ՀՅԴ-ն հաջորդ խորհրդարանում ավելի մեծ ներկայացվածություն է ունենալու

Parliament monitoring կայքէջի hարցազրույցը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հետ: -Խորհրդարանը քննարկում է նոր կառավարության ծրագիրը, որը քննադատների կարծիքով հիշեցնում է բաժակաճառ, բարի ցանկությունների մատյան: Ձեր կարծիքը ծրագրի մասին ո՞րն է: -Ծրագիրը կարդալիս հակասական մտքեր եմ ունեցել: Մենք սովոր ենք, որ ծրագիրը լինի չափելի՝ որոշակի չափանիշներով, կոնկրետ արդյունքներով, որպեսզի կարողանանք ինչ-որ ժամանակահատվածում գնահատել այն: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այս կառավարության առաջանահերթ խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն է: Այդ առումով գործողությունների ծրագիրը հստակ երևում է: Ինքս խնդիր եմ տեսել 5-րդ բաժնում, որտեղ խոսվում է երջանիկ քաղաքացու մասին: «Երջանիկ քաղաքացին» չսահմանված տերմին է: Ծրագրի մի կետ էլ խոստանում է «մարդու երջանկության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծում»: Դա, անկեղծ ասած, անհասկանալի է, որովհետև, մեկի երջանկությունը կարող է մյուսի դժբախտության պատճառը լինել, այն մյուսն էլ երջանիկ է յուրովի: Այստեղ կոնկրետություն չեմ տեսնում, և «երջանիկ քաղաքացին» ոչ ծրագրային տերմին է: Մշակույթին վերաբերող բաժնում էլ կա դրույթ՝ հետևողական քաղաքականությամբ մարդկանց մեջ հերթ կանգնելու մշակույթ ձևավորելու մասի, մինչդեռ ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք ծրագրային կետեր չեն և պետք է լինեն հետևանքներ: Ինչևէ, ժողովուրդը տվել է Փաշինյանին կառավարություն ձևավորելու վստահության քվե, և մեզնից պահանջվում է ընդունել այս ծրագիրը: -Այսինքն՝ կառավարության ծրագիրը Ձեր սրտով չէ, բայց Դուք պարտադրվա՞ծ եք այն ընդունել: -Ոչ, պարտադրվածի խնդիր չէ: Առաջնային նշանակության դրույթները իսկապես կարևոր են: Խոսվում է, օրինակ, ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անհրաժեշտության մասին, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, և մեկ տարի հետո հանրությունը կարող է գնահատել այդ ամենը արտահերթ ընտրություններում կայացված որոշումներով: Ես համոզված եմ, որ հանրային հավաքական մտածողությունը ճիշտ գնահատականներ է տալիս, իսկ մենք, որպես կառավարությունում ներկայացված կուսակցություն, պետք է աջակցենք, որ դրված ուղենիշները հստակեցվեն, դառնան գործողությունների պլան ու իրագործվեն: -Արտահերթ ընտրություններին ընդառաջ նոր կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում … -Այո, առանց դրանց արտահերթ ընտրությունները չեն բերի այն ցանկալի արդյունքը, որի համար այս պայքարը տեղի ունեցավ: -Դուք պնդո՞ւմ եք, որ պետք է ներդրվի 100% համամասնական ընտրակարգ: -Մենք վաղուց ենք դա ասել, 20 տարի շարունակ: Ի վերջո, խորհրդարանական համակարգի ձևավորման հիմքում նաև մեր պահանջն է: Հիմա քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները. թե ինչ ընդհանուր եզրահանգման կգան, չեմ կարող ասել: Համենայն դեպս, կլինեն փոփոխություններ, որոնք եթե չբերեն ցնի 100% համամասնական ընտրակարգի, գոնե կմոտեցնեն դրան: -Դուք մտավախություններ չունե՞ք, որ հաջորդ ընտրություններում Դաշնակցությունը հաջողության չի հասնի: -Բոլորովին: Խորհրդարանական համակարգը, որը հնարավոր դարձրեց այսօրվա զարգացումները, մեր հիմնական ծրագրային դրույթներից է: Ազգային ժողովում հայտնվելը ինքնանպատակ չէ. եթե մեր ծրագրերը կյանքի կոչվեն, ու ժողովուրդը որոշի, որ ՀՅԴ-ն չի լինելու Ազգային ժողովում, մենք ծանր ապրումներ չենք ունենա: Կարևորը՝ ժողովուրդը ապրի այնքան արժանապատիվ, որքան ինքն է ուզում: Ես առավել քան համոզված եմ, որ մենք ավելի մեծ տոկոսով ենք ներկայացված լինելու հաջորդ խորհրդարանում, քան այսօր: -Փորձագիտական գնահատականներով՝ ՀՅԴ-ն այլևս չունի հեղինակություն, որ կարողանա շատ քվեներ ստանալ: -Ամեն ընտրությունից առաջ տեղի-անտեղի, պատեհ-անպատեհ նման կարծիքներ հնչում են, բայց փաստ է, որ ՀՅԴ-ն ունի իր կայուն ձայները, և այսօր կա նաև աճի միտում: Դրանում կհամոզվեք: -Դաշնակցությունը պատրա՞ստ է արտահերթ ընտրություններին: -Եթե իրավիճակը պարտադրի, իհարկե, պետք է պատրաստ լինենք: -ՀՀԿ-ն Ազգային ժողովում այլևս մեծամասնություն չէ, և կառավարության նախագծերը, փաստորեն, առանց խոչընդոտի կընդունվե՞ն խորհրդարանում: -Դա միանշանակ չէ, քանի որ կան օրենքներ, օրինակ, Ընտրական օրենսգիրքը, որոնք փոփոխելու համար պահանջվում է 3/5-րդի կողմ ձայները, որոշ օրենքների համար էլ՝ 2/3-րդի ձայները: Այնպես որ, կառավարությունը կազմող ուժերի՝ խորհրդարանում պարզ մեծամասնություն ունենալը դեռ չի նշանակում, թե ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես նախատեսված է:

2018-06-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...