Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն» եզրույթը. Արմեն Ռուստամյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող` Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին անհանգստացնում էր նախագծի անվանումը: «Որքանո՞վ է նպատակահարմար, որ կիրառում ենք «ցեղասպան գործողություններ» եզրույթը: Տպավորություն է, որ դա ոչ թե ցեղասպանությունն է, այլ ցեղասպանության տարրեր պարունակող գործողություններ»,- ասաց նա: Պատգամավորն ընդգծեց, որ եթե ուզում ենք դատապարտել ցեղասպանությունը` իր ամբողջությամբ, ճիշտ կլինի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը և ասել, որ եզդի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունն ենք դատապարտում: «Հասկանում եմ` այս եզրույթը անգլերենից «ակտ գենոցիդ»-ի թարգմանությունն է, բայց ճիշտ չի հնչում, պետք է կիրառենք «ցեղասպանություն» տերմինը»,- շեշտեց Ռուստամյանը: Հարցով հիմնական զեկուցող` ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ կիսում է Ռուստամյանի կարծիքը: «Սակայն «ցեղասպան գործողություն» և «ցեղասպանություն» եզրույթները միջազգային իրավունքի տեսանկյունից նույն բանն են: Իմ պատկերացմամբ էլ` այդ եզրույթների միջև տարբերություն չկա»,- ասաց նա: Ռուստամյանն էլ հակադարձեց, որ չէր անդրադառնա, եթե հայտարարության անվանումն այդպես չլիներ: «Պետք է տեքստում գրեինք` ցեղասպան գործողություններ, վերնագրում` ցեղասպանություն, բայց մեզ մոտ հակառակն է եղել. տեքստում ցեղասպանություն է գրված, վերնագրում` ցեղասպան գործողություններ: Ճիշտ կլինի «ցեղասպանություն» բառը կիրառել»,- ընդգծեց նա: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նշեց, որ հասկանում է Ռուստամյանի դիտարկումը: «Խնդիրը հետևյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից է արված, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից: «Ցեղասպան գործողություն» արտահայտությունը գիտական տերմին է, հիմա մենք ճանաչում ենք ցեղասպան գործողությունը, իսկ ցեղասպան գործողություններից յուրաքանչյուրը ցեղասպանություն է, այսինքն` ցեղասպան գործողությունը ճանաչելով` ճանաչում ենք ցեղասպանությունը»,- ասաց նա: Աշոտյանը հավելեց, որ եթե «ցեղասպանություն» տերմինն օգտագործեն, կստացվի, որ պետականության որոշակի ատրիբուտիկայով ենք նշում, թեպետ` բացասական ֆոնի մեջ:

2018-01-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
7 տարի ժամանակ կա, հասնելու ենք նրան, որ Սփյուռքը մասնակցի ընտրություններին...
Պետք է կիրառել ոչ թե «ցեղասպան գործողություններ», այլ «ցեղասպանություն»...
Առաջարկելու ենք մեխանիզմներ, որպեսզի Սփյուռքն էլ իր մասնակցությունն...
Սոցիալապես անապահով խավերը պետք է զգան պետության հոգածությունը....
Այլ...