Հետևողական ենք լինելու. ՀՅԴ առաջարկությունը տնտեսական մրցակցության օրենքի վերաբերյալ

Ազգային ժողովի արտահերթ նիստում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու հարցը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հայտնեց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում իրենց առաջարկությունը հանձնաժողովը կրկին քննարկի: «Դրա մասին խոսել ենք հանձնաժողովում: Մեր հետևողական մոտեցումն է, որ այսպիսի հանձնաժողովներում քաղաքական ուժերն առաջարկներ անելու փուլում պետք է մասնակցություն ունենան, մասնավորապես` ընդդիմությանը վերապահվի այդպիսի հնարավորություն: Մենք այդ առաջարկությունը կքննարկենք առաջինից երկրորդ ընթերցմամբ, ակնկալում ենք, որ այդ քննարկումը տեղի կունենա, և այս հարցի լուծմանը կանդրադառնանք առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այդ հարցը նաև բարձրացրել է մեր ներկայացուցիչը հանձնաժողովի նիստի ժամանակ»,- ասաց Ռուստամյանը: «Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ իրենց խմբակցությունն էլ կողմ կքվեարկի` բազմաթիվ վերապահումներով, բազմաթիվ բացեր կան, սակայն եթե առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փոփոխություններ լինեն, կողմ լինեն, հակառակ դեպքում` ոչ: Նա նաև ասաց, որ կողմ են ՀՅԴ առաջարկին: Եվ այսպես` խորհրդարանը միաձայն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին: Նշենք, որ, ըստ նախագծի, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների համաձայն, դառնում է ինքնավար մարմին, որի անդամներին ձայների մեծամասնությամբ նշանակում է ՀՀ Ազգային ժողովը` վարչապետի առաջարկությամբ: ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց այս նախագծին`պայմանով, որ հաշվի կառնվի այն մոտեցումը, որ, ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ինքնավար մարմինը ստեղծվում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով: ՀՅԴ-ն առաջարկում է, որ ինքնավար մարմնի անդամների առաջադրումը վերապահվի ՀՀ Ազգային ժողովի կողմից ձևավորվելիք մրցութային հանձնաժողովին, որին մասնակից կարող են դառնալ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները (կոնսենսուսով), Գործարարների միությունը և այլն: Ի լրումն՝ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից ՀՀ Ազգային ժողով է ներկայացրվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

2018-03-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...