Եթե կառավարության կազմում աշխատում ենք, դա չի նշանակում, որ չենք կարող մեր մտահոգությունները հայտնել այն հարցերի շուրջ, որոնք մտահոգիչ են

Եթե մենք այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում աշխատում ենք՝ դա չի նշանակում, որ չենք կարող և չպետք է հայտնենք մեր մտահոգություններն այնպիսի հարցերի շուրջ, որոնք մեզ համար մտահոգիչ են։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման միջնորդությունից հետո կուսակցության հասցեին հնչող քննադատություններին։ «Ճիշտ, ուժեղ և կարող ուժը միշտ քննադատվում է։ Ճշտի և ուժեղի ճանապարհը հեշտ չէ, և եթե քննադատվում է՝ նշանակում է, որ քննադատողների կողմից մտավախություն, վախ կա, որ Դաշնակցությունն ի վերջո ճշմարիտ է։ Եթե չքննադատեին՝ խնդիր կլիներ, կնշանակեր, որ անտարբերություն կա, բայց քննադատությունը նաև քննադատողների կողմից մտահոգություն է առաջին հերթին ենթադրում։ Նրանք մտահոգված են, որ ՀՅԴ-ի գաղափարախոսությունն ի վերջո հասանելի կդառնա յուրաքանչյուր հայ քաղաքացու»,- նշեց նա։ 45 պատգամավոր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, այդ թվում՝ 3 ՀՅԴ-ական պատգամավոր։ Դաշնակցության այս քայլը քննադատվեց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիայի մեջ լինելով՝ «Մարտի 1-ի» գործի շրջանակում ձերբակալված Ռ․ Քոչարյանի ազատ արձակման միջնորդություն էին ներկայացրել։ «Մենք ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին վարչապետ ժողովրդի պահանջով, և եթե մենք այսօր նրա հետ կառավարության կազմում աշխատում ենք երկրում ինչ-որ բան փոխելու համար, դա չի նշանակում, որ մենք չենք կարող և չպետք է հայտնենք մեր մտահոգություններն այնպիսի հարցերի շուրջ, որոնք մեզ համար մտահոգիչ են։ Այո, մենք մտահոգված ենք և հենց այն պատճառով, որ ուզում ենք այս կառավարությունը հաջողի, մեր ժողովուրդը վերջապես զգա կառավարության փոփոխության առավելությունները։ Բայց մենք պարտավոր ենք ներկայացնել մեր մտահոգությունները այն հարցերի շուրջ, որոնք մենք տեսնում ենք մտահոգիչ»,- ասաց պատգամավորը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՅԴ պատգամավորների կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո հայտարարել էր, որ պետք է հետևություններ արվեն և վերանայվեն գործընկերային հարաբերությունները։ Փոխվարչապետի հայտարարություններին ի պատասխան Արմենուհի Կյուրեղյանը նշեց․ «Դա իր անձնական կարծիքն է։ Խմբակցության հետ խոսակցություններ, քննարկումներ չեն եղել։ Եթե քննարկման հարց կա, մենք միշտ պատրաստ ենք քննարկելու»։

2018-08-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...