«Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը (Տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությունը ***** Սիրելի' հայ ժողովուրդ, Այսօր փորձում ենք կառուցել նոր, արդար, մեր ժողովրդի համար արժանապատիվ կյանք ապահովող երկիր: Իսկ կառուցել, առաջին հերթին նշանակում է դուրս գալ քանդելու, ստորացնելու տրամաբանությունից, ատելության մթնոլորտից: Մենք իրավունք չունենք չվերանայելու մեր անցած տարիներն ու չխուսափելու արդեն կատարված սխալների կրկնությունից: Մոտ 25 տարի առաջ էլ ժողովրդի նույն խանդավառությամբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչ ունեցանք արդյունքում: Նրա ու նրա թիմի թողած դաժան ժառանգությունը անվերադարձ սեփականաշնորհված ու թալանված գործարանների տեսքով, մինչև օրս դեռևս չգերազանցված ընտրախախտումների դասերի տեսքով դեռ երկար են խնդիրներ առաջացնելու մեր երկրի համար: Սիրելի երիտասարդներ, հարցրեք Ձեզ շրջապատող մեծերին: Ճշտեք, թե ինչ դաժան օրեր էին դրանք և կուզեի՞ք արդյոք դուք էլ անցնել այդ փորձությունների միջով: Այդ օրերին ժողովրդին միավորող, հրապարակ հանողը «Ղարաբաղը մերն է» կարգախոսն էր, ԼՏՊ-ն հմտորեն օգտագործեց այդ ամենը և եկավ իշխանության: Եկավ ու սկսվեց իր իսկական ծրագրի իրականացումը մի թիմով, որը կամ չէր գիտակցում ծրագրի էությունը, կամ էլ լավ էլ գիտակցելով երկիր էր քանդում: Այս ամենից պետք է հետևություն անել. ճիշտ է, խիստ կարևոր է, թե ինչ ծրագրով են գալիս հրապարակ առաջնորդները, բայց պակաս կարևոր չէ նաև, թե ինչ թիմով են գալիս և կարող է արդյոք այդ թիմը իրականացնել այդ ծրագիրը: Մեկը ռազմահայրենասիրությունը կոչում է շիզոֆրենիա, մյուսը Զոյա Թադևոսյանի բերանով նորից հրապարակ է բերում ԼՏՊ-ի առաջնահերթ մոտեցումը Արցախի հարցում, մեկը հայտարարում է, թե Հայաստանում պետք է ձեւավորվի իրենց թիմի առաջ բերած արժեհամակարգը, իսկ թե որն է դա, կարող ենք միայն ենթադրել՝ տեսնելով աղանդավորական շարժման ակտիվությունը, մարեխուանայի օգտագործման ու համասեռամոլության նկատմամբ չափից դուրս հանդուրժողականության պահանջները, սորոսականների գերակտիվությունը: Քաղաքապետի իրենց թեկնածուն առաջ է բերում Վանո Սիրադեղյանի «Մեր դեմ խաղ չկա» կարգախոսն ու ժողովրդին բաժանում սևերի ու սպիտակների: Այսօր էլ արդեն ԱԱԾ-ի պետը, փոխարեն պատասխանի, թե այդ ինչպես է ստացվել, որ գաղտնալսվել է իր հեռախոսազրույցը, մի բան էլ ինքն է այդ հարցը տալիս: Կներեք, բայց այդ մենք պետք է հարցնենք: Եթե իմ երկրի ԱԱԾ պետը պաշտպանված չէ հեռախոսազրույցը գաղտնալսելուց, ապա էլ ինչ կարելի է ասել մեր՝ քաղաքացիների մասին: Այս ամենը չի կարող չմտահոգել: Նման կադրերով կարո՞ղ ենք հասնել հեղափոխության խնդիրների լուծմանը: Պետք է վերանայել երկրում տարվող կադրային քաղաքականությունը: «Պոլի փայտ լինի, ՀՀՇ լինի» նախկինում կիրառվող սկզբունքը կարող է շատ վնասել մեր հեղափոխությանը: Պետք է հասկանալ, որ ցանկացած քաղաքական ուժ, ստանալով որոշումների կայացման մենաշնորհի հնարավորություն, չի տարբերվելու նախորդներից, ովքեր էլ լինեն այդ ուժի ներկայացուցիչները: Այսօր մենք պետք է փոխենք մեր մոտեցումները: Այս հզոր շարժումը, մեր երիտասարդության ներուժը պետք է ուղղել ոչ թե ընդդեմի, այլ հանունի համար: Հայտարարությունն ամբողջությամբ՝ տեսանյութում:

2018-09-11

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ...
Հայաստանը հզոր է Սփյուռքով, Սփյուռքը իմաստավորվում է Հայաստանով...
Կասկածանքը լավ վահան է, բայց վատ սուր (Տեսանյութ)
ՀՅԴ-ին ոչ ոք չի կարողացել փուռը տանի
Այլ...