Մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին ***** Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է: Մայիսի 28-ով փաստագրվեց Հայոց առաջին անկախ հանրապետության ծնունդը, որը և կանխատեսեց հայ ժողովրդի ապագան: Ճիշտ է, որ Առաջին անկախ հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա գոյության փաստն արդեն ապացույց էր հայ ազգի ազատ ապրելու վճռականության: Այդ երկուսուկես տարիների ընթացքում արդեն կայացած պետությունն ունեցավ մեծ հաջողություններ: Դեռևս չդադարող պատերազմական պայմաններում հիմք դրվեց կրթական ու տնտեսական օջախների: Ստեղծվեց ազգային բանակ: Ի պատիվ Առաջին հանրապետության իշխանությունների, հայ ժողովրդի հոգեբանության մեջ փոխվեց ստրուկի, պարտվող մտայնությունը: Եվ ժողովուրդը սկսեց ապրել պետականություն ունեցողի ինքնավստահությամբ: Սրանք պատմական ճշմարտություններ են: Այս օրերին, երբ տոնում ենք Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակը, հավանաբար չարժե խոսել տարիներ շարունակ թույլ տրված պատմական այն խեղաթյուրումների մասին, որով արատավորվում է թե մեր հերոսական պայքարի ոգին, թե Անկախ հանրապետությունը կերտողների կերպարը: Չափազանցրած չեմ լինի ասելու, որ եթե չլիներ 1918 թվականը, եթե չունենայինք Սարդարապատի հերոսամարտը, ստիպված կլինեինք նստել ու սպասել, թե աշխարհի հզորներն ինչպես կվճռեն մեր դատը, <<տիրողներից>> ում խնամակալությանը կհանձնեին մեզ՝ հայերիս: Սակայն, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր թամաշայի էին կանգնել տեսնելու Հայաստանի անկումը, հանկարծակիի եկան. Հաղթեց հայի ոգին: Ավելին, մայիսյան հաղթանակը այդ նույն հզորներին ստիպեց հաշվի նստել հայոց պետականության հետ: 1918 թվականն ավելին է, քան ընկալում ենք մենք, քան մեր խոսքն է ու գնահատանքը: Մայիսի 28-ը ավելին է, քան պարզապես Առաջին անկախ պետության հռչակման օր: Պատմության այս լուսավոր էջը մեզ պարտավորեցնում է միասնական լինել հատկապես օրհասական օրերին: Առաջին հանրապետության տարեդարձը մեզ պիտի կրկին խորհելու առիթ տա, խոնարհումով հիշելու այն սերնդին, որ կերտեց դարասկզբի սարդարապատյան գոյամարտը: Թերևս ոչ ոք չէր կարող երևակայել այդ փառահեղ հաղթանակը: Չէ որ դեռ վերջ չէր տրվել 1915թ. սկիզբ առած Հայոց ցեղասպանության ծրագրին: Արևմտյան Հայաստանը հայաթափվել էր, ջլատվել էր հայության ուժը, իսկ թուրք ելուզակների ախորժակն ավելի էր բացվել, հատկապես Էրզրումի, Սարիղամիշի ու Կարսի հանձնումից հետո: Նրանք արնակալած աչքերով արդեն ուրվագծում էին Հայաստանի վերջը: Եղավ աներևակայելին… Հայ ժողովրդի հերոսական պայքարը 1918թ. Մայիսյան օրերին ոչ միայն խառնեց թուրքերի խաղաքարտերը, այլ ստիպեց ընդունել հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումը: Մեր մեծ գոյամարտում հաղթեց հայի կամքը, որը հետո պիտի դրսևորվեր նաև Արցախի գոյամարտում: Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան, այնուհետև Շուշին եկան ասելու, որ մենք պիտի լինենք: Ուրախալի փաստ է, որ Հայոց առաջին անկախ պետության ծննդյան օրվա՝ մայիսի 28-ի կողքին կա սեպտեմբերի 21-ը՝ Երկրորդ անկախ հանրապետության օրը: Այս խորհրդանշական օրերը հավաստումն են մեր ժողովրդի հարատևման ոգու՝ ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի կերտման պայքարի կամքի: Մայիսի 28-ը ավետիս է. Միշտ ունկնդիր մնանք այդ օրվա խորհրդին:

2018-05-22

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...