Փաշինյանն ու նրա թիմը հաջող վիրահատություն կատարեցին, բայց պարզվեց` ինֆեկցիան է գլուխ բարձրացրել (Տեսանյութ)

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: Հայտարարությունը՝ ստորև. Հարգելի հայրենակիցներ, Խոսքս սկսում եմ մի հիվանդության պատմության վերլուծությամբ: Հիվանդը տանում է շատ լուրջ, վտանգավոր վիրահատություն և վիրաբույժն ու նրա թիմը շատ հաջող իրականացնում են այն: Բայց հետվիրահատական շրջանում օրգանիզմում գլուխ է բարձրացնում սուր ինֆեկցիա, որի արդյունքում օրգանիզմը սկսում է պարբերաբար ջերմել մինչև 40 աստիճան: Այդ պրոցեսը տևում է ամիսներ, իսկ վիրաբույժն իր թիմով չի կարողանում գտնել ինֆեկցիայի աղբյուրը, բուժման դեղատոմսերը և սկսում է բուժման պրոցեսը այլ ուղղությամբ տանել՝ ոչ թե հիվանդություն է բուժում, այլ հակաբորբոքիչ ամենալայն սպեկտորի դեղերով սկսում է պայքարել ջերմության իջեցման համար: Իսկ միգուցե բուժող թիմը պետք է շուտ հասկանար, որ իրենք այլևս չունեն այդ մասնագիտական հմտությունները հիվանդին բուժելու, հրավիրեր բժշկական կոնսիլիում և հիվանդին վստահեր այլ թիմի, որ իրենց հետ համագործակցելով, կփրկեր հիվանդին մահից: Ընդ որում, ամենամեծ սխալը հենց հիվանդի տիրոջին էր, որ աներկբայորեն վստահում էր վիրահատողին ու նրա թիմին և անընդհատ նրանց էր դիմում բուժման համար: Մի գուցե պետք էր ճիշտ գնահատել իրավիճակը և հետվիրահատական բուժումը արդեն վստահել այլ թիմի: Այժմ այս ամենը փորձեմ զուգահեռ տեղափոխել մեր երկրի իրավիճակային վերլուծության համատեքստ: Մեր երկիրը ծանր հիվանդ էր, և Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը շատ հաջող վիրահատություն կատարեցին, բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել՝ ինֆեկցիայի ձևով: Հարց. Արդյո՞ք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է նաև հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել: Արդյոք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայնացմամբ՝ live-ով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ բերելով ու դմփ դմփ հու-յով: Այսօր երկրում լուրջ վտանգներ եմ տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք իրավիճակի համատեքստում: Ոչ ոք չի կասկածում, որ այդ թիմը նոր ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը և հետևաբար սահմանադրական օրենքներ և սահմանադրություն փոխելու իրավունք: Հենց այս փաստը ինձ թույլ չի տալիս լռելու և չբարձրաձայնելու իմ մտահոգությունները: Միակուսակցական որոշումների հնարավորությունն արդյո՞ք չի տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրման, ինչպիսիք են. Մարիխուանայի օգտագործման օրինականացման թույլտվություն, ԼԳԲՏ-ների (համասեռամոլների) կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն և դրանից բխող՝ նման ընտանիքներին մանկատներից երեխաների որդեգրման հնարավորություն, Արցախի ազատագրված տարածքների հետ հանձնում գրավյալ տարածքների անվան տակ, ինչպես նշում էր հեռացող դեսպանը, Ռուսական զորամասերի՝ Հայաստանի տարածքից հանելու պահանջ, ինչպես եղավ Վրաստանում: Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի՝ թեկուզ Նիկոլ Փաշինյանի: Ես Աստծուց կխնդրեի միայն, որ իմ այս մտահոգությունները անտեղի լինեին և ուրախ կլինեի, որ ասեի. Նիկոլը ճիշտ էր, իսկ ես՝ սխալ: Իմ սիրելի հայրենակիցներ, առաջիկա ԱԺ ընտրություններում, ընտրելուց առաջ մտածեք այս մտահոգությունների շուրջ և նոր կատարեք ընտրություն: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-23

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...