Մենք միասնաբար պարտավոր ենք հայ մարդու հավատը դարձնել լիարժեք (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ***** Հարգելի գործընկերներ, մեր երկիրը ապրում է քաղաքական գործընթացների մի նոր փուլ: Անկախությունից մինչ օրս ձևավորված քաղաքական, տնտեսական և հասարակական արդեն կայացած կառույցների կողքին, մենք այսօր քննարկելու ենք քաղաքական մի նոր ծրագիր, որը պիտի շոշափելի տեսլական փոխանցի այսօրվա հոգեբանության մեջ ապրող մեր ժողովրդին: Մենք միասնաբար պարտավոր ենք հայ մարդու հավատը դարձնել լիարժեք: Նա ոչ միայն պիտի լիահույս լինի իր և իր ընտանիքի վաղվա օրվա հանդեպ, այլ մասնակից դառնա իր ապագայի կերտմանը: Մեր պետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, ինչպես նաև սահմանադրության և իրական կյանքի ներդաշնակումը պահանջում են համայն հայության ուժերի կենտրոնացում ու արդյունավետ օգտագործում: Սա է դառնալու ապագա Հայաստանի զարգացման գրավականը: Այս ծրագիրն, իհարկե, անդրադարձել է այնպիսի կարևոր հիմնախնդիրների, որոնք հստակ պատկերացում են տալիս մեր սպասումներին, բայցևայնպես՝ ոչ լիարժեք խորությամբ: Ուստի ես հարկ եմ համարում անդրադառնալ երկու կարևոր ոլորտների. Ակնհայտ է, որ ներկա պայմաններում ժողովրդավարական խնդիրների լուծումը կապված է նաև հայրենադարձության հետ: Ակնհայտ է նաև, որ առանց հայրենադարձության ամբողջական հայեցակարգի, ծրագրերի, անհնար կլինի պատկերացում կազմել ապագայում ժողովրդագրական առաջընթացի բարելավման մասին: Հետևաբար, կառավարության ծրագրում, առնվազն հիմնադրույթների մակարդակում պետք է ամրագրվեն համապատասխան մոտեցումներ, որոնք հիմք կհանդիսանան ապագա գործունեության համար: Պետական աջակցությունն այս խնդրում պետք է լինի կայուն հիմքերի վրա՝ հստակ նպատակադրումներով և թիրախավորված կոնկրետ արդյունքներով: Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ տևական ժամանակ գտնվել է քննարկման փուլում՝ որպես առաջնահերթություն թե քաղաքական հարթակներում, թե փորձագիտական մակարադակով: Խոսքը վերաբերում է տարածքների համաչափ զարգացմանը: Սա ևս առանցքային խնդիր է սոցիալ-տնտեսական իմաստով և իր ազդեցությունն է թողնում ինչպես երկրի պոտենցիալի լիարժեք օգտագործման, այնպես էլ ներքին և արտաքին քաղաքականության տեսանկյունից: Սահմանամերձ բնակավայրերի և բարձր լեռնային բնակավայրերի առաջիկա զարգացման տեսլականը պետք է ձևակերպվի առնվազն այն չափով, որ հույս ներշնչի այդ տարածքների բնակչության կայունությանը՝ իրենց ապագան իրենց բնակավայրում տեսնելու, արտագաղթածներին տուն վերադարձնելու առումով: Համոզված եմ, որ այս երկու կարևորագույն ոլորտները անկախ կառավարության ժամանակավոր բնույթից և քաղաքական իրավիճակի փոփոխությունից պետք է համարվեն առաջնահերթություններ՝ երկրի զարգացման տեսանկյունից: Այսօր մեր երկրի անհամաչափ զարգացումն ազգային անվտանգության տեսանկյունից դիտվում է հրատապ, դատարկվող գյուղերը վերաբնակեցնելու համար հարկավոր է նախ լուծել գյուղացու ուսերին ծանրացած սոցիալական բեռը: Այդ նույն բնակավայրերում առանց աշխատատեղերի ստեղծման և արտոնյալ պայմանների տրամադրման, չենք կարող պատկերացում ունենալ ներգաղթի մասին ամենագեղեցիկ ծրագրեր անգամ ներկայացնելիս: Եթե մենք ամեն առիթով վկայակոչում ենք աղքատության ցուցանիշները և դարձյալ գործնական ոչինչ չենք անելու, հատկապես, վերոնշյալ բնակավայրերի բնակիչների համար, ևս մի քանի տարի հետո կունենանք ևս մի քանի դատարկված գյուղեր, որտեղ բնակեցման գաղափարը կդառնա միֆ: Ուստի նորից եմ կրկնում, ծրագիրը մեզ հավատ կներշնչի, եթե որոշակի ուրվագծվեն այն անելիքները, որոնք միտված կլինեն այս նպատակների իրագործմանը: Իսկ հավատն ամրագրվում է, երբ իշխանություններն իրենց գործունեության հիմքում դնում են ազգային մտածողությունը: Հայաստանի որևէ իշխանության քաղաքական հիմարար ծագիրն անկախ այն բանից, թե երբ է գրվում և որ ժամանակահատվածի համար է, պիտի խարսխվի երկու կարևորագույն առանցքների վրա՝ ազգային արժեքային համակարգ և հայ ազգի ներուժի օգտագործում: Քաղաքական այս ռազմավարությամբ է ուրվագծվում իշխանության գործունեության մարտավարությունը, որն էլ կանխորոշում է երկրի զարգացման իրատեսական ծրագրերի իրագործումը: Իշխանության մարտավարական քաղաքականության արդյունքները պիտի ներդաշնակվեն ռազմավարական ազդակներին և երբեք չպիտի ծառայեն իշխանության այս կամ այն հատվածին կամ քաղաքական որևէ ուժի: Միայն այս համատեքստում կարղ ենք արձանագրել, որ ազգային շահը և ազգային նպատակները ներդաշնակեցված են: Անկախ պետության իմաստը և արժեքը՝ հենց սա է: Ոչ երեկ, ոչ այսօր և ոչ էլ վաղը ազգային չի կարող համարվել այն պետությունը, որի ղեկավարները պետական քաղաքականությունը չեն խարսխում ազգային ռազմավարության հիմքի վրա: Միայն այս դեպքում մենք կունենանք զարգացում ապահովող գործելաոճ և կձերբազատվենք այն բոլոր արատներից, որնք մեզ հիասթափության առիթ են տվել: Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-06-07

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպես տեսնում եք՝ բոլորը գալիս-գնում են, Դաշնակցությունը մնում...
Սպարտակ Սեյրանյանը բարձրաձայնեց վտանգների մասին, որոնք կարող...
Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ....
Կողմ ենք ցանկացած համամասնական համակարգի. Արմեն Ռուստամյան
Այլ...