Խղճով և համոզմունքով (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ***** Վերջին 2-3 օրերին ուշադիր հետևել եմ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ՝ այլևս զուսպ, հավասարակշռված հայտարարություններին: Ե՛վ հրապարակում, և՛ հարցազրույցներում, և՛ Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ հանդիպումներում: Արցախ, Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Իրան, Վրաստան. ոչ մի տարբերություն. նույնը, ինչ ասում ու փորձում էր իշխանությունը: Ներքին կյանքի կարգավորման հարցում. նվազագույն տարբերություն այն ամենից, ինչ ծրագրում, առաջնահերթ էր համարում քաղաքական կոալիցիան: Այո՛, տեմպերի խնդիր կար, ինչը մեզ էլ չէր գոհացնում: Եվ դեռ հարց է, մեծ հարց՝ Փաշինյանի վարչապետության դեպքում այդ տեմպերը մեզ, հանրությանը, հատկապես խանդավառ երիտասարդությանը բավարարելո՞ւ են: Մի քանի հնարավոր, ժամանակավոր ազդեցության քայլերը չհաշված: Մի խոսքով՝ տեսլականը, պատկերացումը, ծրագրային քայլերը շատ տարբեր չեն: Էական բացառությամբ: Այն էլ արդեն անշրջելի իրողություն է. պարոն Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Եվ եթե ամեն ինչ նույնն է կամ գրեթե նույնը, մնում է Փաշինյանի անձը, անձնային հատկանիշները և ժողովրդի ցանկությունը: Այո՛, անսահման դժվար է հոսանքին հակառակ գնալը: Թեև ժողովրդի վստահությունը վայելող այլ գործիչներ նույնպես տեսել ենք. նաև՝ տխուր վերջաբանով: Անձամբ ես բարձր եմ գնահատում Նիկոլի անձնազոհությունն ու վճռականությունը: Ես հավատում եմ նրա ձգտումների ազնվությանը: Այսօրվա ելույթը, հարցերի պատասխաններն էլ այդ են վկայում: Բայց ես երբեք անձերով չեմ առաջնորդվել, կուռքեր չեմ ընդունում: Ես վտանգի կանխազգացում ունեմ: Այս պայմաններում չեմ կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի, բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ ինձ առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով: Վստահ եղեք, ես առանց հիմքի ոչինչ չեմ ասում: Եվ եթե այդ ծալքերն ինձ համար պարզ չեն, չեմ էլ կարող բացառել, որ դրանք անդառնալի ողբերգական հետևանքներ չեն ունենալու իմ ժողովրդի, հրապարակի հրաշալի երիտասարդության, Արցախի, իմ պետականության համար: Ես ևս ժողովուրդ եմ: Ես ևս ոգևորված եմ այս շարժմամբ, այս անկախության սերնդով: Ուզում եմ՝ կուտակված հսկայական էներգիան ծառայի պետականության հզորացմանը: Հանկարծ նոր հուսախաբության, կորուստների դուռ չբացվի: Այս իրողությունից, այս հաստատումներից մեկնելով՝ ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել պարոն Փաշինյանին: Հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով ու համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը: Անկեղծ ասած, սա ընտրություն էլ չի: Ինձ երկու տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին, կամ Փաշինյանին: Ես չեմ քվեարկելու: Բայց սա հարցի մի կողմն է: Ես Դաշնակցական եմ, կուսակցություն, խմբակցություն եմ ներկայացնում, որ կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա: Եթե իմ կուսակցությունը պահանջի, պատրաստ եմ վայր դնել մանդատս: Եվ վերջինը՝ իմ փորձառությամբ, հոգևոր-մշակութային իմ կառույցով ես բոլոր կողմերից պահանջում եմ բացառել ցանկացած բռնություն ու բախում: Արյունը ոչ մեկին չի ներվելու: Բանակցություններով գտնենք լուծումներ, միասին կազմակերպենք արտահերթ՝ վստահելի ընտրություններ, երկիրը դուրս բերենք փակուղուց: Գիտակցե՛ք, սա ես ասում եմ հանրապետականին, անցյալին վերադարձ չի լինելու: Աստված տա՝ հնարավոր ողբերգության իմ կանխատեսումը իրականություն չդառնա: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-05-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում...
Սպարտակ Սեյրանյանը բարձրաձայնեց վտանգների մասին, որոնք կարող...
Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ....
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Այլ...