Արմենուհի Կյուրեղյանը բարձրաձայնեց Թեղուտի հանքավայրում առաջացած խնդիրների մասին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հարցը կառավարությանը ***** Հարգելի կառավարություն, Օրերս ընտրողների հետ իմ հերթական հանդիպումը Ալավերդում էր, որին մասնակցում էին նաև «Թեղուտ» ՓԲԸ նախկին, արդեն կրճատված աշխատակիցներ, Շնող համայնքի բբնակիչներ, կուսակցական ընկերներ, ովքեր բարձրացրեցին իրենց աշխատանքի հետ կապված լուրջ մտահոգություններ: Իսկ հունիսի 11-ին առավոտյան 06.30-ից բազմաթիվ շնողցիներ փակել էին «Թեղուտ» ընկերություն տանող ճանապարհը: Դաշնակցության Ալավերդու կառույցի մեր ընկերները հանդիպել են նրանց հետ և դիմել ինձ՝ իրենց և ցուցարարների աշխատանքի կրճատման հետ կապված խնդիրները բարձրաձայնելու պահանջով: Նրանք նշում են, որ Թեղուտ հանքավայրը շահագործելիս ընկերությունը տարածքի բնակիչներից էժան գներով գնել է հողերը՝ 50 տարվա աշխատանք ունենալու երաշխիքով, բայց բանավոր պայմանավորվածությամբ: Մարդիկ իրենց աշխատավարձի երաշխավորությամբ վարկեր են վերցրել բանկերից, բայց այսօր մոտ 1200 աշխատակիցների պայմանագրեր լուծարվել են և փաստացիորեն նրանք զրկվել են թե իրենց հողերը մշակելու և դրանով իրենց ապրուստը հոգալու հնարավորությունից, թե աշխատանքից և ունեն վարկային մեծ պարտավորություններ: Շատերն արդեն բանկերից հաղորդագրություններ են ստանում, որ եթե նրանց հաշվեհամարի վրա ևս մեկ ամիս գումար չնստի, ապա բանկը վարկային տոկոսադրույքները կբարձրացնի 4%-ով և արդյունքում ավելի մեծ տուգանքներ կառաջանան: Չնայած տարբեր հանդիպումների ժամանակ Թեղուտ ընկերության ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են հանքավայրի վերագործարկման , աշխատատեղերի վերաբացման հնարավորությունների մասին, սակայն նախկին աշխատակիցները խիստ մտահոգ են , քանի որ կա նաև տեղեկություն, թե ընկերությունը սկսել է սնանկ ճանաչվելու գործընթաց մի կողմից և մյուս կողմից էլ՝ բնապահպանական խնդիրները և մարդիկ գտնվում են անորոշության մեջ: Հարգելի կառավարություն, կարող եք արդյոք որևէ տեղեկատվություն հայտնել Թեղուտի հանքավայրի վերաբացման հնարավորությոն և ժամկետների մասին և երկրորդ հարց Հնարավոր է արդյոք միջոցներ ձեռնարկել այդ աշխատակիցների վարկային պարտավորությունների տոկոսների և տուգանքների սառեցման ուղղությամբ ՝ մինչև վերագործարկման հարցը լուծվի: Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ընդգծեց, որ Թեղուտի հանքավայրում առաջացած խնդիրները կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Ավինյանը նշեց, որ ինքը հանքավայրը շահագործող «Վալեքս» ընկերության կողմից սնանկ ճանաչվելու գործընթաց սկսելու մասին տեղեկատվության չի տիրապետում: «Անձամբ հանդիպել եմ «Վալեքս»-ի ներկայացուցիչների հետ, քաջատեղյակ եմ խնդրին, այս պահին իմ հանձնարարականով ստեղծվել է հանձնաժողով, որն այս հարցով զբաղվում է: «Վալեքս»-ն այս պահին ունի խնդիրներ: Հանձնաժողովն արդեն իսկ մյուս շաբաթ կանի իր առաջին նիստը, և ըստ քննարկված հարցերի, կարծում եմ` լուծումներն առաջ կգան»,- ասաց Ավինյանը: Կյուրեղյանը խնդրեց հարցերը քննարկելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ մարդիկ, ովքեր վարկեր ունեն, բանկերից նամակներ են ստացել, որ եթե առաջիկայում իրենց վարկային հաշիվներին գումարներ մուտք չարվեն, վարկերի տոկոսները կբարձրացնեն: «Նաև խոսակցություն է սկսվել, թե ընկերությունը սկսել է սնանկացման գործընթաց: Սա իրականությանը համապատասխանո՞ւմ է»,- հարցրեց նա: Ավինյանը պատասխանեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, ընկերությունն էլ նման հայտարարությամբ հանդես չի եկել: «Ես կարծում եմ, որ մեր հանձնաժողովի անդամները լսեցին այն մտահոգությունները, որոնք Դուք բարձրացրեցիք, և հաշվի կառնեն դրանք»,- ասաց փոխվարչապետը:

2018-06-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Խայտառակություն է ու ամոթ. Մ. Գրիգորյանը տանը ԱԱԾ խուզարկության...
Ինչո՞ւ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը բարեգործությունից...
Բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա
Գնում ենք կուտակային կենսաթոշակների մասին հարցը արդար և սահմանադրական...
Այլ...