Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության հայեցակարգ չկա. Ռուզաննա Առաքելյանի հարցը` Փաշինյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարման ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրություն հրավիրեց հայաստանյան մարզերի և գյուղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց: Նա նախ Փաշինյանից հետաքրքրվեց, թե հայրենադարձություն ապահովելու մասին ինչպե՞ս կարելի է խոսել, եթե հայրենադարձության հայեցակարգ, որպես այդպիսին, չկա: «Դուք ուզում եք, որ երիտասարդները վերադառնան և օգտվեն ձեր նշած առաքելություններից, բայց երիտասարդը դեռ չգիտի` ո՞ւր է գալիս, ի՞նչ է անում…»,- նշեց Առաքելյանը: Անդրադառնալով նաև Փաշինյանի նշած միկրոբիզնեսի գաղափարին` Առաքելյանը հարցրեց` եթե որևէ օլիգարխ, որը բիզնես ունի բարձրլեռնային ինչ-որ գյուղում և ապրում է Երևանում, օգտվելու է հարկային` Փաշինյանի նշած արտոնություններից, ապա այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել: Փաշինյանը հերքեց, որ գյուղերում չկան օլիգարխներ: «Եթե խոշոր բիզնեսը սահմանամերձ շրջանում ներդնում անի, պետք է խոշոր ներդրում անի, չէ՞: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի գնալ, ներդրում անել` տարեկան 20 միլիոն շրջանառություն ապահովելու համար: Հետևաբար, այդ պայմանը լիարժեք ապահովված է: Հիմա սահմանամերձ շրջաններում մենք ունենք խոշոր ներդրումներ, որոնք ծառայում են մարզի բնակչությանը: Օրինակ` «Տավուշ տեքստիլ» ընկերությունը լավ օրինակ է, որը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել և այդ պրոցեսը շարունակում է, և մենք քաջալերելու ենք, որ շարունակի»,- նշեց նա: Անդրադառնալով ներգաղթը քաջալերելուն` Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստան վերադարձողների համար որոշակի արտոնություններ սահմանվել են: «Սակայն այդ դեպքում հարց է ծագում` իսկ այն մարդը, որ ճամպրուկները կապել էր և ուզում էր գնալ, մենք նրան ի՞նչ ենք ասում: Ասում ենք` գնա՞, մի տարի այնտեղ ապրի, հետո արի, այս արտոնություններից օգտվի՞: Մեր խնդիրը, մեր մոտեցումը պետք է լինի երկրի գրավչության բարձրացում, և մենք, նաև` դուք, նաև` բոլորս, նաև` շատերը, երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կա արդարության խնդիր, կա օրինականության խնդիր, կա հնարավորությունների խնդիր, կա արժանապատվության խնդիր: Մենք այսօր, այո, երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ ուրիշ մեկի ապօրինի կերպով չի կարող ասել` աչքիդ վերևը ունք կա: Ով ուզում է լինի: Մենք հաշվարկել ենք` Հայաստանի Հանրապետությունում արտագաղթին ինչքան է նպաստում, օրինակ, տարբեր ճնշումների մեխանիզմը` սկսած թաղային հեղինակություններից, վերջացրած` իրավապահ համակարգի կողմից գործող ապօրինություններով, տնտեսական գործունեության սահմանափակումներով և արտոնություններով: Մենք այս ամենը վերացրել ենք ու վերացնում ենք: Հետևաբար, ներգաղթի կոնցեպտը հետևյալն է` Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղը ապրելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Արձագանքելով Փաշինյանի ելույթին` դաշնակցական պատգամավորը նշեց. «Իմ խորին համոզմամբ` մենք չպիտի ասենք` որն է ավելի լավ` թույլ չտանք, որ ապրողներն այս պահին արտագաղթե՞ն, թե՞ հայրենադարձությունը խթանենք: Կարծում եմ`երկուսն էլ շատ կարևոր են»: Ըստ Փաշինյանի` հայրենադարձությունն այսօր արդեն խթանվում է «Եթե դուք տեսնեք, թե ի՞նչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, կհասկանաք, որ հայրենադարձությունը խթանվում է ամեն օր: Մեր երկրում անշարժ գույքի գներն աճում են, և դա նաև այն պատճառով, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնք ապրում են արտերկրում, այս օրերին, այո, գալիս են և Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում: Գալիս են և ներդրումներ են անում, և այդ ամեն ինչը լինելու է ներգաղթի շատ կարևոր պատճառ: Այո, մենք խնդիր պիտի դնենք, և ես ուզում եմ ասել, որ մեր կուսակցությունը հիմնադրման օրից իր ծրագրային փաստաթղթում արձանագրել է` առաջիկա 20 տարվա ընթացքում բնակչության թիվը պետք է կրկնապատկել: Այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի, բայց մենք դա չենք պատկերացնում տեխնիկական ինչ-որ գործողությունների արդյունքում: Մենք հավատացած ենք եղել, և այսօր էլ հավատում ենք, որ դա երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք պետք է լինի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

2018-11-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...