Հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայատանում, Արցախում և Սփյուռքում (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը ՀՀ ԱԺ հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ***** Հարգելի խորհրդարան, Մեր դիրքորոշման նպատակը հստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայատանում, Արցախում և Սփյուռքում: Մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձություն է սա: Դեռևս Սերժ Սարգսյանի ընտրության ժամանակ մեր մտահոգությունները ասել էինք, որ պարտավոր ենք ապացուցել, որ այս նոր կառավարման համակարգով երկրում բան է փոխվելու, որ արատավոր բարքերը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ փոխել կարգերը ու օր առաջ հաստատել նոր կարգեր: Այո՛, պնդում էինք, որ հնից օր առաջ ազատվելու համար երկրում պետք է նոր կարգեր հաստատվեն: Հիշեցնում էինք, սակայն որ Աստվածաշունչը զգուշացնում է, որ նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, որովհետև նոր գինին կպատռի հին տիկերը: Այդպես էլ եղավ, բայց, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Հիմա ունենք նոր, ֆորս մաժորային իրավիճակ, որ անհապաղ լուծումներ է պահանջում: Սերժ Սարգսյանը իր հրաժարականով դրա համար դուռ բացեց և ապացուցեց, որ վարչապետի պաշտոնի ստանձնումը նեղ հատվածական շահ չէր հետապնդում, հիմա Հանրապետականի հերթն է ապացուցել, որ նեղ կուսակցական շահ չի հետապնդում և պատրաստ է գնալ խաղաղ հանգուցալուծման ճանապարհով: Այս պահին, շարժման առաջին փուլը, որ կարելի է բնորոշել որպես իրեն սպառած հինը մերժելու փուլ, որոշակի առումով կատարված է: Հիմա սկսել է ամենադժվարինը՝ արարման փուլը՝ այդ մերժման հիմքում ընկած պատճառների վերացման փուլը: Մենք պարտավոր ենք, անցյալի սխալները չկրկնելով, թույլ չտալ, որ համաժողովրդական զարթոնքի ներուժը մսխվի, ժողովուրդը հիասթափվի, այլ անենք ամեն ինչ, որ բոլորը, ամեն մի քաղաքացի զգա ժողովրդային շարժման բերած նոր շունչն ու ճաշակի դրա բարերար արդյունքները: Այս արարման փուլը հաջողելու գրավականը նախևառաջ արտաքին ուժերի միջամտությունը բացառելն է, Հայաստանի և Արցախի անվտանգությունը պահպանելը, հասարակությունը օտարների և յուրայինների չբաժանելը և ներազգային համերաշխության և բոլոր կողմերի համախոհության վրա հիմնված միասնաբար առաջ ընթանալն է: Սա պետք է լինի հաղթանակ, որի մեջ իրենց դերակատարությունն են բերում բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ խոսել և հաամաձայնեցրել ենք այս փուլի հետ կապված սկզբունքային և առաջնահերթ նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն հարցեր, որոնցից ես հատկապես ուզում եմ առանձնացնել հեևյալները՝ - Պետք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական այնպիսի գործընթաց, որը չի վտանգի մեր դիրքերն ու պաշտպանունակությունը ղարաբաղյան ճակատում: - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում այն սկզբունքներով, որոնց հիմքում ընկած է Արցախի ժողովրդի հանրաքվեով արդեն իսկ արտահայտված կամքը: - Ընտրական համակարգի բարեփոխում՝ տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացումով: - Խորհրդարանական կառավարման համակարգի հետագա զարգացում՝ ուղղված իշխանության լիարժեք ապակենտրոնացմանը: - Համազգային շահերից բխող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում և Հայոց Ցեղասպանության ճանաչման հետևողական գործընթաց: - ԵՄ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանականերում գործընկերային հարաբերությունների շարունակում: Սիրելի՛ հայրենակիցներ, Ոչ ոք դեմ չի կարող լինել ժողովրդի իշխանությունը հաստատելու նպատակին: Բայց դա խաղաղ և անցնցում կատարելը պահանջում է, որ այդ գործընթացը իրականացվի մտածված՝ բոլոր կողմերի ընդգրկմամբ և համախոհությամբ: Սա պետք է լինի բոլորիս սրբազան պարտքը, որ ի լուր աշխարհի կազդարարի մեր համազգային իմաստնության և հեռատեսության մասին, անխուսափելիորն կբարձրացնի Հայաստանի և հայության միջազգային հեղինակությունը: Մենք ունենք բացառիկ հնարավորություն չհակադրել ժողովրդավարությունն ու անվտանգությունը, այլ ճիշտ հակառակը ամրապնդել թե՛ մեկը, թե՛ մյուսը: Սա է այն նոր սկիզբը, որ մեզ կտանի դեպի մեր երազած արդար Հայաստանը: Իմաստնություն բոլորիս: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-05-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը`...
Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ»...
Առաջին հանրապետության 100-ամյակի հետ կապված ի՞նչ միջոցառումներ...
Պաթոսի վրա կատարված ընտրությունը տալու է ոչ լիարժեք պատկեր (Տեսանյութ)...
Այլ...