ՀՅԴ-ն առաջարկում է, որ յուրաքանչյուր խմբակցություն յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախագծի նպատակն է, որպեսզի խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում ունենա առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք: «Եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ»,-ասաց նա: Ըստ Ռուստամյանի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանում ներկայացված խմբակցությունների անդամների քանակը կարող է բավարար չլինել բոլոր հանձնաժողովներում ներկայացվածություն ապահովելու համար: Իսկ խմբակցությունները իրենց վերապահված պարտականությունները պատշաճ կերպով իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներգրաված լինեն բոլոր մշտական հանձնաժողովների աշխատանքներում: «Սակայն «Ազգային ժողովի կանոնակարգ» գործող սահմանադրական օրենքը սահմանափակում է այդ հնարավորությունը, քանի որ փոքրաթիվ խմբակցությունները, հինգ մշտական հանձնաժողովից ավելի լինելու դեպքում, չեն կարող բոլոր հանձնաժողովներում ներգրավվածություն ունենալ»,-ասաց նա: Ելույթից հետո Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հիմնական զեկուցող ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե նման նախագիծ առաջարկելով` ինչպես են պատկերացնում ապահովել նույն պատգամավորի մասնակցությունը միաժամանակ երկու հանձնաժողովներին: «Անհրաժեշտությունը քննարկենք քաղաքական և իրավական տեսակետից, ընդունենք` փոփոխությունը մտցրինք, բայց համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացնելու, այլ հոդվածների փոփոխություն: Սա միակը չէ, այլ կարգավորումներ կան, պատկերացրեք հանեցինք սահմանափակումը, մի պատգամավորը լինելով նաև այլ հանձնաժողովի կազմում՝ ֆորմալ պարտավորություն չի ունենա մյուս հանձնաժողովների նիստերին մասնակցել»,-ասաց նա: Արմեն Ռուստամյանը նշեց, թե փորձն ունեն. «Նախորդ գումարման ժամանակ դա եղել է: Եթե նիստերը եղել են միաժամանակ՝ պատգամավորը պարտավոր է ցույց տալ, որ որևէ նիստի մասնակցել է: Եթե նիստերն իրար վրա են ընկել, պատգամավորը պարտավոր է մեկ նիստի մասնակցել, եթե չի ընկել՝ պատգամավորը պարտավոր երկու տեղն էլ մասնակցել»,-ասաց նա և հավելեց, թե տեխնիկական առումով լուծվող խնդիր է: «Չեմ ասում՝ ինչ բերել եմ՝ անփոփոխելի է, քարի վրա գրված բան է, ես պատրաստ եմ քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկություն»,-ասաց նա: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ նախագիծը քննարկել են, կարևորել, որ բոլոր խմբակցությունների մասնակցությունը մեկից ավելի հանձնաժողովներում Սահմանադրությանը չի հակասում: «Բայց մի բաց ունեցանք՝ խոսքը վերաբերում է նրան, որ ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունեցող ուժը համամասնորեն պետք է ունենա ավելի շատ անդամներ հանձնաժողովներում»,-ասաց նա և հավելեց, թե հանձնաժողովներում համամասնությունը խախտելու վտանգ կարող է առաջանալ: «Այս քննարկումը չավարտվեց և հասկացանք՝ այդպիսի մեխանիզմ դնելու համար, որ բոլոր ուժերը ներկայացված լինել, պետք է այլ մեծ նախագիծ կազմել՝ մի շարք այլ լուծումներ ներառող»,-ասաց նա: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ողջունելի է, որ խմբակցությունը ցանկանում է լիարժեք մասնակցել ԱԺ աշխատանքին, բայց ինչու չենք ուզում ընդունել այն փաստը, որ ցանկացած այլ խմբակցության մասնակցությունը հանձնաժողովների նիստերին որոշված է այն քանակով, որքան տեղ է զբաղեցնում ԱԺ-ում»,-ասաց նա: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, թե ինչպես են աշխատել 5-րդ գումարման ԱԺ-ում: Նա նշեց, որ ինքն ամենաակտիվ պատգամավորն էր, երեք հանձնաժողովում էլ աշխատել է, եթե նույն ժամի են եղել, անպայման մեկին պետք է մասնակցեր իր որոշմամբ: Ինչ վերաբերում է համամասնության խախտմանը, ապա ասաց, որ չի խախտվում: «ՀՀԿ-ն այնքան մանդատ է ստացել, ժողովուրդն այնքան ձայն է տվել ՀՀԿ-ին, որ անարգել կարող են աշխատել: Փոքրաթիվ խմբակցություններն իրենց գիտելիքները կօգտագործեն: Մենք կողմ ենք այս կարգավորմանը, որևէ հակասություն չկա, և պետք է այս առաջարկությունը տարածվի նաև «Ելք»-ի վրա, որովհետև «Ելք»-ն էլ փոքրաթիվ է: ՀՀԿ-ի իրավունքները չեն կարող ոտնահարվել, իսկ մերը ոտնահարվում է»,-ասաց նա: Գևորգ Կոստանյանը նկատեց, թե պատգամավորները նիստերին կարող են անարգել մասնակցել՝ առանց հանձնաժողովի անդամ լինելու և բերեց Արտակ Զեյնալյանի օրինակը, ով պարտաճանաչ իրենց հանձնաժողովի նիստերին մասնակցում է՝ անդամ չլինելով: «Բոլորս ֆիքսում ենք՝ ունենք խնդիր, որն էլ ունի տրամաբանություն և լուծման անհրաժեշտություն, բայց մի հոդվածի փոփոխությունն ավելի շատ խնդիր է առաջացնելու, հետևաբար առաջարկում եմ քննարկումը հետաձգել: Ֆորմալ գործընթացը կլինի, հետ կանչեք, հետո լրացնենք, բոլորս էլ աշխատենք, կոնցեպտուալ լուծում տանք և գնանք առաջ»,-ասաց Կոստանյանը՝ շեշտելով, թե ոչ ոք չի ուզում բացասական եզրակացություն տալ: Արմեն Ռուստամյանը հակադարձեց, թե պետք չէ Զեյնալյանի օրինակը բերել, ով թեև քննարկումներին մասնակցում է, բայց իրավունք չունի քվեարկելու: «Երեկվա պատգամավոր չեմ»,-ասաց նա և հիշեցրեց՝ օրեր առաջ Կրթության հանձնաժողովում կարևոր հարց էր քննարկվում, ՀՅԴ-ն կարևոր առաջարկություն է ներկայացրել, բայց քանի որ անդամ չունի, քվեարկությանը չի մասնակցել, և մեկ ձայնի պատճառով առաջարկը չի անցել: «Հետ վերցնեմ, որ ի՞նչ անեմ, ուզում եք մերժել՝ մերժեք»,-ասաց նա: Կոստանյանը համոզեց. «Առաջարկում ենք ընդամենը հետաձգել, տարեք լրամշակեք կոմպլեքս լուծման հարակից հարցերը, նորից դնենք շրջանառության»: Ռուստամյանը օրակարգից հարցը հանելու առաջարկին չհամաձայնեց: Պայմանավորվեցին լրամշակել և նոր ուղարկել:

2018-03-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...