Արամ Մանուկյանը մեր պետականության վերականգման մարմնավորումն է. Երևանում հարգանքի տուրք մատուցեցին գործչի հիշատակին

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի կիսանդրու առջև հունվարի 29-ին հարգանքի տուրք մատուցվեց պետական և հասարակական գործչի մահվան 99-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Հայ Յեղափոխական Դաշնակցության գործիչները, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության աշխատակիցները, ովքեր ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին գործչի կիսանդրու առջև: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Արամ Մանուկյանը բացառիկ ազգային պետական գործիչ էր, և նրա կյանքը ու ամբողջ գործունեությունը օրինակ է, թե ինչպիսին պետք է լինի իր ազգին նվիրված և ծառայող հայ մարդը: «Այս տարի միջոցառումներն անցնելու են պետականության վերականգման 100-ամյակի ոգով` Արամ Մանուկյանը, բնականաբար, այդ գործընթացի առաջամարտիկն ու այդ ամբողջ տոնակատարությունների առանցքային անձնավորությունն է, ով նաև մարմնավորում է մեր պետականության վերականգնումը: Նա շատ ուսանելի կենսագրություն է ունեցել, ուստի այս առիթը պետք է օգտագործել և ավելի լայնորեն ներկայացնել նրա գործունեությունը մեր ժամանակակից սերնդին, թե ինչպես կարելի է ողջ կյանքը նվիրել պետությանը և ազգին»,- նշեց Ռուստամյանը: ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` Արամ Մանուկյանը Հայաստանի առաջին Հանրապետությունում զբաղեցրել է Ներքին գործերի նախարարի պաշտոնը, որը այդ ժամանակաշրջանում եղել է կարևորագույն պաշտոններից մեկը: «Հանրապետությունը առանց կարգ ու կանոնի չէր կարող որպես պետություն ձևավորվել և այդ հիմքերը հենց Արամ Մանուկյան է դրել»,- ասաց Ռուստամյանը:

2018-01-29

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...