Հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ելույթը Ազգային ժողովի հատուկ նիստին՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ***** Հարգելի խորհրդարան, Սա մեզ համար ըստ էության նոր ընտրություն չէ, այլ վերաքվեարկություն: Այդ իսկ պատճառով մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով որևէ փոփոխություն չի կարող լինել: Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլ առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը, իհարկե, կարող էր տեղի ունենալ մեկ շաբաթ առաջ, բայց տեղի է ունենում մեկ շաբաթ ուշ, սակայն, ինչպես ասում է մեր ժողովուրդը, ուշ լինի՝ նուշ լինի: Հիմա այս ընտրությունը դարձել է հասունացած ու անհրաժեշտ: Չեմ ուզում կրկնել մեր նախկին հիմնավորումները: Ուզում եմ հիշեցնել շարժման ղեկավարներին մի հայտնի ճշմարտություն, որ իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսում է իշխանության գալով, նաև ավելացնել, որ հաղթանակ պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը: Սա է մեզ սովորեցնում հենց այսօրվա խորհուրդը: Մենք միասին էինք և ազատագրեցինք Շուշին, միասին պետք է մնանք, որ պահենք Շուշին հայկական և ոչ միայն Շուշին, այլև այսօրվա արդեն 42000 քառ. կմ դարձած նոր Հայաստանն ու Արցախը: Մայիսը եղել է հայության հաղթանակների ամիսը, թող այս նոր հաղթանակը դառնա շարունակությունը հայ ժողովրդի հաղթահարշավի: Հաղթահարշավ, որի բերկրանքը մշտապես թող ուղեկցի մեր ժողովրդին: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-05-08

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...