Բոլորը նախընտրական շրջանում հանկարծ սկսում են հումանիստ դառնալ. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի կողմից ընդդիմություն առաջացավ ՀՅԴ-ի առաջարկի նկատմամբ, այն է` ընտրություններից առաջ, ողջամիտ ժամկետներում, դադարեցնել բարեգործական կազմակերպությունների բարեգործական ակցիաները, բացառել այն կուսակցությունների կամ դաշինքների մասնակցությունը ընտրություններին, որոնց անվանումները համընկնում են բարեգործական կազմակերպությունների անվանումների հետ: ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս առաջարկը արհեստական ձև է, և որ գործող ԸՕ-ն տվել է պատշաճ մեխանիզմ, որը վերաբերում է նախընտրական քարոզչությանը: «Ես համարում եմ` այն, ինչ գրված է ԸՕ-ում, համապարփակ է»,- ասաց Հարությունյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համամիտ էր Դավիթ Հարությունյանի հետ: «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը, ասաց. «Առավոտ շուտ ես «Դաշնակցություն» բարեգործական միություն եմ ստեղծում ու ձեզ արգելում եմ մասնակցել ընտրություններին»: Ռուստամյանն էլ հակադարձեց, որ իրավունք չունեն Դաշնակցության անվան հետ կապված որևէ բան ստեղծելու: Բագրատյանն էլ արձագանքեց. «Ասենք` «ՀՅԴՕ» կստեղծենք»: Ռուստամյանն ասաց, որ եթե նրանք ՀՅԴ անվան հետ կապված մի բան ստեղծեն, 128 տարվա պատասխանը չեն կարող տալ: «Պարո'ն Ռուստամյան, 500 տարվա պատասխան էլ կտանք, բայց այդ կարգավորմանը դեմ ենք»,- հայտարարեց Բագրատյանը: Ի պատասխան ՀՅԴ-ականն ընդգծեց. «Դեմ եք, դեմ եղեք, Դաշնակցության անուն մի' տվեք»: Միջամտեց Դավիթ Հարությունյանը. «Եթե դուք վերախմբագրեք ձեր առաջարկությունը, ես առարկություն չեմ ունենա»: Ռուստամյանն արձագանքեց, որ այս պահին իրենք քննարկում են մոտեցումներն ու գաղափարները, ոչ թե ԸՕ-ի ձևակերպումները: Հարությունյանն ասաց, որ առաջարկում է կոնսենսուսի գալ: «Այսքան լայնը համարում եմ վտանգավոր, բայց եթե նեղացնեք, կողմ եմ քվեարկելու: «Ծառուկյան» դաշինքն էլ միանում է դրան»,- հավելեց նա: «Որպեսզի ձեզ հոգս չպատճառենք, մենք ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» անունով ենք մասնակցելու, մի' չարչարվեք»,- Ռուստամյանին դիմելով` ասաց Սերգեյ Բագրատյանը: Ռուստամյանն էլ հակադարձեց, որ ինքը հոգսերին սովոր է, և կրկին հորդորեց Դաշնակցության անունը չտալ: Նաիրա Զոհրաբյանը միջամտեց` ասելով, որ ինչ-որ ենթատեքստեր չպետք է տալ, և հաստատեց, որ ընտրություններին մասնակցելու են ԲՀԿ անունով: Բագրատյանի համոզմամբ` ՀՅԴ-ի այս առաջարկը «Ծառուկյան» դաշինքին է վերաբերում: «Ձեր ասածը «Ծառուկյան» դաշինքին է վերաբերում, կարո՞ղ է ուրիշի անունն եք տալիս»,- ասաց նա: Ռուստամյանն էլ հորդորեց տեսագրությունները նայել: «Մենք անուն չենք տվել, դուք եք ենթադրել, տեսագրություն կա, բացեք նայեք»,- ասաց նա Բագրատյանին: Ռուստամյանը Հարությունյանին դիմեց` հարցնելով` իսկ, ի վերջո, ո՞րն է իրենց առաջարկած փոփոխությունը: «Գործող ԸՕ-ն ասում է` այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների, թեկնածուների անուններին, ընտրությունների քարոզարշավի ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել, առաջարկում ենք` ոչ թե նախընտրական քարոզչության ժամանակ, այլ ընտրությունները հայտարարելուց հետո բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ»,- ասաց Հարությունյանը: Ռուստամյանն էլ նշեց, որ իրենց առաջարկությունն այն է, որ ողջամիտ ժամկետներում բարեգործական ակցիաներ ընդհանրապեսչկատարվեն: Ըստ Հարությունյանի` այդ առաջարկությունն անթույլատրելի է: Ռուստամյանը նշեց. «Դեմ եք, բայց մենք գիտենք` ոնց է քողարկվում այդ ամեն ինչը: Բարեգործությունը չի տուժի, եթե մի քանի ամիս չկատարվի: Ես ձեր ասածը չեմ ընդունում, պարո'ն Հարությունյան, որովհետև բարեգործություն ասվածն այդ ժամանակահավտվածում այսպես կամ այնպես կապվում է ընտրական գործընթացների հետ»: Նա հավելեց, որ հանկարծ բոլորը նախընտրական շրջանում սկսում են հումանիստ դառնալ: «Բոլորը բժիշկ են դառնում, գնում են մարզերում սկսում են բժշկել»,- ասաց պատգամավորը: Ի վերջո, թե' ՀՀԿ-ն, թե' «Ծառուկյան» դաշինքը դեմ եղան առաջարկին:

2018-07-24

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...