Խորհրդարանական ճեպազրույց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ ճեպազրույցում պնդեց, որ ռեյտինգային ընտրակարգի հետ կապված տարաձայնությունը մինչև կոալիցիա ձևավորելն էլ եղել է: Նա նշեց, որ իրենք Ընտրական օրենսգրքի շուրջ գնացել են համախոհության, սակայն 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ էլ հայտարարել են, որ ռեյտինգային ընտրակարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական ձևից: «Այն ժամանակ էլ ասել էինք, որ ավելի շատ ձայն ստացողը կարող է չստանալ մանդատ, ամենաքիչը` ստանալ: Մենք այդ հարցը երբեք չենք հանել մեր օրակարգից, հիմա էլ ունենք մեր օրակարգում` անկախ նրանից, որ գիտեինք, որ ՀՀԿ-ն դեմ է այս ընտրակարգի վերանայմանը, սակայն շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր մոտեցումները պաշտպանել»,- ասաց պատգամավորը: Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք չեն կարող չտեսնելու տալ համակարգի թերությունները, երբ մարդիկ ձայն են տալիս մեկին, բայց ընտրվում է ավելի քիչ ձայն ստացածը: Ըստ նրա` այս պարագայում մարդիկ կասեն, որ այդ ձայներն իզուր են տալիս: «ՀՀԿ-ի հետ քննարկվող հիմնական հարց պետք է լինի` ինչպե՞ս լուծել այս խնդիրները: Այս հարցը երկար շրջանցել չի լինելու, այս հարցը պետք է ստանա պատասխան: Բազմաթիվ լուծումներ կարող են լինել, բայց սահմանադրական նորմը, պահանջն այն է, որ ընտրությունները համամասնական են: Մենք բոլոր տարբերակներին համաձայն ենք, որ այս աննորմալ ձևով ընտրակարգը չլինի, այս հարցը լուծում ստանա»,- ասաց Ռուստամյանը և հավելեց, որ իրենք կողմ են դասական համամասնական ընտրակարգին: Միևնույն ժամանակ նա չցանկացավ նշել, թե որն է պատճառը, որ ՀՀԿ-ն չի ուզում զիջումների գնալ այս հարցում: «Չեմ ուզում քննարկումներից առաջ հայտարարություն անել, մենք ունենք շատ մեծ փորձ, երբ բանակցությունների փուլում սեպարատ հայտարարություններ են արվում, իսկ դա վնաս է բանակցություններին: Ձեռնպահ եմ մնում պատասխանել, թե ինչու ՀՀԿ-ն չի ուզում վերանայել այս համակարգը»,- ասաց Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանի կարծիքով` խորհրդարանական համակարգին անցնելով` Հայաստանն ավելի ժողովրդավարական է դարձել: Նա նաև նշեց, որ նման կարծիքի է միջազգային հանրությունը: «Այս համակարգը, որը փոխել ենք, կարևոր է, որ այն կիրառման փուլում համապատասխանի այն նպատակին, որ առաջ ենք քաշել խորհրդարանական համակարգին անցնելու համար: Սա կարևոր է գերմիահեծան համակարգը վերափոխելու համար: Իսկապես, Հայաստանն ավելի ժողովրդավարական համակարգ է ընտրել, անցում է կատարվել ավելի ապակենտրոնացված համակարգի, այդ ապակենտրոնացումը պետք է լիարժեք իրականացնել»,- ասաց նա: Ռուստամյանը չի հերքում, որ այստեղ կարող են լինել խնդիրներ, կարող է տպավորություն առաջանալ, որ իշխանության ապակենտրոնացումը լիարժեք չի իրականացվում: «Սահմանադրության պահանջ է ապակենտրոնացումը, իսկ Սահմանադրություն հարգել պարտավոր ենք: Այդ մեխանիզմներն իրականացնելու ենք, անպայման տեղի է ունենալու իշխանության ճյուղերի տարանջատում»,- ասաց նա` օրինակ բերելով դատական իշխանության անկախացումը: Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ Բյուրո-ԳՄ հայտարարության մեջ հիմնական հարցերից մեկը, որը կարևորել են, վերաբերում է կառավարության կառուցվածքին և պետական համակարգին առընթեր մարմինների ստեղծման խնդրին: «Այդ դաշտում պետք է կարողանանք այնպես անել որ կառավարություն- նախարար գործառույթները կարողանանք տարանջատել, այնպիսի վիճակ չլինի, որ վարչապետը կարողանա փոխարինել նախարարներին»,- ասաց նա: Ռուստամյանի կարծիքով` Հայաստանում դեռ կա իներցիոն մտածելակերպ, որ համակարգը չի փոխվել, սակայն քանի նրբություններին հասարակության լայն շրջանակները ծանոթ չեն, տպավորություն է, որ ոչ մի բան չի փոխվել: «Գտնում ենք, որ այս տպավորությունը գոյություն ունի: Պետք է դա կարողանանք ցրել, գործընթացների արագ իրականացման հետևանքով այս մտածելակերպը կցրվի»,- ասաց նա: Ըստ Ռուստամյանի` տնտեսական կարգը պետք է Հայաստանում ամբողջությամբ վերանայվի: Նա նշեց, որ մշակումներ են անում, որ ներկայացնեն, թե, իրենց պատկերացմամբ, սոցիալական կարգն ինչպիսին պետք է լինի: «Պետք է այնպես անենք, որ Հայաստանում չլինի այնպիսի մարդ, որ չկարողանա իր սոցիալական խնդիրները լուծել»,- ընգծեց նա: Անդրադառնալով Մինսկի խմբի այն հայտարարությանը, որում կոչ են անում հակամարտող կողմերին` զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից, նաև այն հարցին` որքանո՞վ է սա վերաբերում Ադրբեջանին` հաշվի առնելով այն փաստը, որ Ալիևը վերջերս հայտարարել էր, որ Երևանը ադրբեջանական է, Արմեն Ռուստամյանը պատասխանեց` այո, հայտարարությունը հենց Ադրբեջանին էլ ուղղված է: «Կարծում եմ` Մինսկի խումբն ունի երկու հիմնական խնդիր: Մեկն այն է, որ բանակցությունների լիարժեք լինելու համար պետք է ընդգրկվի նաև արցախյան կողմը: Հիմա առաջացել է մի նոր խնդիր` պետք է բանակցելի դարձնել Ադրբեջանին` բերել հիմնական բանակցային սեղանի շուրջ: Ադրբեջանն այս պահվածքով անբանակցելի կողմ է: Եթե մենք խոսում ենք սուբստանտիվ բառը գործածելու մասին, այստեղ խոսքը սուբստանտիվի մասին չէ, այստեղ ուղղակի բանակցությունների նորմալ միջավայր ստեղծելու մասին պետք է խոսքը գնա, որը Մինսկի խմբի հիմնական հանձնառություն է` նրանք պետք է ստեղծեն բանակցությունների միջավայր: Չենք կարող մի կողմից բանակցել, մյուս կողմից` պատերազմել»,- ասաց նա: Ռուստամյանը համարում է, որ Մինսկի խումբը պետք է հասցեական հայտարարություն աներ, որովհետև հայկական կողմերը նման բաներ չեն հայտարարել: «Կարելի է շատ ուղղակի այդ մասին ասել: Մեր կողմից հո այդպիսի հայտարարություններ չեն լինում: Առնվազն այս ընթացքում ոչ ոք Հայաստանից այդպիսի բան չի խոսել, հակառակը` հայկական կողմերը խոսում են փոխզիջումներից, իսկ ադրբեջանական կողմը մնում է անիմաստ, կոշտ և անհեռանկար»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-02-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...