Խորհրդարանական ճեպազրույց. ամփոփվեց նստաշրջանի առաջին քառօրյա նիստը և շաբաթվա կարևոր իրադարձությունները

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ամփոփ ներկայացրեց Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը, ինչպես նաև վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները: Նա նախ տեղեկացրեց, որ անցած շաբաթ և կիրակի Դաշնակցության տարածաշրջանային հերթական համաժողովն է անցկացվել: Նրա խոսքով՝ այսպիսի համաժողովներ պարբերաբար լինում են, որին մասնակցում են ՀՅԴ տարածաշրջանային տարբեր կառույցների ղեկավարներ: «Այս տարվա ընթացքում արդեն թվով երրորդ համաժողովն էր: Առաջինն անցկացրել էինք Արգենտինայում` ամերիկյան մայրացամաքի և Ավստրալիայի կառույցների համար, երկրորդն Աթենքում էր` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի կառույցների հետ, և երրորդը` այս իմ նշածը: Ներկայացվեց և քննարկվեց կուսակցության վերջին շրջանի գործունեությունը»,- հայտնեց Վարդանյանը: Այնուհետև պատգամավորը նշեց մի փաստ, որը, նրա խոսքով, դուրս էր մնացել մամուլի ուշադրությունից: «ԱԺ վերջին նիստից կուզեի ձեր ուշադրությունը մեկ հատկանշական երևույթի վրա բևեռել, որը չէր նկատվել, և մամուլն էլ չէր անդրադարձել: Մենք այդ նիստի ընթացքում ևս ունեինք սահմանադրական օրենքի` երկրորդ ընթերցմամբ քվեարկություն` «Սահմանադրական դատարանի մասին» օրենքն էր, և ի տարբերություն նախորդ նիստերի, երբ սահմանադրական օրենքներն ընդունվում էին ճիշտ անհրաժեշտ 63 ձայնով, այս անգամ այդ օրենքի երկրորդ ընթերցումը հավաքեց 84 ձայն: Սա դրական երևույթ է և անհրաժեշտ էր ֆիքսել»,- նշեց Վարդանյանը: Աղվան Վարդանյանը ամենակարևոր իրադարձությունը համարում է նախագահի ընտրման ժամկետից մեկ ամիս առաջ նախագահի թեկնածուի անուն հրապարակելը: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել` և' մարդկային, և' պրոֆեսիոնալ որակների առումով: «Չգիտեմ՝ մեզ համար առավելություն է, թե` թերություն երկար ժամանակ նրա` Հայաստանում ապրած չլինելը։ Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել: Կուզեի ընդգծել, դուք էլ նկատեիք, որ Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ են նշմարվում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից»,- ասաց Վարդանյանը: Դիտարկմանը` եթե Արմեն Սարգսյանը չընդունի Հանրապետականի առաջարկը, արդյո՞ք կա այլ թեկնածու, որին իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, նա պատասխանեց, որ մինչև Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելը, մամուլում տարբեր անուններ են շրջանառվել, որոնց թվում կային մարդիկ, ովքեր կարող էին հավակնել այդ պաշտոնին։ Ինչ վերաբերում է շահարկումներին, թե օրենքի խախտում է Սարգսյանի թեկնածության առաջադրումը, քանի որ նա երկար տարիներ չի ապրել Հայաստանում, Վարդանյանը նշեց, որ ցանկացած դեսպանատուն համարվում է տվյալ երկրի տարածքը, և Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի չի կարող չհամարվել: «Շատ բարդ չի տեսնել նրա պաշտոնավարման ժամկետները և համեմատել` այդ ժամկետը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Արհեստական հարցեր ենք ստեղծում ու հետո փորձում հարթել դրանք»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Աղվան Վարդանյանը համակարծիք է վարչապետ Կարեն Կարապետյանի` խորհրդարանում հնչեցրած այն մտքի հետ, թե սարսափելի գնաճ չունենք: ԱԺ ճեպազրույցների ժամին նա նշեց, որ գնաճի դեմ պայքարը, որը արտահայտվեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթով, ցույց տվեց հասարակության աջակցության չափը, ծավալները: «Եթե մենք պահանջում ենք հարկային դրույքաչափերի իջեցում, պետք է նաև ասենք, թե ինչպես ենք պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը, հետագայում բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները: 2017 թվականին կառավարության գործունեությունը ցույց տվեց, որ կառավարության` նման արդյունավետ աշխատանք վերջին տասնյամակում չենք ունեցել»,- ասաց պատգամավորը: Վարդանյանը նշեց, որ կարտոֆիլն էլ որ թանկացել է, կառավարությունը չի թանկացրել, այլ` գյուղացին: «Սեղմված գազի հետ կապված` որակի և չափի վերաբերյալ խնդիր կա, և պետական մարմինները պարտավոր են այս մասին մտածել»,- ասաց նա: Վարդանյանի խոսքով՝ ուրախ կլիներ, եթե օբյեկտիվ հիմնավորված ցանկացած բողոքի ակցիա աջակցություն գտներ հասարակության կողմից: «Ուրախ կլինեի, եթե մեր գործընկերներն ավելի կրեատիվ մտածողություն ունենային. կանաչ «Ժիգուլի» հրելը չեմ կարծում շատ կրեատիվ մտածողության արդյունք է, էն էլ ջորի՝ անպտուղ կենդանի»,- ասաց նա:

2018-01-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...