Չէի ցանկանա, որ արհեստական սահմանազատումները վերածվեին իրական սահմանազատումների

«Առավոտի» զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը – Երեւանի ավագանու ընտրություններից ի՞նչ տպավորություններ ստացաք: Շատերը չեն թաքցնում, որ իրենց համար անակնկալ էր «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած 82% քվեն, ինչպես նաեւ մյուս կուսակցությունների՝ ԲՀԿ, «Լույս» դաշինք, ՀՅԴ, չնչին տոկոսները: Շատերն անգամ շոկ են ապրել այս թվերից: – Ես քաղաքական գործընթացների հետ կապված շոկային տրամադրություններ երբեւէ չեմ ունեցել՝ վերջին 30 տարվա ընթացքում: Եվ չեմ էլ կարծում, որ քաղաքական գործընթացներին պետք է վերաբերվել նման հուզական տրամաբանությամբ: Քաղաքականությունը դինամիկ գործընթաց է. մի քաղաքական ուժ կարող է հարաբերական հաջողություն ունենալ, մյուսը՝ հարաբերական անհաջողություն, երրորդը՝ նույնիսկ ձախողում, բայց դրանք շոկ չպետք է առաջացնեն քաղաքականությամբ զբաղվողների մոտ, այլ խորհելու, քննարկելու պատճառներն ու հետեւանքները հասկանալու տրամադրություններ: Սա՝ առաջին: Երկրորդ՝ զուտ իրավական տեսանկյունից Երեւանի ավագանու ընտրությունները միանգամայն լեգիտիմ են, շատ արդար են եւ ընթացակարգային բոլոր կանոնների պահպանմամբ են իրականացել: Այլ հարց, որ ընտրություն՝ բովանդակային իմաստով, իմ խորին համոզմամբ՝ տեղի չունեցավ: Որովհետեւ քարոզարշավի թեկուզեւ այդ փոքր հատվածը չտրամադրվեց Երեւան քաղաքի հիմնախնդիրների քննարկմանը եւ դրանց լուծումների առաջարկմանը: Ըստ էության ընտրություններն ավագանու էին, բայց քարոզարշավի համար ընտրվել էին քաղաքական թեմաներ, որոնք որեւէ կապ չունեին Երեւանի հիմնախնդիրների եւ ընտրությունների բուն բովանդակության հետ: Այս տեսանկյունից, այո, լուրջ խնդիր կա, որովհետեւ ի վերջո ընտրությունների գործընթացը ինձ համար գոնե չափելի է երեք չափանիշով՝ զուտ իրավական տեսանկյունից լեգիտիմություն, հանրային գիտակցության տեսանկյունից լեգիտիմություն (որովհետեւ կարող է օրենքի տառին համապատասխան ընտրություններ լինեն, բայց հանրային գիտակցության մեջ չլինի դրանց լեգիտիմության ընկալումը): Բայց ամենակարեւորն ինձ համար՝ առավելապես ոչ թե քաղաքական գործիչ, այլ ՀՀ քաղաքացի, այն է, թե յուրաքանչյուր ընտրությունից հետո ինչպես է հասարակությունը մտնում ընտրական գործընթաց եւ ինչպես է դուրս գալիս այդ գործընթացից: Եթե ընտրական գործընթացն իր արդյունքով հանդերձ տանում է հանրության կոնսոլիդացիայի, երբ հաղթողներ ու պարտվողներ կան ընտրություններում՝ թվաբանական իմաստով, այլ ոչ հասարակության մեջ, եւ ընտրություններում հաղթող քաղաքական ուժը հասկանում է, որ մասնակից մյուս քաղաքական ուժերի ծրագրերը, մոտեցումները պետք է ներառի իր գործունեության մեջ, երբ պարտված քաղաքական ուժը հասկանում է, որ հնարավորություն ունի իր գաղափարները, ծրագրերն ու մոտեցումները ի սպաս դնել հաղթող քաղաքական ուժին, այս արդյունքն ինձ համար ամենագերադասելին է: Ցավոք, համենայնդեպս՝ այս պահին, այնքան էլ հակված չեմ գնահատել, որ մեր հասարակությունը միասնական դուրս եկավ այս ընտրական գործընթացից: Շատ ու շատ ձեւախեղումներ, շատ ու շատ արտահայտություններ խորացրին հասարակության մեջ առանց այդ էլ գոյություն ունեցող քաղաքական եւ կողմնորոշումների տարաձայնությունները հանգեցրին թշնամանքի, կասկածանքի, պիտակավորման, վիրավորելու եւ այլն, եւ այլն: Հաճախ, ի դեպ՝ արհեստական, մտացածին որակումներն ու արհեստական սահմանազատումները ոչ թե իրավիճակն են ֆիքսել, այլ քաղաքական նպատակադրումներ կամ ընտրական տակտիկայից բխող են եղել: Ես չէի ցանկանա, որ արհեստական սահմանազատումները վերածվեին իրական սահմանազատումների: Հասկանալի է՝ ժամանակի ընթացքում կրքերը կմարեն, ամենը կհանդարտվի, կանցնի…Հիմա ինձ հետաքրքիր է, թե ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, մանավանդ 