Համաներմամբ ցմահ դատապարտյալների հետ կապված անարդար վիճակի էջը պետք է կարողանայինք փակել. Արմեն Ռուստամյանը` «Դրո»-ի, «31»-ի և այլ գործերի մասին (Տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ անհրաժեշտ ծավալի աշխատանք չի կատարվել համաներման նախագծի մեջ նաև ցմահների հարցը ներառելու համար: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե խոսում ենք համերաշխությունից, այդ էջը ևս պետք է փակել: -«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց: Դո՞ւք էլ եք կարծում, որ ընդգրկունության առումով նախագիծն աննախադեպ էր, և համամի՞տ եք, որ ցմահների նկատմամբ անհատական մոտեցում պիտի կիրառվի, և այս ակտով իրենք պետք է շահառու չլինեն: -Նախ բնական է, ենթադրելի էր, որ այս հոբելյանական տարում, որ 100- ամյակն է մեր պետականության վերականգման, Երևանի 2800-ամյակը, այդպիսի համաներում պետք է տեղի ուներ, և ճիշտ է, որ կատարվեց, և այն պետք է լիներ ավելի ընդգրկուն, ավելի լայն մասշտաբ ունեցող, որովհետև տարին էր թելադրում դա: Համաներումը միշտ էլ անհրաժեշտ է, առավել ևս այս տարի էր անհրաժեշտ կատարել, որովհետև դա ոչ միայն հումանիստական ակցիա է, այլ նաև մեր երկրի ապագային միտված նախանշումներ են կատարվում: Եվ այդ առումով կարծում եմ, որ եթե դա կատարում ենք, պետք է նաև նկատի ունենանք այն անարդար վիճակը, որը գոյություն ունի ցմահ դատապարտյալների մասով. մարդիկ կան, որոնք դատապարտվել են ցմահ բանտարկության դեռ կարգը չմտած, ժամանակին եղել է մահապատիժ: -Նկատի ունեք «Դրոյի՞» գործով: -Նկատի ունեմ անձանց, ովքեր դատապարտվել են մինչև ցմահ դատապարտման պատիժը ուժի մեջ մտնելը, դա միայն «Դրոյի» գործը չի, «31»-ի գործով կան մարդիկ, ովքեր այն ժամանակ դատապարտվել են մահապատժի, այնուհետև ցմահ բանտարկյալներ են դարձել: Ես անձանց չեմ ասում, խոսում եմ կոնկրետ երևույթի մասին, որը կապված է մոտեցման սկզբունքի հետ: Այդ սկզբունքը պետք է նկատի ունենայինք, եթե հատկապես համերաշխության և այլնի մասին ենք խոսում: Եվ ուրեմն պետք էր այդ էջն էլ կարողանայինք փակել: Կարծում եմ՝ այդ առումով անհրաժեշտ ծավալի աշխատանք չի կատարվել, որպեսզի պատրաստ լիներ նաև համաներման մեջ դա ներառվել: Այդուամենայնիվ տենդենցը ես դրական եմ համարում, որ այդ ուղղությամբ էլ նախանշվում է դրական տեղաշարժ կապված նրա հետ, որ գոնե առաջին անգամ վաղաժամկետ ազատում արձանագրվեց, ներման ինստիտուտը պիտի գործի, և այդ երկու ինստիտուտներով այդ գործերը պետք է վերանայվեն: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-10-31

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...