ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր. համագործակցություն և կայունություն Հարավային Կովկասում» թեմայով զեկույցը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի զեկույցը ՀՀ ԱԺ արտաքին հարբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին կապերի և Եվրոպական միության հետ հարցերի կոմիտեի համատեղ նիստին Հարգելի՛ գործընկերներ, Այս թեմային առնչվող ակտուալ գլխավոր շեշտադրումներն առանձնացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ ներկայացնել տարածաշրջանային անվտանգության բնութագիրը և նրա վրա ազդող հիմնական գործոնները: Անվտանգության բնութագրիչներն ու գործոնները ենթարկվում են պերմանենտ փոփոխությունների՝ կապված տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված ունիվերսալ գործիքակազմի կիրառելիության չափից և էական ազդեցություն ունեցող միջազգային սուբյեկտների ակտիվությունից ու նրանց միջև առկա փոխհարաբերությունների բնույթից: Տարածաշրջանային անվտանգության նորօրյա մարտահրավերները պայմանավորված են այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական վերանայումների և վերադասավորումների հետևանքով անվտանգության ու կայունության նոր սպառնալիքներ են առաջացել: Ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը գլոբալ խաղաղությունն ապահովող աշխարհակարգը համընդհանուր արժեքների, նորմերի և ստանդարտների հիման վրա պահպանելուն կոչված միջազգային կառույցների և մեխանիզմների անարդյունավետությունն ու հաճախ անգործությունն է: Սրա հետևանքը սառը պատերազմի ժամանակաշրջանի նորօրյա կրկնությունն է, իրեն հատուկ հակամարտող ուժային կենտրոնների ստեղծմամբ: Այս իրավիճակը տարբեր երկրներին ստիպում է, սեփական կենսական շահերից ելնելով, վերադասավորվել գերտերությունների ձևավորած ուժային կենտրոնների շուրջ: Այս գլոբալ երևույթը իր կոնկրետ դրսևորումը չէր կարող չունենալ աշխարհաքաղաքական առումով այնպիսի կարևորագույն տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, որտեղ բախվում են տարբեր երկրների բազմաթիվ շահեր ու ռազմավարական նպատակներ: Հենց այս տարածաշրջանում է ակնհայտ դրսևորվում խաղաղությունը պահպանելուն կոչված ամենագլխավոր սկզբունքի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ամենօրյա ոտնահարման նկատմամբ միջազգային հանրության անտարբերությունը: Եթե այս հիմնարար սկզբունքը և վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու երկրների հանձնառությունը չի պահպանվում, խոսել այլ արժեքների և նորմերի պահպանման մասին անիմաստ է, քանի որ չի կարելի այլևս սեփական անվտանգությունը երաշխավորել գոյություն չունեցող համընդհանուր անվտանգության համակարգի միջոցով: Սա է մղում երկրներին ինքնուրույն հոգալ սեփական անվտանգության հետ կապված խնդիրները, ինչի հետևանքները արդեն ակնառու դրսևորվում են նոր թափ ստացած սպառազինությունների մրցավազքում: Ավելին, դրա հետևանքներից են նաև այն ճգնաժամային դրսևորումները, որ նկատվում են միջազգային անվտանգությունն ապահովելուն կոչված կարևորագույն կառույցներում, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն կամ ԵԱՀԿ-ն: Բավական է նշել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ այդ կառույցի ներսում պարբերաբար հենց միասնական անվտանգության ապահովման տեսանկյունից առաջացող խնդիրները: Այստեղ տեղին է հիշեցնել, թե ինչից սկսվեց Ադրբեջանի ռազմականացումը: Ադրբեջանը սկսեց և բացահայտ կերպով շարունակեց խախտել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, 2011թ. Վիեննայի փաստաթուղթը, որով ստուգվում է ստանձնած պարտավորությունների կատարումը, ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական վարքի կանոնակարգը, ռազմական տեղեկատվության համընդհանուր փոխանակման մասին փաստաթուղթը և այլն, որ ԵԱՀԿ առաքելության համար ունեն հիմնարար նշանակություն: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները մեծապես կախված են նրանում գերտերությունների և այլ միջազգային սուբյեկտների ակտիվությունից և հետապնդած կոնկրետ շահերից: Այդ իմաստով, տարածաշրջանային անվտանգության վրա առավել անմիջական ազդեցություն ունեցող կողմերի ներգործությունը կարելի է գնահատել՝ հիմնվելով տարածաշրջանային երկրներ+3+2 բանաձևի վրա, որտեղ հարավկովկասյան տարածաշրջանի անմիջական հարևան երեք երկրներն են՝ ՌԴ, Իրան և Թուրքիա, իսկ 2-ից մեկը ԵՄ-ն է, մյուսը՝ ԱՄՆ-ը: Այս ձևաչափի մեջ, որպես նույն կողմում գտնվող և նույն ռազմավարական շահերով առաջնորդվող երկրներ, առանձնանում է Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմը: Չափազանցություն չի լինի պնդել, որ հենց այս տանդեմն է, որ խափանում է ոչ միայն միջազգային կառույցների գոյության իսկ տրամաբանությունից բխող բարի դրացիության, համագործակցության ու կայունության նպատակներին ուղղված բոլոր ծրագրերը, այլև բացահայտորեն վարում է եղած խնդիրներն ու տարաձայնությունները ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով լուծելու ռազմատենչ ու սադրիչ քաղաքականություն: Առավելապաշտական և ծավալապաշտպական իր ռազմավարությամբ այս տանդեմն ի չիք է դարձնում խաղաղ բանակցությունների միջոցով առկա հակամարտությունը կարգավորելու հեռանկարը, վարում է տարածաշրջանը բաժանարար գծերով տրոհելու և հատկապես Հայաստանի դեմ ռազմաքաղաքական դաշինքներ ձևավորելու պառակտիչ քաղաքականություն: Բավական է հիշատակել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու միջազգային գործընթացի տապալումը՝ Թուրքիայի իշխանությունների ժառանգական հակահայկականության պատճառով, որով, ըստ էության, Թուրքիան իր՝ «զրո խնդիրներ հարևանների հետ» ծրագիրը հաջողությամբ վերածեց «զրո հարևան՝ առանց խնդիրների» վիճակի: Նույնը Ադրբեջանը, որ խափանելով հրադադարի ռեժիմը վերահսկող սարքերի տեղադրումը շփման գծի երկայնքով, սպառազինելով և պարբերաբար դիմելով պատերազմական գործողությունների, ըստ էության հրաժարվում է հակամարտության խաղաղ կարգավորումից և միջազգայնորեն ընդունված բանակցային ձևաչափից: Ադրբեջանում պետք է վերջապես հասկանան, որ ցանկությունը վերադարձնել Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, նույնն է, որ ձգտես վերականգնել ԽՍՀՄ-ը կամ վերակենդանացնել Ստալինին: Այսպիսով, Էրդողան-Ալիև թուրք-ադրբեջանական տանդեմը, առաջնորդվելով նեոօսմանիզմի ռազմավարությամբ, այսօր հանդիսանում է ամենագլխավոր սպառնալիքը հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար:

2018-03-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...