Կանայք կարող են, կանայք ուզում են և կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին ***** Սիրելի հայ ժողովուրդ, Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարության ամրապնդման կարևոր փուլ: Մենք անընդհատ խոսում ենք երկրում սոցիալական արդարության կայացման անհրաժեշտության մասին, բայց սոցիալական արդարության կայացում, մասնակցային ժողովրդավարության ամրապնդում հնարավոր չէ առանց որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց բավարար ներկայացվածության: Իսկ ինչ ունենք այսօր. Նախարարների, փոխնախարաների, մարզպետների ու փոխմարզպետների քաղաքների ու խոշոր համայնքերի ղեկավարների թվում, 40000 և ավելի բնակչությամբ համայնքերի ավագանիների կազմում կանայք համարյա ներկայացված չեն: Չպետք է մոռանանք, որ կանայք և տղամարդիկ տարբեր են, միևնույն հարցի վերաբերյալ տարբեր կերպ են մտածում, այլ մոտեցումներ ունեն: Եթե կանայք ներկայացված չեն որոշումների կայացման մակարդակներում, այդ ինչպես է հնարավոր նրանց այլ մոտեցումները քննարկվեն և հաշվի առնվեն: Ստացվում է, որ կանանց՝ հասարակության կեսից ավելիի, բարձրագույն կրթություն ունեցողների 60%-ից ավելիի կարծիքները անտեսվում են որոշումներ կայացնելիս, ստացվում է, որ որոշումները կյանքի են կոչվում ոչ լիարժեք փորձաքննություն անցնելով և դրա արդյունքում էլ ունենում ենք որոշումներ, որոնք շատ արագ փոփոխելու անհրաժեշտություն է ծնվում: Ես ողջունում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ անհրաժեշտ է ապահովել այնպիսի նպաստավոր պայմաններ, որոնք պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կդարձնեն առավել ընդգրկուն, կանանց հասարակական –քաղաքական գործունեությունը կդարձնեն առավել արդյունավետ: Ուզում եմ ընդգծել նաև ՀԿ սեկտորի լայնածավալ աշխատանքները հասարակության մեջ կնոջ դերի բարձրացման ուղղությամբ. Նախ, ընտրական օրենսգրքում այսօր արդեն ամրագրված մինչև 30% քվոտա, ինչպես նաև նրանց կողմից իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում՝ հասարակական-քաղաքական ակտիվության մակարդակի բարձրացում կանանց շրջանում: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գտնում է, որ Կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման բոլոր մակարդակներում այլևս անհրաժեշտություն է: Եվ մենք գտնում ենք, որ օրենսդրորեն պետք է ապահովել հասարակության կյանքի բոլոր ոլորտներում կանանց զուգակշռված ներկայացվածությանը նպաստող մեխանիզմներ, գտնում ենք, որ ԱԺ-ում պետք է քննարկել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց անբավարար ներկայացվածության հիմնախնդիրը, նշանակովի, հայեցողական պաշտոններում կանանց ներգրավվածության հնարավոր մեխանիզմների ներդրման հարցը: Մեր խմբակցությունը նախաձեռնում է ոչ ֆորմալ աշխատանքային խմբի ստեղծում, որի գործունեությունը միտված կլինի որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածության աստիճանի և արդյունավետության բարձրացմանը: Դիմում եմ Ազգային Ժողովի խմբակցություններում ընդգրկված կանանց, աջակցելու այդ նախաձեռնությանը և, վերլուծելով երկրում առկա կանանց հզոր ներուժը, առաջարկել կառավարման համակարգում այդ ներուժի ներգրավման հնարավոր ուղիներ: Եվ վերջում, իհարկե, ուզում եմ ընդգծել, որ կանանց այսօրվա հզոր ներուժը երկրի զարգացման, կյանքի որակի բարելավման ուղղությամբ չօգտագործելը ուղղակի շռայլություն է: Կանայք կարող են, կանայք ուզում են և կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը:

2018-05-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...