Հայագիտությունը արհամարհված

Չափազանցություն չի դիտվի եթե բարձրաձայնեմ, որ ՀՀ-ում գիտությունը վարկաբեկված է և շարունակվում է վարկաբեկվել իշխանությունների կարճատես քաղաքականության արդյունքում: Վերաբերմունքն այսպիսին է՝ շուկայական տեսք տալ գիտությանը և արդյունքների շուկայացման ճանապարհով ֆինանսավորման աղբյուրներ գտնել։ Բիզնես տրամաբանություն, որ գիտության պարագայում համազոր է ինքնասպանության։ Վերջերս ընդունվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքը. որ սակայն գալիս է հաստատելու, որ եթե նույնիսկ ինչ-որ բան ենք փորձում անել հանուն գիտության, ապա զարմանալիորեն ստացվում է հակառակը: Ակնհայտ է, որ եթե Ակադեմիայի օրենքում ֆինանսական պարտավորություններ և երաշխավորություններ չեն ամրագրվել, ապա այն սոսկ կանոնադրության արժեք ունի: Այն, որ մեզանում գիտության ու գիտնականների հանդեպ ակնածանք և արժևորում չկա, արտահայտված է Ակադեմիայի համակարգում աշխատող գիտնականների վարձատրությամբ: Ի դեպ, քիչ չեն երիտասարդ ու տաղանդավոր մարդիկ, ովքեր ստիպված են նվաստացուցիչ ցածր աշխատավարձով բավարարվել, իսկ ավելի շուտ պարտադրված են իրենց ապագան Հայաստանից դուրս փնտրել: Մեզանում վերանում են գիտությանը նվիրված լեգենդար անհատները, իսկ եթե նույնիսկ այդպիսիք կան, ապա քամահրված են ու անտեսված: Իսկ արդյունքում արժեհամակարգ ենք խեղում, հասարակությունն իր բարոյական կողմնորոշիչներում ավելի հուսահատեցնում ու մոլորեցնում: Ի դեպ կացությունը չի փրկում նաև Գիտության կոմիտեն, որը կոչված էր Հայաստանում համակարգել գիտությունը: Չանդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող չարաշահումներին և պետական միջոցների անարդյունավետ ծախսման կամ անարդար մրցույթների վերաբերյալ հոդվածներին, խոսեմ Կոմիտեի վերջին որոշումների մասին, որոնք վերաբերում են գիտական թեմաների ֆինանսավորմանը: Մրցույթի արդյունքում հաստատված գիտական թեմաների ցանկը գալիս է առարկայացնելու, որ ակադեմիական գիտական հաստատությունները լուսանցքված են: Հիմնական նախապատվությունը տրվել է բուհական գիտությանը, որոնցից միայն մեկի ֆինանսավորված թեմաները` ավելին են, քան ակադեմիայի բոլոր ինստիտուտներից ֆինանսավորված թեմաները միասին: Ցավալի է հատկապես հայագիտության վիճակը: 14 տոկոս ֆինանսավորում ստացած հայագիտական թեմաներից միայն մեկն է վերաբերում հայ գրականությանը: Անտեսված, ես կասեի` արհամարված են հայոց լեզուն և հայ գրականությունը: Միթե Գիտության կոմիտում կարծում են, թե հայագիտությունը միայն հայոց պատմության հարցերն են: Դարձյալ սխալված չեմ լինի եթե ասեմ, հայագիտությունը անհեռանկար և ծերացող ճյուղերի շարքին է դասվում: Անհերքելի է, հայագետներ պատրաստելու շահագրգռություն միայն մեր Հանրապետությունը պետք է ունենա: Որեմն պետք է հասկանանք, որ գիտնականի գործը գիտությամբ զբաղվելն է, իսկ պետության խնդիրը՝ առաջնահերթություններ ու գերակայություններ սահմանելն ու գիտական պատվեր իջեցնելը։ Իսկ իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի:

2011-05-10

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Լիահույս եմ, որ մեր կառավարությունը բյուջեի վերաբերյալ 8 առաջարկներից...
ՀՀ-ԵՄ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը....
ՍԾՏՀ ԽՎ-ում ռեալ դերակատարություն ունեն Թուրքիան, Ադրբեջանը....
Իրականում, սովորել ցանկացողի համար շատ ավելի լայն հնարավորություններ...
Այլ...