Խորհրդարանական ճեպազրույց

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ տեղի է ունեցել ՀՅԴ հերթական Գերագույն ժողովը, որը երկու տարին մեկ է գումարվում: Նա նշեց, որ քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը: «Ընտրվել է նոր Գերագույն մարմին, որը կազմված է 9 անդամից: Նոր ԳՄ-ն երեկ գումարել է անդրանիկ նիստը և ԳՄ ներկայացուցիչ ընտրել Արսեն Համբարձումյանին»,- հայտնեց պատգամավորը: Վարդանյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստով, կարծես, ավարտին հասցվեցին օրենսդրական այն բոլոր կարգավորումները, որոնցով կկատարվի անցումը կիսանախագահականից խորհրդարանական համակարգի: Պատգամավորը խոսեց նաև ՀՅԴ-ի առաջարկի մասին, որ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի վեց անդամներից մեկին առաջադրի խորհրդարանական ընդդիմությունը: «Մենք և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն եղած ժամանակ միշտ պահանջել ենք, որ ընդդիմությունը տարբեր տեղերում ներկայացվածություն ունենա: Երկար քննարկումներ ունեցանք: Ի վերջո, կառավարությունը մեր առաջարկը չընդունեց: Զարմանալիորեն միայն մենք ձեռնապահ քվեարկեցինք այս առաջարկին, իսկ երկու ընդդիմադիրները կողմ կքվեարկեցին»,- նշեց նա: Հարցին` ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերվում այն ուժերին, որոնք փողոցային պայքար են սկսել կամ պատրաստվում են սկսել, Վարդանյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է որոշում իր պայքարի ձևերը: Սակայն նա անձնավորված պայքարին չի հավատում, հավատում է համակարգային փոփոխություններին: «Ես ոչ միայն Հայաստանում նման պայքարի արդյունավետության հիմքը չեմ տեսնում, այլ նաև ռեսուրսը չեմ տեսնում: Ամեն մեկը յուրովի է պատկերացնում իր պայքարը: Կապրենք, կտեսնենք: Բոլոր դեպքերում` ամեն մեկն իր պայքարը յուրովի է տեսնում»,- ընդգծեց նա: Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 9-17-ը իշխանությունը փողոցում «քցած է» լինելու և մնում է գնալ ու վերցնել, Վարդանյանն ասաց. «Թող փորձեն վերցնել, ի՞նչ ասեմ: Ի՞նչ գիտեն, թե որ փողոցում է, գուցե գնան այն փողոցը, որտեղ ընկած չի լինի, փնտրեն ու չգտնեն»: Նա նշեց, որ այս բարեփոխումների, անցման փուլում ծայրահեղության, հակասահմանադրական պայքարի յուրաքանչյուր փորձ դատապարտելի է իրենց կողմից: «Երկրում չի կարող լինել փոփոխություն զինված պայքարով ու արյունով: Բոլոր այն ուժերը, որոնք սրա կողմնակից են, մարգինալ են մնալու: Այդ ուժերը, բացի սահմանափակ թվով ու վիրտուալ աշխարհի համախոհներից, լայն տարածում չունեն: 2016 թվականին ապրիլյան քառօրյայից հետո, երբ զարմանալիորեն բոլորի համար մեծ համախմբում էր կարևորագույն ազգային պետական հարցի շուրջ` Հայաստանում, Սփյուռքում, ամեն տեղ, և դա կարող էր նոր փուլ, նոր զարգացումների բերել, հանկարծ այդ ալիքի վրա մենք երեք ամիս հետո ունենում ենք ծայրահեղականության բացառիկ դրսևորում: Ծայրահեղականությունը դատապարտելի է ցանկացած պարագայում»,- ընդգծեց պատգամավորը: Անդրադառնալով քաղաքապետարանում և կառավարությունում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին` նա նշեց, որ միակ վատ բանն այն է, որ մենք ունեինք այդ ձևաչափը, հիմա չունենք: «Եթե այս երկու-երեք տարիների ընթացքում տեսած լինեինք, որ լրագրողները հետևում են կառավարության նիստին, և նրանց հոդվածներն իսկապես բխում են քննարկվող հարցերի բովանդակությունից, ապա հասկանալի կլիներ, բայց ունենք մի բան, որ հիմա չունենք, և բնական է, որ արձագանքը բացասական է: Էական փոփոխություն չկա` դահլիճի՞ց են հետևում նիստերին, թե՞ այլ սենյակից»,- ասաց Աղվան Վարդանյանը:

2018-03-26

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...