Մեզ համար զարմանալի չէ, որ նման առաջադրում կարող է լինել. Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու առաջադրելու շուրջ քննարկումներ չկան: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Tert.am-ին նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի մասին, որտեղ վերջինս ասել է, որ եթե կուսակցությունը որոշի առաջադրվել իր թեկնածությունը վարչապետի պաշտոնում, ապա դա կլինի իր կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ հատկացնի երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Ռուստամյանը նշեց, որ իրենց համար անսպասելի չէ, որ հենց Սերժ Սարգսյանի թեկնածությունն էլ առաջադրեն: Պատգամավորը հորդորեց մի փոքր էլ սպասել՝ նշելով, որ մոտ ժամանակներս այդ հարցին լուծում կտրվի, որովհետև մոտենում են վարչապետ առաջադրելու վերջնաժամկետները: «Մենք չենք բացառել՝ անկախ նրանից, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի հավակնում դառնալ վարչապետ, որ ի վերջո իրավիճակ է փոխվում, ժամանակ է անցնում և նա կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Մենք սահմանադրական փոփոխություններն էլ չենք պայմանավորել սրանով, «այո» ենք ասել անկախ նրանից՝ կդառնա՞ նա վարչապետ, թե ոչ»,- նշեց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորն ասաց, որ Հայաստանը միանձնյա ղեկավար չունի: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է, Ռուստամյանն ասաց, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց նա ունի հսկայական փորձառություն, 10 տարի է ղեկավարում է երկիրը, դերակատար է և դրական է, որ Սերժ Սարգսյանն ուզում է այդ փորձը փոխանցել հաջորդ սերունդներին: «Սահմանադրական փոփոխություններն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող տեղի ունենալ: Եթե նա չհամաձայներ, դրանք տեղի չէին ունենա: Այդքանը համարում ենք բավարար, որ հարգենք նրա անձը»,- ասաց նա: Ռուստամյանն անհրաժեշտություն որակեց Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ վերջինս իր փորձում պետք է կրթի երիտասարդ քաղաքական լիդերներին։ «Սերժ Սարգսյանն ունի հսկայական փորձառություն, դա որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Սա մեծ փորձառություն է ենթադրում։ Ես դրական եմ համարում, որ Սերժ Սարգսյանը համարում է իր թիվ մեկ գործը՝ այդ փորձը հաջորդ սերունդներին փոխանցելը։ Եթե որևէ մեկին թվում է, որ նոր մեկը կգա՝ անկախ իր ունեցած գիտելիքներից և ունակություններից ու լուրջ խնդիրների առջև չի կանգնի, ապա նա չարաչար սխալվում է։ Փորձը շատ մեծ նշանակություն ունի այս պրոցեսների մեջ», - նշեց նա։ Դիտարկմանը, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն հանդես էր գալիս «Նոր, ավելի արդար Հայաստան» կարգախոսով, արդյոք հենց նման Հայաստա՞ն էր ուզում Դաշնակցությունը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ արդարությունը դեռ չի հաստատվել, բայց արդարության հաստատման սկիզբը դրվել է: «Մի ժամանակ քննարկվում էին տարբեր տեսակետներ: Անգամ համարում էին, որ Սերժ Սարգսյանը որևէ կարգավիճակով էլ մնա, դա սպառնալիք է երկրի ապագայի համար: Եթե հիշում եք, անգամ խոսում էին, կուսակցության ղեկավար մնա, թե չմնա: Քիչ էր մնում զրկեին քաղաքացիությունից: Այդ ծայրահեղությունները մեզ համար անընդունելի են: Դրվել է փոփոխությունների սկիզբը: Ամեն ինչ պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: Կտեսնեք, որ Եվրոպայում էլ ողջունում են փոփոխությունները, որ Հայաստանում դրվել են, որոնք հիմք են ժողովրդավարական մեխանիզմների ամրագրման, իրավական պետության, մարդու իրավունքների հարգման»: Լրագրողների դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին արտագաղթի ծավալները ահագնացել են, արտաքին պարտքը մեծացել է, տնտեսական առաջխաղացում չկա, Արմեն Ռուստամյանը չհամաձայնեց. «Ես տանձից եմ խոսում, դուք գանձից, կամ հակառակը: Վարչապետով չէ հարցը որոշվում: Մեր հույսը անձինք չեն, համակարգն է: Դուք չեք տեսնում, որ խնդիրը համակարգն է, որը ծնվել է 95թ.-ին: Այն ժամանակ, երբ փոխվեց խորհրդային գերագույն խորհուրդը, կառավարման նախագահական համակարգ ընտրվեց: Այդտեղից ծռվեց երկիրը»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-03-20

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
ՀՅԴ-ն խորհրդարանական բոլոր ուժերին առաջարկում է ընդհանուր սեղանի...
Ստանձնել ենք Հայաստանի և հայության բարեկեցիկ, ազատ ու արդար ապագան...
Երբ ժամանակը գա (Տեսանյութ)
Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի...
Այլ...