Կյանքն այս ընտրություններով չի ավարտվելու

Դաշնակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Միակ բանը, որ ուզում են, այն է, որ խորհրդարանական ընտրությունները նորմալ պայմաններում անցնեն, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ՝ ասելով. «ժողովուրդը ինչպես որոշեց, այնպես էլ կլինի»։ -Արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հետ կապված՝ որոշում ունե՞ք։ -Երբ հստակ լինի, թե երբ են անցկացվելու ընտրությունները, ինչ օրենսգրքով, ինչ պայմաններում, կհստակեցնենք մեր դիրքորոշումը։ -Կարող է՝ չմասնակցե՞ք։ -Կքննարկենք, կասենք։ -Ընտրությունները հին Ընտրական օրենսգրքով անցկացնելու հեռանկարին ինչպե՞ս եք վերաբերվում։ -Մենք բազմիցս ասել ենք՝ ընտրությունները պետք է տեղի ունենան կառավարության ծրագրի տրամաբանությանը համապատասխան։ Ծրագրում որ գրված է՝ մինչեւ մեկ տարի, հենց այնպես չի գրված։ Գրված է նրա համար, որ կատարվեն քայլեր, որոնց համար մեկ տարին լիուլի բավարար է։ Եթե ասում են՝ դեկտեմբերն էլ մինչեւ մեկ տարի է, դա չի տեղավորվում կառավարության ծրագրի տրամաբանության մեջ, որովհետեւ կառավարության ծրագրով նախատեսված քայլերը մինչեւ դեկտեմբեր անելը «հապշտապ, ափալ-թափալ անել» է նշանակում։ Կառավարության ծրագրում մի առանձին գլուխ նվիրված է ընտրություններին, ամրագրված է, որ առնվազն երկու կարեւոր քայլ պետք է կատարվի՝ շատ հստակ եւ տրամաբանված. առաջինը՝ նոր Ընտրական օրենսգրքի ընդունում, երկրորդ՝ ոստիկանությունը պետք է դրվի կառավարության ենթակայության տակ։ Դրանից էր բխում մինչեւ մեկ տարի ժամկետը։ Ոչ թե պետք է ժամկետ դնել եւ ամեն ինչ հարմարեցնել դրան, այլ՝ քայլեր անել, եւ դրանից բխեցնել ժամկետը։ Դաշնակցության մոտեցումն ամենահետեւողականն է այս հարցում. մենք, չլինելով կառավարության մեջ, պաշտպանում ենք կառավարության ծրագիրը։ -Պատրա՞ստ եք կողմ քվեարկել Ընտրական նոր օրենսգրքին։ -Մենք կոնսենսուսով կառավարությանը ներկայացրել ենք առաջարկներ։ Կտեսնենք՝ այդ առաջարկները որքանով են ընդգրկված ԸՕ նախագծում, ըստ այդմ կկողմնորոշվենք։ ԸՕ փոփոխությունը շատ կարեւոր է, բայց այստեղ կա խնդիր. եթե փոխում ենք, նույնիսկ ամենասեղմ ժամկետներում այդ փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու նոյեմբերին։ Միջազգային որեւէ փորձագետի հարցրեք՝ նորմա՞լ է Ընտրական օրենսգիրքը էական փոփոխությունների ենթարկել նոյեմբերին, եւ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել, կասեն՝ ոչ։ Բայց Հայաստանում դա նորմալ է համարվում։ -Իշխանությունը չի նահանջելու՝ ի՞նչ եք անելու։ -Չի նահանջելու, թո՛ղ ժողովուրդը տա դրա գնահատականը։ Հո մեր կյանքը այս ընտրություններով չի՞ ավարտվելու։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ընտրություններն օր առաջ անցկացնելով՝ բոլոր հարցերը լուծելու է, չարաչար սխալվում է։ Պրոբլեմները հենց այդտեղից են սկսվելու։ -Բոլորը մատնացույց են անում ժողովրդին։ Կարծում եք՝ ժողովուրդը այսօր ի վիճակի՞ է համարժեք գնահատական տալ ստեղծված իրավիճակին։ -Ժողովրդի իշխանություն ասածն իսկապես շատ է շահարկվում։ Ոչ մեկը չի վիճարկում, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց սահմանադրական այդ դրույթի հաջորդ պարբերությունը՝ ինչպես է ժողովուրդը իրացնում այդ իշխանությունը, բոլորը մոռանում են։ Հանրահավա՛քը չի ժողովրդի իշխանությունն իրացնելու ձեւը, այլ ընտրությունները, հանրաքվեն, ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաները։ -Դաշնակցությանը տեսնո՞ւմ եք հաջորդ խորհրդարանում։ -Դա մեզ համար խնդիր չէ։ Դաշնակցությունը եղել է, երբ նույնիսկ Հայաստանում ներկայացված չի եղել, եղել է, երբ մի՛ պատգամավոր է ունեցել խորհրդարանում։ Դաշնակցության լինել-չլինելը ընտրությունների հետ կապված չէ՝ թող մտածեն այն քաղաքական ուժերը, որոնք մի անձի շուրջ են ստեղծվել։ Դաշնակցության գաղափարական եւ քաղաքական հիմքը քանի կա, Դաշնակցությունը լինելու է, եւ բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել այդ փաստի հետ, դուր է գալիս դա ինչ-որ մեկին թե ոչ։ -Հնարավո՞ր է՝ հուշագրով ամրագրեք ձեր տեսակետը։ -Մենք ինքնանպատակ հուշագիր ստորագրելու խնդիր չենք տեսնում։ Հուշագիրը մենք ժամանակին էինք առաջարկում ստորագրել, վարչապետի հետ ուրվագծել էինք այդ հուշագիրը, հինգ խնդիր էինք դրել, որոնց շուրջ սկսվել է Նիկոլ Փաշինյանի հետ մեր համագործակցությունը: Բայց այդ հուշագիրն այդպես էլ չստորագրվեց։ -Խոսքը վերաբերում է նրան, որ հուշագրով ամրագրեք վարչապետի թեկնածու չառաջադրելու ձեր հանձնառությունը։ -Առանց հուշագրի էլ պարզ է, որ անիմաստ է 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրել: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա. 7 հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017 թվականի ընտրություններից հետո երբեք էլ չենք մտածել վարչապետի թեկնածու առաջադրելու մասին: -Նորմա՞լ է, որ քաղաքական ուժերից ոչ մեկը չի համարձակվում անգամ մտածել այդ մասին։ -Ոչ, բայց սա էլ կանցնի. այսպիսի՞ ժամանակներ ենք տեսել։ Ես երկարակյաց եմ այդ առումով, եւ այս ամենը ինձ դեժավյու է հիշեցնում՝ 90-ականները ոնց որ գան աչքիս առաջ։ Հիմա չեմ ուզում խորանալ՝ ժամանակը կգա, կխոսենք։ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

2018-10-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...