Բումերանգի օրենքը քաղաքականության մեջ շատ ավելի ազդու է գործում (Տեսանյութ)

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնախումբը ամռանը արձակուրդ չգնաց, քննարկեց եւ օգոստոսի սկզբին ԸՕ բարեփոխումների փաթեթը ներկայացրեց կառավարություն, մինչդեռ կառավարությունից 2 ամիս որեւէ տեղեկություն չեղավ, հետեւաբար, մեղադրել խորհրդարանական խմբակցություններին, այդ թվում «Ելքին», որ ամեն ինչ արել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները արագ չլինեն, սխալ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, NEWS.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ «Երբ խորհրդարանական բոլոր ուժերը՝ կոնսենսուսով, օգոստոսի 1–ին պատրաստեցին Ընտրական օրենսգրքի նախագիծը, բոլորի ակնկալիքը այն էր, որ ԸՕ վրա կառավարությունն էլ իր աշխատանքը անի եւ սեպտեմբերի առաջին քառօրյային, ենթադրում էինք, այդ փաթեթը կմտնի ԱԺ քննարկման, 2 ընթեցումով հոկտեմբերի սկզբներին կանցներ, կուղարկեինք Վենետիկի հանձնաժողով։ Չի բացառվում, որ վերադառնար հոկտեմբերի կեսերին եւ նոյեմբերի սկզբին կհայտարարեինք, որ դեկտեմբերին տեղի ունենար արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,–ակնկալված ժամանակագրությունը ներկայացրեց Սպարտակ Սեյրանյանը։ Նրա համար այդպես էլ հանելուկ է մնաց, թե ինչո՞ւ է հատկապես դեկտեմբեր ամիսը նշել վարչապետը եւ ոչ, ասենք, հունվարի կեսը. «Ներդրողները մեկ ամսում պետք է հիասթափվեի՞ն ու ներդրումներ չանեի՞ն, կամ սփյուռքահայերը բնակարան չէի՞ն գնի Հայաստանում»։ Նրա համոզմամբ ԱԺ կանոնակարգ–օրենքի հետ կապված պատմությունները զուտ պատրվակ էին՝ լեգիտիմացնելու ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մտադրությունը։ «Համբերատար սպասում էինք, որ մեր խմբակցության հետ էլ կհանդիպի վարչապետը, մտածում էինք, որ հիմանավոր տեղեկատվություն մեզ կտրամադրի, պարզվեց, որ որոշել է՝ կամ ԱԺ–ն համաձայնություն է տալիս վերջնագրին կամ ԱԺ–ն պետք է ինքնալուծարվի։ Այստեղ խնդիր առաջացավ՝ ԱԺ–ն ինքնալուծարվում է իրավունքի ուժո՞վ, թե՞ ուժի իրավունքով»,–ասաց ՀՅԴ պատգամավորը։ Հարցին՝ դեռ ուժի մե՞ջ է բանակցելու հայտարարությունը՝ հաշվի առնելով ՀՅԴ նախարարներին ու մարզպետներին պաշտոնից ազատելու փաստը, Սեյրանյանը պատասխանեց. «Մենք ամենայն անկեղծությամբ եւ պատրաստակամությամբ ամիսներ առաջ հայտարարեցինք, որ ընդունում ենք Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մաս կազմելու ազգային համաձայնության կառավարության, քանի որ հայերենին ոչ վատ տիրապետելով՝ հասկանում էինք, որ այդ բնութագրումը ենթադրում է կարեւոր հարցերի շուրջ համաձայնություն։ Ցավոք սրտի, այդպես չեղավ»։ Կարեւոր շատ հիմնախնդիրներ, նրա խոսքով, ոչ միայն չեն քննարկվում գործընկեր քաղաքական ուժերի հետ, այլեւ նրանց առաջարկությունները ընկալվում են սվիններով։ «Իմ համոզմամբ՝ ազգային համաձայնության կառավարության այդ «համաձայնության» բաղադրիչը չկար արդեն օգոստոսի 17–ի հանրահավաքից սկսած, երբ հարթակին տեսանք ոչ թե կառավարության անդամներին, այլ մեկ քաղաքական ուժի»,–նկատեց Սպարտակ Սեյրանյանը։ Նա հավելեց, որ «բումերանգի օրենքը» քաղաքականության մեջ շատ ավելի ազդու է գործում, քան բնության մեջ, հետեւաբար, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրությունները որեւէ կերպ չպիտակավորվեն, չպետք է թույլ տալ, որ ԱԺ–ին պարտադրվի դիրքորոշում։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

2018-10-05

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
70% մանդատ ստացող ուժը ԱԺ-ում միանձնյա որոշումներ կկայացնի. ՀՅԴ-ն...
Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու
Մտահոգիչ իրավիճակ է. Արմենուհի Կյուրեղյանը՝ Բյուջեի նախագծի...
Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում...
Այլ...