80-ից ավելի տոկոս հավաքած քաղաքական ուժը, ինչպե՞ս կանդրադառնան քարոզարշավի ընթացքում տեղ գտած այս երեւույթները սրբագրելուն: – Ֆորմալ առումով իշխող ուժը այդ 82 տոկոսով վստահության քվե ստացավ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, եւ դատելով արդեն իսկ հնչող հայտարարություններից՝ չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: ՀՅԴ-ն ավելի վաղ հայտարարել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցության ստացած քվեները հնարավո՞ր է ստիպեն վերանայել այդ որոշումը: – Երբ խորհրդարանում հաստատվում էր կառավարության գործունեության ծրագիրը, այդ ծրագրի հետ մենք հաստատել ենք նաեւ այն կետը, համաձայն որի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան մեկ տարվա ընթացքում: Այսինքն՝ այն ժամանակ էլ մենք գիտեինք, որ ընտրությունները արտահերթ են լինելու, եւ այդ կոնսենսուսով հաստատված կառավարության ծրագրից բխեց նաեւ այդ կոնսենսուսով աշխատելու պատրաստակամությունը ընտրական օրենսդրության փոփոխությունների հանձնաժողովում: Մեր տրամաբանությունն այն ժամանակ էլ, հիմա էլ այն է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, որոնք կբերեն դրական հանգուցալուծումների, կարող են տեղի ունենալ ոչ թե պարտադրանքի, քմահաճույքի կամ «ուժի ցուցադրմամբ», այլ կոնսենսուսով, եթե մենք ուզում ենք հանգուցալուծումից հետո նոր խնդիրներ չունենալ: Ենթադրում եմ՝ եկող շաբաթվա ընթացքում կսկսվեն քննարկումները, բանավեճերը, մենք կձգտենք հանգեցնել կոնսենսուսի, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, անկախ նրանից՝ դրանք տեղի կունենան մեկ-երկու կամ երեք ամիս հետո, տեղի ունենան քաղաքական բոլոր ուժերի կոնսենսուսի պայմաններում: – Թեպետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իրավական հիմքերը դեռ տեսանելի կամ հասկանալի չեն, բայց իշխող քաղաքական ուժը ուժի դիրքերից է հանդես գալիս, ընդհուպ սպառնալիքներ են հնչում խորհրդարանը «պաշարելու»… – Քանի դեռ տեղի չեն ունեցել վարչապետի եւ խորհրդարանական խմբակցությունների հանդիպումները, մնացած բոլոր որակումները, ենթադրությունները, կարծիքները ես հակված չեմ մեկնաբանել: Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ճանապարհային քարտեզը գծագրված չէ, ներառյալ նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն ամբողջ աշխատանքը, որը կատարվել է կառավարությունում եւ խորհրդարանում, ես չէի մեկնաբանի հնարավոր զարգացման սցենարները: – Իսկ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք-ՀՅԴ-«Լույս» եւ «Հանրապետություն» կոալիցիա ձեւավորվի խորհրդարանում՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»: – Իսկ ինչո՞ւ ընդդեմ, գուցե ՔՊ-ն կամ վարչապետն առաջարկում են այնպիսի մի բանաձեւ, որտեղ բոլոր նշված քաղաքական ուժերը միավորվում են հանուն Հայաստանի ապագայի: – Իսկ Երեւանի ավագանու ընտրություններում հավաքած չնչին տոկոսները ՀՅԴ-ին մտորելու եւ խորհելու ի՞նչ առիթներ են տվել: Հավանակա՞ն է, որ առաջիկայում հրաժարվեք կառավարությունում ունեցած պորտֆելներից, քանի որ հանրային վստահության այդ քվեն, փաստորեն, չունեք: – Երեւանի ավագանու, եթե չեմ սխալվում, սրանք արդեն 4-րդ ընտրություններն են: Առաջին երկու ընտրություններում էլ անցողիկ շեմը չենք հաղթահարել, երրորդ ընտրություններին ընդհանրապես չենք մասնակցել: Այո, Երեւանն իր տեղով, դիրքով եւ մնացյալով հանրապետության կարեւորագույն հատվածն է, բայց խորհրդարանական ընտրությունները վերաբերում են ամբողջ Հայաստանին, ոչ թե միայն Երեւանին եւ որեւէ համայնքի, թեկուզեւ ամենամեծ, ընտրություններով, մի հաջողությունով կամ մի անհաջողությունով չի պայմանավորվում քաղաքական կյանքը: Դրանք, իհարկե, հաշվի են առնվում:

2018-09-28

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...