Հետաքրքիր է Ձեր տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ. Ռուզաննա Առաքելյանի հարցը Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ)

Վարչապետի ընտրության հարցի քննարկման Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ուղղեց հետևյալ հարցը. «Պարոն Փաշինյան, իրավացիորեն Դուք այսօր Ձեր ելույթը խարսխեցիք տնտեսության զարգացման ապագա հեռանկարների վրա: Բայց և այնպես, հայ ժողովրդի համար արտաքին քաղաքականության մարտահրավերներից դեռևս մնում են հայ-թուրքական հարաբերությունները: Հայտնի արձանագրությունները այլևս առոչինչ են, բոլորին դա հայտնի է: Այնուամենայնիվ, հետաքրքիր է Ձեր տեսակետը ապագայում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված: Ի վերջո, մեր սահմանները մնում են փակ, և այդ մարտահրավերը մնում է դեռևս առաջնահերթ»: Նիկոլ Փաշինյանը նախ նշեց. «Եթե թույլ կտաք, ես Ձեր հարցին մի քիչ ընդարձակ պատասխանեմ: Վերջերս մի շատ փորձված դիվանագետի հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք էր գնում մեր երկրի իրավիճակի մասին, ես նրան ներկայացրեցի Հայաստանի սահմանային վիճակը՝ ներկայացնելով, որ Հայաստանը չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ են: Ընդ որում, փակ են միևնույն հարցի՝ Արցախի հակամարտության պատճառով: Ընդ որում, դա աբսուրդ է, որ մի երկիրը մյուս երկրի հետ հարաբերությունները կապում է երրորդ երկրի հետ նրանց ունեցած հարաբերություններով: Ես ասացի նաև, որ մենք ունենք երկու սահման, որոնք իրականում կիսաբաց կարելի է համարել: Քանի որ, օրինակ, Իրանի հետ սահմանը ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել աշխարհաքաղաքական պատճառներով՝ ԱՄՆ և Իրանի միջև հարաբերություններպատճառով: Հայաստան-Վրաստան սահմանը ևս կարող է փակվել աշխարհաքաղաքական կամ վատ եղանակային պայմանների պատճառով: Փաստորեն, կարելի է արձաանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կղզի է առանց ծովի: Ես նրան հարցրեցի, թե կարող է նա արդյոք խորհուրդ տալ՝ ինչպես պետք է վարվի Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում: Եվ սա, կարծում, եմ, վերջին փաստարկն էր, որն օգնեց փորձված դիվանագետին ընդունել մեր դիրքորոշումները և փաստարկները, որոնք մենք բերոմ էինք արտաքին քաղաքական շատ կնճռոտ մի հարցի քննարկման ժամանակ»: Այնուհետև ավելացրեց. «Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ես կարող եմ ասել նույնը, ինչ որ ասվել է միշտ: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, խնդրում եմ որևէ մեկը որևէ կերպ սա չմեկնաբանի, թե մենք, այս դիրքորոշմամբ որևէ կերպ նսեմացնում ենք 1915 թվականի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, որովհետև Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար և մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերությունների խնդիր չէ: Դա մեզ համար անվտանգության և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև միջազգային անվտանգության խնդիր է, և դա մեր ներդրումն է Ցեղասպանությունների կանխարգելման համաշխարհային և միջազգային շարժմանը և պրոցեսին: Այնպես որ Հայաստանի Հնարապետությունը պատրաստ է առանց նախապայմանների բացել սահմանը, ըստ էության մեր սահմանը մեր կողմից փակ չէ: Սահմանը փակ է Թուրքիայի կողմից: Եվ Թուրքիայի կողմից փակ է Ղարաբաղյան հակամարտության պատճառով, և դա վատ քաղաքականություն է, որովհետև եթե որևէ մեկը հույս ունի թե Հայաստանի Հանրապետությանը կամ Արցախի ժողովրդին կարող է հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղի հարցի կարգավորման այս կամ այն տարբերակի, ինքը ուղղակի սխալվում է: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս սա արձանագրենք: Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել: Ընդհակառակը այդ ամենի գործադրմամբ, մենք ավելի կամրանանք, ավելի կհամախմբվենք և ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-01

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության...
Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական...
ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի
Ինչո՞ւ կառավարությունը որևէ գնահատական չտվեց Բոլթոնի և Միլսի...
Այլ...