Առաջադրումը Հանրապետականի իրավասության դաշտում է

Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ -Ինչո՞ւ փոխվեց վարչապետի ընտրության օրը՝ մայիսի 2-ից տեղափոխվելով ապրիլի 17: Եվ կոալիցիայում ե՞րբ կսկսվեն վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները: -Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է սահմանադրությամբ, պարզապես համապատասխանեցվել է սահմանադրության տրամաբանությանը: Որևէ անակնկալ չկա: Վարչապետը պետք է ընտրվի այն ժամկետների մեջ, որը նախատեսում է երկրի հիմնական օրենքը: Մայիսի 2-ին արդեն ուշ կլիներ: Կարծում եմ, վարչապետի թեկնածության շուրջ կոալիցիայում առաջին քննարկումները տեղի կունենան մինչև ապրիլի 9-ը: Այդ օրվանից ամբողջությամբ կսկսի գործել խորհրդարանական համակարգը, և վարչապետի ընտրության հարցը, բնականաբար, ապրիլի 9-ից հետո է առաջանալու: Այսինքն՝ մինչև նոր նախագահն իր պաշտոնը չստանձնի, դա չի լինի, քանի որ նոր նախագահը սահմանադրությամբ նախատեսված գործառույթներն ունի, պետք է մասնակցի վարչապետի ընտրության գործընթացին: -Իսկ մինչ ապրիլի 9-ը, նախքան կոալիցիոն քննարկումները, Դաշնակցությունը կիմանա՞ վարչապետի թեկնածուի անունը: -Ներքին կարգով՝ այո: - Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի պատրա՞ստ եք վարչապետի այլ թեկնածություններ ևս քննարկել, թե՞ ձեզ համար շրջանառվող անուններից նախընտրելին միայն գործող նախագահի թեկնածությունն է: -Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածուի անուն, որը կառաջադրի Հանրապետական կուսակցությունը: Քանի որ այդ հարցը գտնվում է հանրապետականների որոշման դաշտում, մենք իրենց հետ չենք քննարկելու, թե ո՞ւմ են առաջադրելու, իրենք իրենց մեջ պետք է կատարեն այդ քննարկումը, որոշեն ու առաջադրեն: Այդ իրավունքը լիարժեքորեն իրենց է վերապահված, դա ամրագրված է նաև մեր կոալիցիոն հուշագրով։ Մենք չենք պատրաստվում շեղվել մեր ձեռք բերած նախնական պայմանավորվածություններից: Մեր կողմից պարկեշտ ու ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ի կողմից առաջադրումից հետո միայն Դաշնակցությունն իր խոսքն ասի: Ի տարբերություն մնացած ուժերի ու գործիչների, երբ Դաշնակցությունը գնում էր սահմանադրական փոփոխությունների, մենք դրանք չէինք պայմանավորել որևէ անձով: Բազմիցս ասել ու չենք բացառել, ավելին՝ հնարավոր ենք համարել, որ Սերժ Սարգսյանը հավակնի վարչապետի պաշտոնին: Բայց դա չէ մեզ համար գլխավորը, այլ այն, որ համակարգն այնպիսի փոփոխության է ենթարկվում, որ նոր վարչապետը չի ունենալու այն լիազորությունները, որոնք ունի ներկայիս գործող նախագահը: Եվ սա էական փոփոխություն է Հայաստանի համար: Կարծում եմ, մեր ընթացքը սխալ տեղ կտաներ մեզ, եթե կատարված փոփոխությունները անձերով պայմանավորեինք: Մենք այնպես ենք արել, որ այս համակարգը զսպի ամեն մի անձի, որպեսզի նա չկարողանա այնքան լիազորություններ ունենալ, որ ամբողջ իշխանությունը կենտրոնացնի իր ձեռքում: Սա մենք երաշխավորում ենք այս համակարգային փոփոխություններով: Մեզ համար անընդունելի էին նախկին համակարգում ամրագրված նախագահի լիազորությունները: Նոր համակարգով տեղի է ունեցել լիազորությունների բաշխում, ապակենտրոնացում: Դրանց մի զգալի մասն անցել է խորհրդարանին, մյուս մասը՝ կառավարությանն ու վարչապետին, մի զգալի մասն անցել է անկախ դատական իշխանությանը: Սա է, որ մեզ համար էական է: Իշխանության ճյուղերից ամեն մեկը վերահսկողական իր որոշակի գործառույթն է իրականացնելու: Ու այդ առումով որոշակի դերակատարություն ունի հենց հանրապետության նորընտիր նախագահը, որը մեր ձևակերպմամբ՝ չորրորդ հանրապետության առաջին նախագահն է: Իսկապես քաղաքական համակարգում կատարվել են լրջագույն փոփոխություններ, նորարարություններն այնքան շատ են, որ դրանք ժամանակ են պահանջում, մինչև մեր հասարակությունն ամբողջությամբ յուրացնի: Ընթացքը ցույց կտա, կամաց-կամաց մարդիկ դա կտեսնեն, կհամոզվեն, որ իշխանության ամեն թևն ունի իր առաջնային դերակատարությունը: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նա անելիք ունի քաղաքականության մեջ ու նրա հետ կապված բոլորվին այլ գնահատականներ պետք է տրվեն՝ նայելով նրա անցած ճանապարհը: Այն փոփոխությունները, որ կատարվել են Հայաստանում, առանց Սերժ Սարգսյանի ցանկության չէին կատարվի՝ դա միանշանակ է:

2018-03-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...