Ընտրական համակարգի կատարելագործումը կոալիցիայի առաջնահերթություններից է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ գործող տարածքային ընտրակարգը բարեփոխելու անհրաժեշտությանը: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է Դաշնակցության դիրքորոշումը «Ծառուկյան դաշինքի» ներկայացրած առաջարկին՝ Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը հանելու վերաբերյալ, նա նշեց. «Ցանկանում եմ հիշեցնել, որ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու առաջամարտիկը եղել է Դաշնակցությունը: Այս հարցերն ընդգրկված են եղել Հ. Յ. Դաշնակցության օրակարգում: Այնուհետև դրանք եղել են նաև քառյակի ձևավորման նախադրյալները: Մենք երբեք չենք հրաժարվել մեր մոտեցումներից: Բայց տուրք տալով նրան, որ ի վերջո պետք է ձևավորվի համախոհություն, երբ ընթանում էին 4+4+4 ձևաչափով աշխատանքները, մենք համաձայնեցինք Ընտրական օրենսգրքի այս տարբերակին՝ միաժամանակ շեշտելով, որ ռեյտինգային ընտրակարգի այս ձևը մեզ համար անընդունելի է: Մեր դիրքորոշումը մենք ներկայացրել ենք նաև մեր կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՀԿ-ին: Հետևաբար ՀՀԿ-ի համար զարմանալի չէ, որ մենք դեմ ենք այս գործող կարգին»: Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ առավել կարևոր է այն հարցը, թե ինչպիսի ընտրակարգի է անհրաժեշտ անցում կատարել: «Կոալիցիոն հուշագրում մենք շատ հստակ ամրագրել ենք, որ պետք է միասին շարունակենք կատարելագործել և բարեփոխել ընտրական համակարգը: Այս հարցում մենք իսկապես խնդիր ունենք մեր հանրապետական գործընկերոջ հետ: Նրանք դեռ ուզում են պահպանել ռեյտինգային ընտրակարգը: Մենք այս ընտրակարգին դեմ ենք: Մենք, մատնանշելով անցած ընտրությունների փորձը, գտնում ենք, որ բացի ռեյտինգային ընտրակարգի հետ կապված մյուս բոլոր քննադատություններից, սա նաև շեղում է դասական ձևից»: Պատգամավորը լրագրողներին ներկայացրեց համամասնական ընտրակարգի՝ Դաշնակցության համար ընդունելի տարբերակը: Մասնավորապես նա ասաց. «Եթե համամասնական ընտրակարգով նախընտրելի է ռեյտինգային ընտրակարգը, որը ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն, ապա անհրաժեշտ է կատարել փոփոխություն՝ համաձայն որի ռեյտինգը վերաբերվի անձանց, այլ ոչ թե տարածքների: Գործող օրենսգրքով տեղի է ունենում տարածքների ռեյտինգավորում, այնուհետև ըստ տարածքների ձեռք բերած ձայների՝ բաշխվում են մանդատները: Մեր դիտարկմամբ սա առաջացնում է անարդարություն: Նույն կուսակցության մեջ մեկը կարող է ստանալ 5-6 անգամ ավելի պակաս ձայն, բայց ստանա մանդատ, իսկ ավելի ձայն ստացած մյուսը զրկվի մանդատից: Մենք գտնում ենք, որ անձանց բաց ցանկով ռեյտինգավորումը հնարավորություն կտա ժողովրդին որոշել, որ եթե կուսակցությանը ընտրությունների արդյունքում հատկացվել է 10 մանդատ, ապա հատկապես ովքեր պետք է ստանան այդ մանդատները՝ ըստ իրենց ունեցած անձնական ռեյտինգի»: «Հաջորդ ընտրությունները պետք է ավելի ու ավելի կատարելագործենք և չշեղվենք համամասնական ընտրակարգի դասական պատկերացումներից: Մենք համաձայն ենք ռեյտինգային ընտրակարգին, բայց ռեյտինգը պետք է որոշվի ամբողջ հանրապետությունով: Եվ մենք կարծում ենք, որ պետք չէ միայն մեկ հարցով անդրադառնալ այս խնդրին: Դաշնկացությունը անհրաժեշտություն է համարում Ընտրական օրենսգիրքը ամբողջական փաթեթով փոփոխելը՝ հաշվի առնելով նաև միջազգային կառույցների գնահատականները: Փաթեթի նախագծի վերաբերյալ Դաշնակցությունը արդեն աշխատում է և որպես Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու արդեն համաձայնեցված պահանջ՝ կներկայացնենք մեր հանրապետական գործընկերներին: Մենք ինքնանպատակ գործընթաց չենք սկսում, այլ մեզ պետք է հստակ իմանալ, որ այն գործընթացը որ մենք սկսում ենք, արժևորվելու է: Իսկ սա նշանակում է քննարկել, բանավիճել, համաձայնեցնել և հասնել ընդհանուր հայտարարի»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

2018-02-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Որքանո՞վ է Իսրայելը լավ զգալու, որ Ադրբեջանի պարտությունն ասոցացվի...
Երեք կարևոր խնդիր ունենք, որոնցով պետք է լրջորեն զբաղվենք
Խորհրդարանական ճեպազրույց
Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարաձայնությունների մեջ տարօրինակ...
Այլ...