Չպետք է թույլ տալ, որ մեր երկրի անվտանգությունը խեղվի

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ արտահերթ նիստին չի կարողացել մասնակցել, քանի որ երբ հասել է ԱԺ, շենքն արդեն պաշարված է եղել։ Առաքելյանին ցուցարարներից ոմանք ճանաչել են ու հարձակվել նրա վրա, քաշքշել։ Մի խոսքով՝ միջադեպ է գրանցվել, որի մասին մենք գրել էինք, իսկ ոստիկանությունն էլ մեր գրածի հիման վրա որոշել էր գործին ընթացք տալ եւ նյութեր նախապատրաստել։ Այդ մասին հաջորդ օրը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնեց նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով խնդրեց վարչապետին հետեւողական լինել, որ իրենց գործընկերոջ հանդեպ բռնություն գործադրած անձինք պատասխան տան դրա համար։ Առաքելյանը, սակայն, ոստիկանությանը չի ցանկացել բռնության մասին հաղորդում տալ եւ նշել է, որ ընդամենը վեճ է տեղի ունեցել՝ բռնություն չի եղել։ «Ինձ երբ կանչեցին արտահերթ նիստի, ես արդեն գիտեի, թե ինչի մասին է խոսքը, քանի որ առավոտյան օրինագիծը քննարկվել էր։ Եվ երբ որ կանչեցին, ես պատրաստ էի գալու, որովհետեւ ես, ի վերջո, գալիս էի օրինագծին կողմ քվեարկելու, որովհետեւ դա մեր ֆրակցիայի որոշումն էր, եւ ես ինքս էլ՝ որպես պատգամավոր, կողմ էի։ Ու քանի որ ես հեռու եմ ապրում, մինչեւ եկա, արդեն, կարելի է ասել, շենքը շրջապատված էր։ Ես փորձում էի ինչ-որ ձեւով ներս մտնել, էդ պահին մի կին մոտեցավ՝ աղջկա հետ, ու ձեռքիցս քաշեց՝ ասելով, թե՝ արի հլը, մի րոպե, ես քեզ ճանաչում եմ, դու պատգամավոր ես։ Ասացի՝ այո, պատգամավոր եմ, ու էդ պահին, որ գոռում էին՝ բոլորդ գող եք, թալանչի եք եւ այլն, ես ասացի՝ ես դաշնակցական պատգամավոր էսինչ էսինչյանն եմ, գնացեք նայեք՝ ի՞նչ եմ թալանել։ Էդպես իր հետ զրուցելով՝ ես իրեն էդ ամբոխից մի կողմ բերեցի, որ ինքն իր բարձր ձայնով իր շուրջը մարդ չհավաքեր։ Եվ երբ իր հետ սկսեցի հանգիստ տոնով զրուցել, մեղմացավ։ Ու ես, քանի որ չկարողացա մտնել շենք, նորից վերադարձա տուն»,- մեզ հետ զրույցում եղելությունը պատմեց Ռուզաննա Առաքելյանը։ Նրա խոսքով՝ ինքը գալիս էր աշխատանքի, եւ որեւէ մեկն իրավունք չուներ իրեն թույլ չտալու մտնել աշխատավայր։ Դրանից հետո, երբ մամուլը գրել է այս միջադեպի մասին, պատգամավորին զանգահարել է Արաբկիրի փոխոստիկանապետը, ում նա խնդրել է հարցը փակված համարել, որովհետեւ մամուլն արդեն անդրադարձել է, ամեն ինչ պարզ է։ «Ինձ հարցրեց՝ հիմա Դուք հրաժարվո՞ւմ եք բողոքելուց, ասացի՝ այո։ Ես իրեն շատ մարդկայնորեն բացատրեցի, որ ես ունեմ անչափահաս աղջիկ, ով ազդված է էս ամեն ինչից, եւ ես չեմ ուզում շարունակել։ Իմ երեխայի հոգեվիճակն ինձ համար ամենակարեւորն է։ Ասաց՝ լավ, վերջ»,- պատմեց պատգամավորը՝ նշելով, որ ինքն այլեւս այս թեմայով չի խոսելու, հարցազրույց չի տալու։ Նկատեցինք, որ արդեն ակնարկներ, սպառնալիքներ են հնչում իշխանության ներկայացուցիչների կողմից, որ իրենց դեմ դուրս եկած պատգամավորները կարող է հայտնվեն «Սանիթեքի» աղբամաններում։ Արդյոք այս հայտարարություններն իրեն՝ որպես պատգամավորի, մտահոգո՞ւմ են։ Ռուզաննա Առաքելյանն ասաց․ «Գիտե՞ք, այսպիսի հարցերին, ինչպես ասում են, անմիջապես չեն պատասխանում։ Երկար քննարկումների արդյունքում է պետք այդ մասին խոսել։ Բայց ես այդ օրը հասկացա, որ հարկավոր է մեր երկրի, պետականության կողքին լինել, թույլ չտալ մեր երկրի անվտանգությունը խեղվի։ Ցանկացած քաղաքական ուժ, անկախ նրանից, թե ինչ նկրտումներ եւ ինչ տեսլական ունի, պետք է այսօր կանգնի մեր պետականության կողքին՝ աչքի լույսի նման պահելով մեր ձեռք բերած անկախությունը»։ Իսկ ինչպե՞ս է պատկերացնում այդ պետականության կողքին կանգնելը՝ Նիկոլ Փաշինյանի ցանկություններին կողմ քվեարկելո՞վ, թե՞ ինչպես։ «Չէ, պետականության կողքին կանգնելը ես պատկերացնում եմ բոլոր քաղաքական ուժերի համախոհությամբ, իրար հետ սեղանի շուրջ նստեն, քննարկեն եւ վերլուծեն այն բոլոր մարտահրավերները, որոնք այսօր կանգնած են մեր երկրի առջեւ։ Անխտիր բոլոր քաղաքական ուժերին է վերաբերում մեր ասածը»,- ասաց նա։ Վահե ՄԱԿԱՐՅԱՆ hraparak.am

2018-10-06

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...