Կառավարությունն առաջարկում է կոալիցիա կազմող ուժերի քանակի սահմանափակումը վերացնել, դեմ է միայն ՀՀԿ-ն

ԱԺ-ում շարունակվում է ԸՕ-ի շուրջ ձևավորված` ԱԺ և կառավարության աշխատանքային խմբերի համատեղ նիստը: ՀՀ վարչապետին առընթեր` ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նշեց, որ առաջարկում են ԱԺ կոալիցիա կազմելու համար կուսակցությունների թվաքանակների սահմանափակումը վերացնել: Գործող կարգավորմամբ թույլատրվում է կոալիցիա կազմել երեք ուժի: Նիստը վարող` ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս մոտեցումը հանգեցնելու է անկայունության: «Եթե խոսում ենք խորհրդարանական համակարգի մասին, նախկինում ընտրվել է, որ լինի համեմատաբար կայուն, բայց այս համակարգը բերելու է անկայուն կառավարման»,- ասաց նա: Հարությունյանը բացատրեց, որ եթե ինչ-որ կուսակցություն ստացել է մի քիչ ավելի պակաս քվե, որպեսզի միայնակ մեծամասնություն ձևավորի, մնացած տրոհված փոքրիկ ուժերը, որոնք մեծ հեղինակություն չունեն, ստանում են 5% կամ, ինչպես առաջարկվում է, 4%, արդյունքում` գումարվում են ընդդեմ մեծի և կոալիցիոն իշխանություն ձևավորում: «Բայց ինչքանով նրանց ձևավորած իշխանությունը կլինի կայուն, նման քայլով անկայուն քաղաքական համակարգի նախադրյալներ ենք ստեղծում»,- ասաց նա: Հարությունյանը օրինակ բերեց. «13 կուսակցություններ 4 խմբակցությունում կարող են միավորվել և դառնալ մեծամասնություն, բայց դա կայուն չի դիտվի, և մի փոքր ուժի դուրս գալն ամբողջ այդ համակարգը փլուզելու է: Իսկ դրա հավանականությունը մեծ է»: ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նշեց, որ, խորհրդարանական համակարգի ջատագով լինելով, կողմ են եղել սահմանափակումների քչացմանը: «Չեմ ընդունում, որ սահմանափակումը նպաստում է կայունությանը: Ունենք երկրորդ փուլի հանգամանքը, երբ ինչ-որ ժամանակ է տրվում, սակայն չի ձևավորվում կոալիցիա, մեծամասնություն երեքի միջև և, եթե չորրորդը միանում է, այդ մեծամասնությունը ձևավորվում է: Մի քիչ անհասկանալի է` ինչու պետք է անպայման երկրորդ փուլ անցկացվի»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ համաձայն է, որ ինչքան քիչ լինեն կոալիցիայում կուսակցությունները, այդքան տարաձայնությունները քիչ կլինեն, բայց կարծում է, որ չպետք է խուսափել այդ տարաձայնություններից, այլ դրանք պետք է կարողանալ հարթել` ձգտելով համախոհության: Նա հայտարարեց, որ կողմ են այս սահմանափակման վերացմանը: ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 13 ուժերի, և կարող է լինել շատ ավելի, ձայները չորս կամ հինգ խմբակցության մեջ բաշխվեն: «Նույնիսկ արդարության տեսակետից հիմնավոր չէ, որ 45% ձայն ստացած ուժը դառնա ընդդիմություն, սակայն 4-5-ը միավորվեն, դառնան իշխանություն, միանգամայն հնարավոր վիճակ եմ ներկայացնում»,- ասաց նա: «Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ երկու տարբերակն էլ քննարկելի են: «Բայց չպետք է արգելափակել արհեստականորեն, որևէ սահմանափակում արդարացված չէ ազատ կամաարտահայտման դեպքում, որ 45%-ոց ուժին չի կարող երեք 15 տոկոսը հաղթահարել: Իհարկե, քննարկման առիթ կա մեծամասնության կայունության առումով»,- ասաց նա: Իր կուսակցական գործընկերոջ հետ համաձայն չէր Նաիրա Զոհրաբյանը, ըստ նրա` երկիրը, խորհրդարանը կտանեն պերմանենտ ցնցումների: «Բոլորը ծրագիր են ներկայացնում` ինչպես են կառավարելու: Այն ուժը, որ ստանում է առավելագույն քվե, նշանակում է, որ նրան են քվեով վստահում: Այս տարբերակով անհասկանալի աջաբսանդալ կարող է դառնալ և երկիրը տանել անկայունության»,- ասաց նա: «Ելք» Խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ պետք է հասկանալ` ինչ ենք ուզում անել, և վերջնական նպատակը որն է: «Պետք է ֆիքսենք, որ որևէ մեկի համար իշխանությունը պահելու խնդիր չլինի, որպեսզի ուրիշները չմոտենան այդ բուրգին: Մեծամասնություն ես, գնա միաձայն մեծամասնություն դարձիր: Այս ամեն ինչն անում ենք, որ ՔՊ-ն չմնա հավերժ իշխանություն, նպատակը ժողովրդավարացումն է: Եթե 15%-ները միավորվեն ու 45-ին գցեն, թող անեն: Եթե մեկ տարի հետո ընտրություն պետք է լինի, թող անեն»,- ասաց նա: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանն էլ նշեց, որ ցանկացած սահմանափակման դեմ է, սակայն իրեն այլ բան է մտահոգում: Նա առաջարկեց, որ ընտրությանը որպես ընդդիմություն գնացող ուժը ընտրություններից հետո չկարողանա կոալիցիա կազմել: «Քաղաքական ուժն իրեն հռչակում է ընդդիմություն և, որպես ընդդիմություն ներկայանալով, ստանում է քվե, գնում է խորհրդարան ու կոալիցիա կազմում: Սա, իհարկե, արգելված չէ, բայց խաբում է իր ընտրողին: Ինձ այս հանգամանքն ավելի է մտահոգում, քան այն, թե քանի ուժ կկազմի կոալիցիա»,- ասաց նա:

2018-07-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...