90-ականներին էլ տեսել ենք 90 տոկոսանոց իշխանություն և տեսել ենք, թե ոնց է այն քանդվել

Վարչապետի` ՀՅԴ նախարարներին ազատելու հրամանը ստորագրվել է այն բանից հետո, երբ Դաշնակցությունն արդեն հետ էր կանչել իր նախարարներին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Այս հարցի հետ կապված պետք չէ շոուներ անել: Մենք հետ ենք կանչել կառավարության մեր անդամներին, դրանից հետո են եղել համապատասխան հրահանգները»,- ասաց նա: Անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում աղմկահարույց փոփոխությանը՝ Ռուստամյանը նշեց, որ փոփոխությունը չի արվել արտահերթը կանխելու համար: Ըստ պատգամավորի` դա թյուրըմբռնում է: «Փաստվեց, որ ճիշտ ենք արել, որ երեկ ընդունել ենք այդ օրենքը: Եթե մեր 7 պատգամավորից 4-ի աշխատանքին խոչընդոտել են, խոչընդոտել են հայհոյանքներով, անպատիվ խոսքերով, սրան նորմալ չեմ վերաբերվում: Խոսում ենք սիրո և համերաշխության հեղափոխությունից, բայց սիրուց ու համերաշխությունից բան չի մնացել»,- ասաց նա: Այդ օրենքը, ըստ Ռուստամյանի, այն բանի համար է, որ ԱԺ-ն լուծարվի այնպես, ինչպես Սահմանադրությունն է պահանջում: «Եթե այսպես չգնանք, կլինի ուժի իրավունքով լուծարում, սրանից մենք զերծ պահեցինք»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ կտրականապես մերժում է այն թեզը, որ վարչապետը նետել է հրապարակ, թե դա պատերազմ հայտարարել էր ժողովրդին: «Եթե սահմանադրական ճանապարհով խորհրդարանը լուծարելու գործընթացը ժողովրդին պատերազմ հայտարարել է, ուրեմն մենք չենք հասկանում` ինչի մասին ենք խոսում: Եթե որևէ մեկի մտքով անցնում է որևէ բան ասել վարչապետի ասածից դուրս, դառնում է հակահեղափոխական, սև ուժ: Մենք այսպես ո՞ւր ենք գնում ընտրությունների, այս ձևով ԱԺ-ն ո՞ւմ է պետք»,- ընդգծեց նա ու շարունակեց, որ այս դեպքում մեկ տարի հետո կարող է դրվել Ազգային ժողովի լեգիտիմության հարցը, ոնց որ հիմա է արվում: «Այսօր մեզ ասում են, թե Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովուրդին: Մենք ասում ենք, որ ներկայացնում ենք մեզ ձայն տված 103 հազար քաղաքացիներին: ՀՅԴ-ն ոչ մի ձայն փողով չի գնել, թող բերեն մի դեպք, որ Դաշնակցությունը փողով թեկուզ մեկ ձայն է վերցրել, այդպիսի դեպք չկա: Ուրեմն ես լեգիտիմ իրավունք ունեմ խոսելու 103 հազարի անունից»,- հայտարարեց պատգամավորը: Ռուստամյանն ընդգծեց, որ կեղծ թեզ է, որ ասում են` դուք ոչ մեկի չեք ներկայացնում: Միևնույն ժամանակ շեշտեց, որ ժողովրդի տրամադրությունները նույնը չեն մնում: «Եթե այդպես է` թող կարգ մտցնեն, և վեց ամիսը մեկ փաստենք` ով որքան ձայն ունի: Տեսնենք` մեկ տարի հետո իրենք այդ 80% ձայնները կարո՞ղ են փաստել: Երբ, քաղաքական շահից ելնելով, խնդիր է լուծվել երկրում, տեսել ենք, թե դա ոնց է փլվել. 90-ականներին տեսել ենք 90 տոկոսանոց իշխանություն և տեսել ենք, թե ոնց են քանդվել»,- եզրափակեց նա:

2018-10-03

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...