Իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ հրապարակում (Տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորը նախ մեջբերեց օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված. «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է: Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը»: Ապա պատգամավորը հարցրեց. «Հիմա, հետևելով նույն հանրահավաքում հնչեցրած Ձեր հորդորին. «մտածեք նոր խոսեք», փորձեմ բարձրաձայն մտածել. Ենթադրենք այդ պահին հրապարակում հավաքված էին ամենաշատը 150.000, ասենք մի այդքան էլ շատ էր ուզում մասնակցել, բայց տարբեր պատճառներով չկարողացավ գալ հրապարակ: Եթե նույնիսկ չհանենք հրապարակում ոստիկանների, զբոսաշրջիկների, ուղղակի հետաքրքրվածների թիվը, կունենանք 300.000 : ԱԺ վերջին ընտրություններում մասնակցել էին մոտ 1.5 մլն. մարդ: Եթե այդ թվից հանենք ևս 300.000 այն մարդկանց թիվը, ում մի կերպ են բերել ընտրատեղամաս, հանենք մի 300.000 էլ, որ իրենց Արցախի հարցը չի հետաքրքրելու, ապա կմնան դեռ էլի 600. 000 մարդ, ովքեր հրապարակ չեն գալու, բայց իրենց համարում են ՀՀ քաղաքացի և չեն հրաժարվել երկրի համար կարևոր հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները հայտնելուց: Այդ 600.000-ի կարծիքը ինչպե՞ս պետք է հաշվի առնել, եթե նրանք հրապարակ չգան: Հիմա միամիտ լոռեցու մի հարց. Պարոն Փաշինյան, խնդրում եմ պատասխանել ոչ թե որպես ՔՊ կուսակցության առաջնորդ, ոչ թե հանրահավաքի առաջնորդ, այլ որպես մեր բոլորի երկրի ՀՀ վարչապետ, դուք իսկապե՞ս մտածում եք, որ Արցախի հարցի լուծումը կարելի է ստանալ հրապարակում, թե՞ ես, միամիտ լոռեցու նման, չեմ հասկացել, որ Դուք, ասելով «Ժողովուրդն է որոշելու», ի նկատի եք ունեցել համաժողովրդական հանրաքվեն: Եթե այո, ապա կխնդրեի հիմնավորեք, որ հրապարակը կարող է նման որոշում կայացնել, հակառակ դեպքում բարձրաձայնեք, որ ի նկատի եք ունեցել հանրաքվեն»: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բնականաբար բանակցային ֆորմատի տրամաբանությունն այն է, որ Արցախի վիճակը պետք է որոշվի ժողովրդի կամարտահայտմամբ, ես կարծում եմ, որ նման հարցերը պետք է լուծվեն համաժողովրդական հանրաքվեով: Եթե ես և կառավարությունը մտածենք, որ որևէ տարբերակ կա, ապա կներկայացնենք այն ժողովրդին, իսկ որոշելու տարբերակը հանրաքվեն է, իսկ հանրահավաքները նախապատրաստական շրջանն են: Կարծում եմ՝ հասկանալի է, որ նման հարցերը պետք է ժողովրդի կամարտահայտմամբ լուծվեն: Արցախի խնդրի լուծման համար հարկավոր է հանրաքվե անցկացնել»: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-09-12

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի...
Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջին օգտվողը լինելու է Ադրբեջանը....
90-91 թվականներին շատ լավ ընտրություններ ենք ունեցել, բայց դրանից...
Այլ...