«Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքը հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը. Ռուստամյանը` կառավարության նիստում միջադեպի մասին (Տեսանյութ)

Բոլորս պետք է հարգանքով մոտենանք միմյանց տեսակետներին, մանավանդ` երբ տեսակետ է հայտնում ոչ միայն պարզապես նախարար Արծվիկ Մինասյանը, այլ նա պաշտպանում է ՀՅԴ-ի մոտեցումը, որը վաղուց ի վեր հայտնի է եղել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ երեկ կառավարությունը ուժի մեջ թողեց կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն ընկերվարական կուսակցություն է և առնվազն երեք պատճառով մերժում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը: «Մենք կողմ ենք սերունդների համերաշխության սզբունքին: Բացի այդ` սեփականության իրավունք գոյություն ունի, և սեփականության տնօրինողը սեփականատերն է: Պարտադրանքով ստիպել, որ իր եկամուտների մի մասն այս կամ այն կողմ ուղղի, նույնպես հակասում է մեր սկզբունքներին: Երրորդ պատճառն այն է, որ մենք չենք տեսնում, որ ժողովրդի սոցիալական վիճակն այն աստիճան է բավարարված, որ կան հավելյալ եկամուտներ, միջոցներ, որ անձը կարող է տրամադրել` թեկուզ ապագայում որոշակի ակնկալիքների համար: Մենք այսօրվա սոցիալական նվազագույն խնդիրները չենք լուծել: Աղքատության շեմն այսքան բարձր է, թեպետ իրականում երկու անգամ ավելի շատ է, քան պաշտոնական թիվը, բայց այդ պարագայում էլ ունենք հսկայական աղքատություն: Չհաղթահարելով սոցիալական խնդիրները` մարդուն ասել` այսօրվա հարցերդ թող, ապագայիդ մասին մտածի, սկզբունքորեն մեզ համար անընդունելի է: Ուստի մենք այս դիրքորոշումը պաշտպանել, պաշտպանում և կպաշտպանենք, որովհետև սա մեր հիմնարար գաղափարն է»,- շեշտեց Ռուստամյանը: Նրա խոսքով` կառավարությունը պետք է քննարկումներ անի, և ամեն մեկն իր տեսակետները կարող է հնչեցնել, բայց կառավարությունը նաև քաղաքական և կոլեգիալ մարմին է: «Կառավարությունը միանձնյա որոշումներով չէ, որ անպայման պետք է առաջ գնա, վատ չի ձգտել համախոհության, բայց եթե կան տարակարծություններ գլխավոր սկզբունքային հարցերի շուրջ, ոչ ոք չի կարող որևէ մեկին ստիպել, որ նա քվեարկի, որովհետև մեծամասնությունն այդպես է ուզում: Այդ մեթոդները մեզ հին ու բարի ժամանակներն են հիշեցնում, որը մեզ համար բացարձակապես անընդունելի են: Մենք երբեք կողմ չենք եղել պարտադրանքով համահավասարեցմանը և միաձայնացմանը: Դաշնակցությունն, իր սկզբունքներին հավատարիմ լինելով, այդ միաձայնության մեջ չկա»,- ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը: Դիտարկմանը` վարչապետը հասկացրեց` եթե մեզ հետ չեք, դեմ եք, Ռուստամյանն արձագանքեց. «Ես այդ գաղափարախոսությունը կտրականապես մերժում եմ. «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սա էլ հիշեցնում է ստալինյան ժամանակաշրջանը: Ի՞նչ է նշանակում` ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Մենք մեր սկզբունքների և մոտեցումների պաշտպանն ենք, և մենք, եթե որևէ դաշինքի, կոալիցիայի կամ որևէ համագործակցության մեջ մտնում ենք, մեր սկզբունքներից չենք հրաժարվում»: Ինչ վերաբերում է Մինասյանի կողմ քվեարկելուն, նա ասաց, որ ընդունում են` այն, ինչ կատարվել է քայլ առաջ է եղածի համեմատ: «Այո, քայլ առաջ է, բայց պարտադիր բաղադրիչը չի վերանում` 2,5 տոկոս կլինի, 5, թե 10 տոկոս: Պետք է պարտադիր բաղադրիչը վերանա: Եթե մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ արդեն ունենք վստահություն վայելող կառավարություն ու իշխանություն, ուրեմն ընդհանրապես պարտադրանքի խնդիր չկա: Եթե մարդիկ վստահում են, ուրեմն կամավոր կգնան և այդ վճարները կկատարեն ֆոնդերին»,- նշեց Ռուստամյանը: Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը բարեփոխելու և դեպի կամավորությունը գնալու խնդիր կա, եթե նման ծրագրված քայլ կատարվի, ապա իրենք դեմ չեն լինի միջանկյալ քայլ կատարելուն: «Բայց չի երևում` վերջապես հասնելո՞ւ ենք կամավորության, թե՞ ոչ: Ավելին` եկամտահարկի հետ կապված փոփոխություններ կատարելուց հետո, նորից վերադառնալու ենք հին վիճակին: Ըստ էության` հարցի լուծումը սկզբունքային առումով չի կատարվում` պարտադիրից հրաժարվո՞ւմ ենք, թե՞ ոչ: Մենք դրա համար Սահմանադրական դատարան ենք գնացել ու մեր մոտեցումները չենք կարող ու չենք պատրաստվում փոխել կոնյունկտուրայից կամ քաղաքական իրավիճակի փոփոխությունից ելնելով»,- նշեց Ռուստամյանը: Ինչ վերաբերում է Փաշինյանի այն մեղադրանքին, որ ՀՅԴ-ն պառակտություն է մտցնում կառավարության մեջ, Ռուստամյանն ասաց, որ այդպես հարցը սրելը ճիշտ չէ: «Այդ պարագայում պետք է ընդհանրապես վերացվի կառավարությունում քվեարկությունը, ինչի՞ ենք քվեարկություն կատարում, անիմաստ է, եթե պետք է բոլորս միասին լինենք, որ ցույց տանք` պառակտում չենք մտցնում: Ուրեմն հանենք այդ քվեարկությունը, բայց դա իմաստ ունի, չէ՞: Սահմանադրությունն էլ փոխվել է` այդ տրամաբանությունը ֆիքսելով` կա կառավարություն, և կառավարության մեջ ամեն մեկն այդ ոլորտում պատասխանատու է, իսկ վարչապետն էլ կառավարում ու համադրում է, այլ ոչ թե փոխարինում կառավարությունը»,- ասաց նա: Ռուստամյանը հավելեց. «Սուպերվարչապետությունից էինք խոսում, հիմա էլ խնդիր կա: Հարցերի հարցը պետք է լինի այն, որ վարչապետի լիազորությունները պակասեցնելու հստակ քայլեր կատարվեն, ինչի մասին մենք խոսել ենք»: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-06-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...