, ստվերի շարունակական կրճատման միտում, ներդրումներ և ներդրումային ծրագրեր ենթակառուցվածքներում, տնտեսության մեջ պետության կարգավորիչ դերակատարության աճ, պետություն-մասնավոր հատված գործակցություն, ցածր տոկոսադրույքով վարկեր հեռանկարային ճյուղերում, Հայաստանի գրավչության ավելացում, անվտանգության ամրապնդում. սրանք մեր այսօրվա իրողություններն են և դրանք չտեսնելը ընդամենը ցանկության ու կարողության խնդիր է: Մնում է աշխատել և բեկումնային տեղաշարժ արձանագրել: Մնում է այս դահլիճից ոչ թե հուսահատություն, այլ լավատեսություն փոխանցել հանրությանը: Հարգելի խորհրդարան, Կոալիցիոն կառավարության գնահատականը տրվելու է 2017-2022 հնգամյա ծրագրի իրականացմամբ կամ ձախողմամբ: Մեր կարծիքով, որդեգրված՝ տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու քաղաքականությունը, դրա արտահայտություն այս բյուջեն այդ հեռանկարի իրատեսական առաջին քայլերից է: Բնականաբար, ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու մեր կառավարության ներկայացրած բյուջեին: 16 նոյեմբեր 2017թ.

2017-11-16

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...