Արմենուհի Կյուրեղյանի հարցը Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղղեց հետևյալ հարցը: «2017թ-ի սեպտեմբերին Երևանում կայացած Հայաստան - Սփյուռք համաժողովում ունեցած Ձեր ելույթում Դուք բարձրաձայնեցիք մեր երկրում ժողովրդագրական միտումների վերաբերյալ Ձեր մտահոգությունը և հայտարարեցիք, որ Հայաստանը 2040թ-ին ունենալու է առնվազն 4 մլն. բնակիչ: Դա ենթադրում է ծնելիության մակարդակի ավելացում, մահացածության մակարդակի նվազեվում, արտագաղթի մեղմում, և իհարկե, ըստ ինձ ամենակարևորը, դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռք բերում, սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների, գործարարների հայրենադարձությանը օժանդակություն: Ինձ համար այդ հայտարարությունը շատ հավակնոտ, բայց միաժամանակ ցանկալի ու իրատեսական է, եթե իհարկե, մշակվի համապատասխան ծրագիր: Նման արդյունքներ արձանագրել տարբեր ոլորտներում իրականացվող այսօրվա քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթության և գիտության ոլորտներին տրամադրվող բյուջետային հատկացումների ամենամյա նվազեցման պրակտիկայով, առողջապահության ոլորտը որպես բիզնես ոլորտ դիտարկելով և այլն, հնարավոր չէ: Չեք մտածում արդյոք, որ վաղուց արդեն ժամանակն է մշակել ու հաստատել ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ: Եթե ոչ, ինչու, եթե այո, ապա ինչ հայեցակարգային հիմնադրույթներ կառանձնացնեիք այդ ուղղությամբ»: Պատասխանելով հարցին՝ Սերժ Սարգսյանը ասաց, որ Հայաստանում մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ թե պարզապես հայտարարություն էր, որը հնչեց ամբիոնից, այլ իրատեսական հայտարարություն, որը ՀՀԿ-ն անպայման իրականացնելու է:Մենք արդեն ձեռնամուխ էինք եղել այդպիսի ծրագրի իրականացմանը: Դեռևս երրորդ նախագահի պաշտոնում ես մի քանի խորհրդակցություններ եմ ունեցել, և քանի որ այդ պաշտոնում թե՛ որպես երրորդ նախագահ և թե՛ որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար մենք նաև գծագրում էինք նոր կառավարության կառուցվածքը, այդտեղ համապատասխան ստորաբաժանում ենք նախատեսել, որպեսզի այն ամենօրյա ռեժիմով զբաղվի այդ խնդրով: Կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում կհաստատենք մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որտեղ ներառված կլինեն բազմաթիվ դրույթներ՝ նաև մինչև 2040 թվականն անցնելիք ճանապարհի մասին: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, որ հնչեց ամբիոնից, այլև իրատեսական հայտարարություն էր, որը մենք անպայման իրականացնելու ենք»: ՀՀ վարչապետի թեկնածուն հատկապես ընդգծեց, որ այդ հարցում նա ապավինում է ՀՅԴ օժանդակությանը, որովհետև ներգաղթի կազմակերպման պարագայում կուսակցությունը լավագույն օժանդակությունը կարող է ցուցաբերել: «Հասկանալով, որ, իհարկե, մենք չենք կարող միլիոնավոր մարդկանց համոզել գալ Հայաստան, բայց առնվազն հարյուր հազարներին կարող ենք համոզել, որովհետև նախ բոլորը չէ, որ Հայաստանից արտագաղթելով հասել են իրենց երազանքի իրականացմանը, և որոշակի տնտեսական պայմաններ ապահովելու պարագայում գոնե նրանք կսկսեն լրջորեն մտածել: Իսկ եթե մեզ հաջողվի նաև խաղաղ ճանապարհով լուծելու մեր անվտանգության խնդիրները, կարծում եմ, որ ներգաղթը կլինի շատ էական»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն: Նա չհամաձայնեց այն մտքին, որ կրճատվում են գիտությանն ու առողջապահությանը հատկացվող միջոցները: Հակառակը, Սարգսյանը շեշտեց, որ կրթության հնարավորություններն ավելանում են: «Հորիզոն 2020-ը միլիարդավոր եվրոներ ունի այդ նպատակին հասնելու, դրանից օգտվելու համար: Եթե գիտությունը դիտարկենք որպես սոցիալական խնդիր, կարծում եմ՝ շատ առաջ չենք գնա: Ես ակադեմիայում շատ երկար զրուցել եմ ղեկավարության, տարբեր մասնագետների հետ այս առումով: Մենք պետք է գնանք օպտիմալացման: Հայաստանում ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին: Դա, իհարկե, շատ դժվար լուծելի խնդիր է, բայց, կարծում եմ, կլուծենք՝ հատկապես, որ այս լսարանում հանգամանորեն քննարկեցինք բարձրագույն կրթության մասին օրենքը, որը սկիզբն է, հիմքն է Հայաստանում կրթության զարգացման»,- ասաց Սերժ Սարգսյանը:

2018-04-17

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...