Մեր ժողովուրդը այլևս միակամ է պայքարելու արդար Հայաստան կառուցելու համար (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ***** Հարգելի խորհրդարան, Սիրելի հայ ժողովուրդ, Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում: Այսօր պատմական օր է մեր ժողովրդի համար: Մենք վարչապետ ենք ընտրելու: Ես անձը ի նկատի չունեմ: Մենք ընտրելու ենք վարչապետ, ով պետք է արդարացնի այս համազգային շարժմամաբ վերածնված մեր ժողովրդի հույսերը: Այսօր նաև մայիսի 1-ն է, որն իր շատ կարևոր խորհուրդն ունի: Այսօր աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Շնորհավորում եմ բոլորիս այդ oրվա կապակցությամբ և ցանկանում, որ մեր որոշմամբ այսօր արձանագրենք մեր ժողովրդի հաղթանակը: Մեր երկրի, և ինչու չէ, նաև ամբողջ աշխարհի համար իր նախադեպը չունեցող այս շարժումը մի շարք կարևոր ձեռքբերումներ արձանագրեց: Մենք ունենք հզոր երիտասարդություն, ընդ որում ընդգծում եմ, աղջիկներ և տղաներ հավասարապես, ովքեր իրենց կազմակերպվածությամբ, հանուն նպատակի գործելու կանոններ ձևակերպելու և դրանց հետևելու կարողությամբ, հմտություններով կարող են և պատրաստ են սարեր շուռ տալու: Մեր ժողովուրդը այլևս միակամ է պայքարելու արդար Հայաստան կառուցելու համար: Մեր ժողովուրդը, հույս ունեմ, իր մեջ կոտրեց այն արատավոր կարծրատիպը, թե իրենք ոչինչ չեն կարող փոխել իրենց ընտրությամբ, թե միևնույն է, ամեն ինչ կանխորոշված է և որ ընտրության ժամանակ իրենց ձայնը նշանակություն չունի: Այո, հայ ժողովուրդ: Այլևս Ձեր քվեն ուժ ունի, ես համոզված եմ: Հայաստանի բնակիչն այս օրվանից արդեն նաև քաղաքացի է և իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ այլևս պատրաստ է մասնակցելու իր իսկ կյանքի համար կայացվող որոշումների ընդունման գործընթացին: Ժողովուրդը հասկացել է, որ այսօրվա իրավիճակի համար պատասխանատու է նաև ինքը իր մեկ տարի առաջ կայացրած ընտրությամբ և պատրաստ է վերանայել իր մոտեցումները: Մեր ժողովուրդը սկսել է ժողովրդավարության մի կարևոր փուլ. Ներկայացուցչական ժողովրդավարությանը զուգահեռ ամրապնդվում է մասնակցային ժողովրդավարությունը: Այս ամենի գիտակցումով մենք այսօր ընտրելու ենք վարչապետ: Մենք, պատգամավորներս, իրավունք չունենք մեր սխալ ընտրությամբ հուսախաբ անելու մեր ժողովրդին՝ նրա զարթոնքի այս պահին: Բայց մենք իրավունք չունենք նաև հաշվի չառնել շատ իրողություններ, որ առկա են այսօր մեր երկրում: Իսկ կարևոր իրողություն է այն, որ այսօր մեր երկրում ունենք քաղաքական մենաշնորհ, ԱԺ-ում որոշում կայացնելու մենաշնորհ, որն իր հերթին ծնում է տնտեսական մենաշնորհ, որն էլ, ըստ ինձ, մեր երկրում տնտեսության զարգացման ցածր մակարդակի, կոռուպցիայի բարձր մակարդակի, սոցիալական արդարության պակասի, եթե ոչ բացակայության, և իհարկե, «մեր դեմ խաղ չկա» սկզբունքի գոյության ամենակարևոր պատճառներից է: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը տարիներ շարունակ, ներկայացնելով իր ծրագրերը, միշտ խոսել է այդ մասին և միշտ կարևորել է այն փաստը, որ պետք է երկիրն ազատել, կրկնում եմ՝ երկիրն ազատել քաղաքական և տնտեսական մենաշնորհային վիճակից, իսկ դրա համար որպես ճանապարհ տեսել է անցումը խորհրդարանական կառավարման համակարգին: Հիշենք, երևի թե Հայաստանում դեռևս չգերազանցված քաղաքական գործիչ, դաշնակցության առաջատար դեմքերից մեկի՝ Վահան Հովհաննիսյանի խոսքերը, երբ նա առաջադրվում էր ընտրություններում որպես նախագահի թեկնածու: Նա նշում էր, որ Հայաստանի համար ճիշտ ճանապարհը կառավարման խորհրդարանական համակարգն է: Նման փոփոխությունը ենթադրում էր սահմանադրության փոփոխություն, իսկ այդ ժամանակ գործող սահմանադրությունը կարող էր փոխվել միայն հանրաքվեով, որի իրականացման նախաձեռնությամբ կարող էր հանդես գալ միայն նախագահը կամ ԱԺ մեծամասնությունը: - Ես գալիս եմ ընտրվելու նախագահ, որպեսզի ընտրվելուց հետո հաջորդ օրը ձեռնամուխ լինեմ կառավարման համակարգը կիսանախագահականից խորհրդարանականին փոխելու գործընթացը, - ասել է Վահան Հովհաննիսյանը: Այսօր ունենք ամրագրված խորհրդարանական համակարգ, սակայն դեռևս չունենք դրան համապատասխան քաղաքական մեծամասնությունից ազատված լինելու իրավիճակ: Այդ ամենին հնարավոր է հասնել իրավական ճանապարհով, սահմանադրական ճանապարհով, բայց ողջամիտ ժամանակահատվածի մեջ: Հարգելի գործընկերներ, ունենանք այդ կամքը երկիրը հանելու այս ճգնաժամային իրավիճակից, սահմանդրությամբ նախատեսված մեխանիզմներով ընտրենք նոր վարչապետ, ով կձևավորի այնպիսի կառավարություն, որը կնախաձեռնի համապատասխան օրենսդրական փոփոխությունները և երկիրը կազատի թե քաղաքական, և թե տնտեսաական մենաշնորհներից: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-05-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...