Եղածը քանդելու և փոխարենը որևէ գործուն մեխանիզմ չներկայացնելու մեթոդաբանությունը խիստ վտանգավոր է (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հայտարարությունը ***** Վերջին շրջանում ականատեսն ենք շատ մտահոգիչ ու հնարավոր հետևանքների իմաստով խիստ վտանգավոր իրողության: Համապարփակ և բազմաշերտ քարոզչություն է իրականացվում Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Ջավախքում, ավանդական և նոր Սփյուռքում գործող՝ համահայկական ընդգրկում ունեցող հոգևոր, քաղաքական, մշակութային, բարեգործական կառույցների, ինստիտուտների, կազմակերպությունների և հաստատությունների դեմ, որոնք, անշուշտ, բոլորին հայտնի են: Նախկինում բազմիցս դիտարկված այս գործընթացի ներկայիս առանձնահատկությունն այն է, որ փորձ է արվում այն նմանեցնել, նույնիսկ նույնականացնել Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական շարժման ձևերին, հռետորաբանությանը և պայքարի մեթոդներին՝ դրանով իսկ միտում ունենալով լեգիտիմացնել, հանրության աչքում արդարացնել այն, ավելին՝ ստանալ հանրության աջակցությունը: Անշուշտ, սակայն, այս ամենն ունի բոլորովին այլ նպատակադրումներ: Դրանք են` սերմանել անվստահություն համահայկական այս կառույցների հանդեպ, խոչընդոտել դրանց բնականոն գործունեությանը և որպես արդյունք՝ ազգային ավանդական կառույցներին դուրս մղել ազգային կյանքից: Եղածը քանդելու, փոխարենը որևէ գործուն մեխանիզմ չներկայացնելու այս մեթոդաբանությունը խիստ վտանգավորն է: Օգտվելով առարկայական և ենթակայական դժվարություններից, խնդիրներից, անհատական կամ խմբային շահախնդրությունների հետապնդման ճանապարհով փորձ է արվում խարխլել սերունդների ջանքերով ստեղծված կառույցներն ու թուլացնել նրանց ձեռքբերումների դերն ու նշանակությունը հայության կյանքում: Այս համապարփակ հակաքարոզչության երևացող թիրախներն անձինք են կամ առանձին խմբեր, սակայն քարոզչությունն ունի ինստիտուցիոնալ բնույթ. խաթարել այն, կրկնում եմ՝ համահայկական ընգրկում և տարածվածություն ունեցող կառույցների գործունեությունը, որոնք սերնդեսերունդ իրականացրել են կարևորագույն մեկ գործառույթ՝ ոչ միայն հայապահպանություն Սփյուռքում, ոչ միայն ի նպաստ Հայաստանի ու Արցախի գործունեություն տարբեր երկրների պետական, քաղաքական, հոգևոր, հասարակական, գիտակրթական, մշակութային միջավայրերում, այլև անփոխարինելի կամուրջ՝ մի կողմից ՀՀ քաղաքական, պետական, հոգևոր, գիտակրթական, մշակութային կառույցների ու հասարակական մյուս ինստիտուտների և մեր աշխարհասփյուռ հայության, մյուս կողմից՝ վերջիններիս միջոցով աշխարհի միջև: Ազգային կառույցների հանդեպ այս ապազգային միտում ունեցող հերթական քարոզարշավը նպատակ ունի նաև սահմանափակել դրանց ազդեցությունը երկրի և հասարակության կյանքում: Այս գործընթացը վտանգավոր է նաև մեր պետականության համար՝ հարափոփոխ, բազմաթիվ վտանգներով, մարտահրավերներով լի մեր ժամանակներում: Ուստի այս հակաքարոզչության դեմ անհրաժեշտ է միավորել ոչ միայն ազգային բոլոր կառույցներին, այլև ունենալ պետության աջակցությունն ու քաղաքական համապատասխան լուրջ խորքային քաղաքական ծրագրավորումը: Ծրագրավորում, որը ոչ միայն կչեզոքացնի այս վտանգավոր միտումները, այլև նոր բովանդակություն, նոր մեթոդաբանություն, նոր նշաձող ու լիցք կհաղորդի համահայկական ազգային կառույցներին՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի միտումներն ու Հայաստանի ու հայության առջև կանգնած նոր մարտահրավերները: Որովհետև համահայկական տարածում ունեցող ազգային կառույցները ունեն նաև կարևորագույն մեկ գործառույթ ևս՝ ամրապնդել մեր պետականությունը, բազմապատկել պետության կարողականությունը, համալրել Հայրենիք-Սփյուռք կապերը՝ իրենց փորձով, բովանդակային գործունեությամբ ու գաղափարախոսությամբ: Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-06-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...