Կողմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, բայց դեմ ենք դրանց անհապաղ անցկացմանը (Տեսանյութ)

ՀՅԴ-ն վարչապետ Նիկոլ Փաշինյանից ժամադրություն չի ստացել՝ արտահերթ ընտրությունների հարցը քննարկելու համար։ Այսօր ԱԺ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ իրենք միշտ ասել են ու շարունակում են մնալ այն տեսակետին, որ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: «Մենք կողմ են ընտրությունների անցկացմանը, բայց դեմ ենք դրանց անհապաղ անցկացմանը: Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- ասաց Ռուստամյանը։ Արմեն Ռուստամյանը թվարկեց իրենց կողմից անհրաժեշտ համարվող քայլերը, որոնք երեքն են։ Նա առաջին քայլը համարեց այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է ռեյտինգային համակարգը։ Ռուստամյանը որպես 2-րդ խնդիր առանձնացրեց ոստիկանության դերակատարությանը: «Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը: Եթե դա այդպես է, ապա օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, նրա չեզոքության հարցը պետք է ապահովել, քանի որ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն: 3-րդ քայլը՝ ժամանակն է, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: Քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, ժամկետի հաշվարկ պետք է արվի, հետո նշանակվեն ընտրություններ: Եվ սահմանադրական նորմով, որն այսօր կա՝ երկու անգամ վարչապետի չընտրվելու պարագայում խորհրդարանի լուծարումը, այդ պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ ժամկետների առումով մեզ համար ընդունելու օրը կատարվեն արտահերթ ընտրություններ»,- ներկայացրեց Արմեն Ռուստամյանը: Այս ամենից ելնելով՝ Ռուստամյանը հայտարարեց, որ 1 տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն: Պատգամավորը նաև հավելեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար: «Ըստ էության՝ ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ լոկալ հանրաքվե՝ բառիս բուն իմաստով, անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը: Բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են այդ հանրաքվեին, դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, ըստ այդմ՝ նաև ԱԺ լուծարմանը: Այսինքն՝ մյուսների ձայներն էլ պետք է գումարվեն դրան»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-02

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...