Մարտի 1-ի ժամանակ արտակարգ դրության անհրաժեշտություն տեսել ենք. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Կենսաթոշակային համակարգի, արտահերթ ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: -Պարո՛ն Ռուստամյան, ՀՅԴ-ն զեկույց էր պատրաստել կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ նախկինում դա չէր արվում: -Մենք դրա մասին միշտ էլ բարձրաձայնել ենք: Այս անգամ պարզապես գրավոր ներկայացվում է ամբողջ պատմությունը, որը, կարծում եմ, շատ օգտակար է: Ամբողջական վերլուծությունն է այդ համակարգը ներդնելու հետ կապված, մեր անցած ամբողջ ճանապարհի, մեր մոտեցումների: Կարծում եմ` շատ օգտակար է. կարող է ծառայել թե՛ մասնագիտական վերլուծությունների, թե՛ քաղաքական դիրքորոշումները հստակեցնելու համար: -Այս թեմայով կառավարությունում իր տեսակետը հնչեցրեց նախարար Արծվիկ Մինասյանը, եւ բանավեճ ստացվեց վարչապետի հետ: Հիմա եթե ՀՅԴ-ն շարունակի պնդել իր տեսակետը, չե՞ք կարծում, որ կոնֆլիկտ կառաջանա գործող իշխանության եւ վարչապետի հետ: -Կոնֆլիկտը ոչ թե անձնական բնույթ պետք է ունենա, այլ գաղափարական, համոզումների խնդիրներ են: Մենք մեր սկզբունքները պաշտպանում ենք` անկախ նրանից, թե մենք այդ պահին մենք կառավարության մեջ ենք, թե կառավարությունից դուրս: Կուտակայինի հետ կապված մենք ունենք սկզբունքային դիրքորոշում, որը վաղուց արտահայտել ենք եւ Դեմ եմ շարժումը, ըստ էության, նախաձեռնեց գլխավոր առումով նաեւ ՀՅԴ-ն: Եվ մենք այդ մոտեցումներից չենք հրաժարվելու: Պետք է վերացվի պարտադիր բաղադրիչը: -Անկախ ամեն ինչից չե՞ք հրաժարվելու: -Անկախ ամեն ինչից չենք հրաժարվելու, որովհետեւ պարտադիր բաղադրիչը առաջացնում է հարցեր, որոնք մեզ համար սկզբունքային են: Այդ հարցը` պարտադիր բաղադրիչի պահպանման, եթե այս կամ այն կերպ տեղի կունենա, թեկուզ տոկոսներն էլ պակասեցվեն, միեւնույն է, հարցի լուծում համարվել չի կարող: Սա սոցիալական շատ լուրջ խնդիր է, ի վերջո սերունդների համերաշխությունն ապահովելու խնդիր է, որը նաեւ բարոյական արժեք ունի: Ուրախ եմ, որ կառավարությունը եւս գտնում է, որ այդտեղ խնդիր կա: Նախեւառաջ իրենք սահմանադրական նորմերի հետ համաձայնեցնելու խնդիր են ուզում տեսնել, բայց դա մեր ասած 3 բաղադրիչներից մեկն է: -Անգամ անկախ ներկայիս կառավարության դիրքորոշումի՞ց, որի կազմում եք: -Մենք նախորդ կառավարության հետ էլ այդ տարաձայնությունն ունեինք եւ դրա հետ կապված մենք չենք թաքցրել մեր մոտեցումները: -Այս վերջին բացահայտումներն արդյո՞ք ճիշտ եք համարում: Եվ ըստ Ձեզ` Մարտի 1-ի գործով պե՞տք է բացի Ռոբերտ Քոչարյանից, նաեւ Սերժ Սարգսյանին անդրադարձ կատարվի: -Ցանկացած բացահայտում մենք ողջունում ենք: Միայն թե դա պետք է տեղի ունենա` իրավական նորմերը պահպանելով: -Այդ դեպքում ինչո՞ւ է 2008-ին Դաշնակցությունը մյուս ուժերի հետ խորհրդարանում կողմ քվեարկել երկրում արտակարգ դրություն մտցնելու ռեժիմին: -Դա ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: -Տեսակետ կա, որ այդ բոլոր ուժերը դրա համար պատասխանատվություն են կրում: -Մենք արտակարգ դրության վերաբերյալ հայտարարություն ենք արել: Դրա անհրաժեշտությունը տեսել ենք, որովհետեւ կար իրավիճակ, որը պետք էր իսկապես կարգավորել: Կարգավորման մասին է արտակարգ դրությունը, ոչ թե հաշվեհարդարի: Մնացած գործողությունների համար Ազգային ժողովը չի պատասխան տալիս: Քաղաքական ուժերը որեւէ առնչություն չեն ունեցել դրա հետ, Դաշնակցությունը հատկապես: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-07-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...