Եթե գնում ենք ընտրությունների, ուրեմն ԱԺ մտնելու շանսեր տեսնում ենք (Տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրությունների ցույց տված արդյունքները ամրապնդել են Դաշնակցության մտավախությունը, որ երկրում հաստատվում է միակուսակցական կառավարում։ «Մեկ կուսակցությանը տալ թեկուզ այդ 70 տոկոս ձայները, դա մտահոգիչ է, և մեր հանրությունը ինքն պետք է իսկապես սկսի սթափ մտածել»,- ասում է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը։ Տիկին Կյուրեղյանը հարցնում է՝ մենք ումի՞ց էինք ուզում ազատվել թավշյա հեղափոխության ժամանակ՝ Սերժ Սարգսյանից ու Հանրապետականի՞ց, թե՞ մեկ կուսակցության մենաշնորհից։ Պատգամավորը զգուշացնում է․ «Քաղաքական մենաշնորհ ունենալով ոչ մի կուսակցություն ազատված չէ այն հնարավորություններից, որ ինքը կգնա տնտեսական մենաշնորհի, կվերստեղծի այն իրավիճակը, որ ունեինք երկրում»։ Երկու օր առաջ կուսակցության վերնախավը Ընտրական նոր օրենսգրքի նախագծի առիթով հանդիպել էր փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ Նախագծում Դաշնակցության առաջարկած 3 փոփոխություններից ոչ մեկը կառավարությունը չի ընդունել։ Նույն օրը նրանք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և առաջարկել ազատվել սուպերվարչապետության տանող մի կարևոր դրույթից․ «Իսկ դա ո՞րն էր՝ ոստիկանապետին, ոստիկանությունը հանել վարչապետի լիազորությունների շրջանակից և ոստիկանությանը տալ նախարարության կարգավիճակ, որպեսզի նա հաշվետու լինի Ազգային ժողովին և ոչ թե վարչապետին»։ Նիկոլ Փաշինյանը , շատ ուշադիր է լսել այս առաջարկը, որն, ըստ դաշնակցական պատգամավորի, կա նույնիսկ կառավարության այն ծրագրում, որն ընդունվեց այս տարվա մայիսին։ Տիկին Կյուրեղյանը նկատում է․ -Սկզբունքորեն ինքը դեմ չէ, բայց ոչ հիմա։ -Ինչու՞։ -Դե, դա հարցրեք իրենից, որովհետեւ կարևորվել է ժամկետը, հետո նոր գործողությունները, իսկ մենք պնդում ենք հակառակը՝ գործողությունները, հետո՝ ժամկետը։ -Որոնց հետ Փաշինյանը համաձայն չէ՞։ -Չէ։ Ժամկետը առաջնահերթ դրված է իրենց մոտեցման մեջ։ Արմենուհի Կյուրեղյանը հույս ունի, որ այս ընտրությունները չեն կեղծվի, ինքը գրեթե որևէ տարբերակ չի տեսնում կեղծելու։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Դաշնակցությունը վախենում իշխանության միակուսակցական բնույթից, եթե այն ձևավորվում է չկեղծված ընտրություններով։ «Այո, մեծամասնությունը կտա, ես առավել քան համոզված եմ, որ այսօր մեծամասնության ձայները կգնան «Քաղաքացիական պայմանագրին» կամ «Իմ քայլը» դաշինքին։ Ես դրա մեջ կասկած չունեմ։ Եվ ես չեմ էլ մտածում, որ կեղծիքով է լինելու։ Ո՛չ, բոլորովին։ Ես մտավախություն ունեմ վաղը, մյուս օրը մեկ կուսակցությանը, մեկ դաշինքին նման մենաշնորհ տալը ինչ հետևանքներ կարող են ունենալ, իսկ դա մենք 20 տարի տեսել ենք»,- ասում է դաշնակցական պատգամավորը։ Ի դեպ, բոլոր ընտրությունների ժամանակ էլ, ըստ դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի, ասել են, որ Դաշնակցությունը ոչ մի տարբերակ չունի խորհրդարան մտնելու և այս ընտրություններում՝ նույնպես․ «Եթե մենք գնում ենք ընտրությունների, նշանակում է մենք շանսեր տեսնում ենք»։ Մհեր Արշակյան Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-18

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...