ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունների անդամները հունիսի 18-ին հանդիպել են Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ, որը գլխավորում է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետեւել են վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, եւ այսօր այստեղ են՝ մոտիկից ծանոթանալու իրավիճակին, լսելու քաղաքական ուժերի տեսակետները հետագա զարգացումների, առաջիկա ծրագրերի վերաբերյալ: Դեյվիդ ՄըքԱլիսթերն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը սատարում է ժողովրդավարական գործընթացներին: Եվրոպացի խորհրդարանականները հետաքրքրվել են ՀՀ ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխություններով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետով, կուսակցություններին հատկացվող եթերաժամանակով, լուծման կարիք ունեցող գերակա հարցերով, ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ քաղաքական ուժերի կարծիքներով: Դեյվիդ ՄըքԱլիսթերը տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանը շահագրգռված է Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ եւ պատրաստակամ է հնարավորինս աջակցելու: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետներն ԼՂՀ հարցում միահամուռ են՝ հակամարտության կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, քանի որ նրա՝ բանակցություններին չմասնակցելը խաթարում է դրանց լիարժեքությունը: Արմեն Ռուստամյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծված նոր իրողությունները նպատակ ունեն մեծացնել ընտրությունների նկատմամբ հանրության վստահությունը, պայքարել կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ, կասեցնել արտագաղթը եւ խրախուսել հայրենադարձությունը:

2018-06-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...