Դաշնակցությունը երբեք չի մերժել բանակցությունների ուղով գնալու ճանապարհը

«Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քվեարկեցին խորհրդարանական 3 ուժերը՝ այդ թվում նաեւ Դաշնակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի շենքը, ՀՅԴ-ն հայտարարեց, որ հետ է կանչում իր նախարարներին, եւ դուրս եկավ կոալիցիայից: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կուրեղյանի հետ: -Տիկի՛ն Կուրեղյան, օրերս ԱԺ-ում տեղի ունեցած այդ միջադեպը սպասելի՞ էր Ձեզ համար: -Երբ որ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց հավաքվել ԱԺ-ի մոտ, սպասելի էր, որ նման բան տեղի կունենա: Մինչ այդ, իհարկե, սպասելի չէր: Նախորդ օրը հանձնաժողովում քննարկել ենք այդ հարցը: Հաջորդ օրը հերթական նիստով քննարկել ենք: Դա օրակարգային հարց է եղել, քննարկումը սովորական ընթացել է, «Ելք»-ի պատգամավորներն էլ ներկա են եղել: Պարոն Բաբլոյանը հայտարարեց, որ մնանք շենքում, որ մինչեւ ժամը 4-ը երկրորդ ընթերցումով ընդունենք, բայց այդ ընթացքում պարոն Բաբլոյանին զանգեց պարոն Փաշինյանը եւ խնդրել էր հետաձգել երկրորդ ընթերցումով քննարկումը, մինչեւ ինքը գա, եւ բանակցություններ կկայանան: Դրա համար էլ պարոն Բաբլոյանն ասաց, որ պետք է հետաձգենք մինչեւ հաջորդ առավոտյան ժամը 10-ը: Բայց բանակցությունները չկայացան այնպես, ինչպես պետք է լիներ: Դա բանակցություն չէր, դա Ազգային ժողովին ինչ-որ բան թելադրելու փորձ էր: -Այդ օրինագծի ընդունումը իրոք այդքան օրհասակա՞ն էր, որ այդպես վարվեցիք: -Այդ օրինագիծը սովորական մի բան էր: Չեմ հասկանում՝ ինչ բուռն քննարկման թեմա կար այդտեղ: Ընդամենը խոսվում է այն մասին, որ եթե ԱԺ-ն իրենից անկախ չի կարողանում նիստ գումարել, ապա դա պետք է ընդհատել եւ շարունակել հաջորդ օրը: -Մինչեւ վարչապետ Փաշինյանի` նախարարներին ազատալու հետ կապված հայտարարությունը ՀՅԴ-ն հետ կանչեց իր նախարարներին: Այդ պարագայում ուրիշ տարբերակներ չէ՞ր տեսնում: -Այո, մինչեւ դա մենք արդեն հետ էինք կանչել: Ըստ երեւույթին, այդ ժամանակ արդեն մեկը տեղյակ էր պահել վարչապետին այդ մասին եւ գնաց էնտեղ, շատ արագ կողմնորոշվեց եւ հայտարարեց, որ ինքը հրաման է տվել ազատելու: Մենք ուրիշ տարբերակ չտեսանք, որովհետեւ ազգային համաձայնության կառավարության մի մաս ենք կազմել, մենք պայմանավորվածություն ենք ունեցել, ի վերջո ընդունել ենք կառավարության ծրագիրը, որի մեջ հստակ կետեր կան: Պարոն Փաշինյանը եկավ եւ խաչ քաշեց այդ ամենի վրա: Ինքը առաջինը խախտեց պայմանավորվածությունը: Մենք դեռ չունենք նոր ընտրական օրենսգիրք, մենք ունեինք պայմանավորվածություն այն մասին, որ այդ սուպերվարչապետական մեխանիզմները թուլացվեն, եւ շատ այլ հարցերի շուրջ եւս եղել են որոշումներ, որոնց հետ Վարչապետը համաձայն է եղել: Այսքանից հետո արդեն անիմաստ էր այդ կառավարության մաս կազմելը: -Մինչեւ Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելը ՀՅԴ կուսակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին տրվելիք լիազորություններում սուպերվարչապետություն չի տեսնում, իսկ հիմա պնդում է հակառակը, որ սահմանադրությամբ սուպերվարչապետական համակարգ է: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Դուք մի՛ գնացեք անցյալ: Մի քանի ամիս առաջ հստակ պայմանավորվածություններ են եղել հենց նոր նշածս հարցերի մասին, եւ չի կարելի խախտել այս պայմանավորվածությունները: Սիրուն չի գնալ, հասնել անցյալ, եթե մենք նրա հետ վերջերս պայմանավորվածություններ ենք ունեցել: Նա խաչ քաշեց դրա վրա եւ ասաց՝ ես այսպես եմ ուզում, եւ վե՛րջ: -Հիմա տեսնո՞ւմ եք բանակցությունների միջոցով հարցը լուծելու տարբերակը: -Այո: Միայն այդ տարբերակն եմ տեսնում: Եթե մեզ համար Ադրբեջանի հետ բանացկությունների տարբերակն է ընդունելի, ուրեմն մենք մեր երկրում ուրի՞շ ճանապարհ պետք է ընտրենք: Չի կարելի մեր երկիրը փորձության տանել: -Եթե այնուամենայնիվ այնպես ստացվի, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին, «Դաշնակցությունը» պատրաստ կլինի՞ դրան: -Նախ ասեմ, որ եթե վարչապետը հրաժարական տա, մենք թեկնածու չենք առաջադրելու: Ինձ համար հարց է, թե ինչու են այդպես ափալ-թափալ ուզում անել: Էդ ինչո՞ւ են կասկածում, որ եթե մարտին կամ ապրիլին նույն ձայները չեն հավաքի, ինչ հիմա: Վարչապետը հիմնավորում էր ներդրումների հոսքի հետ կապված խնդրով, նրա խորհրդականն ասաց, որ դրանք իրար հետ բոլորովին կապ չունեն: Կարող ենք ենթադրել, որ նախապատրաստվում են քննարկման բերել այնպիսի օրենքներ, որոնք պետք է մինչեւ դեկտեմբեր ընդունվեին, բայց այս ԱԺ-ն դա չի ընդունի: Առայժմ չի եղել, որ ԱԺ-ն խանգարի որեւէ նախագծի: -Հետագա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք ներկայիս կառավարության հետ: -«Դաշնակցությունը» երբեք չի մերժել բանակցությունների ուղով գնալու ճանապարհը: Այո, իհարկե տեսնում ենք: Հույս ունեմ՝ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի նպատակը մեր երկիրը առաջ տանելն է, եւ մեր նպատակը նույնպես դա է: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

2018-10-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...