Քննարկումները կատարվում են այնպես, որ ընտրական ցուցակն ամբողջ կառույցի համար ընդունելի լինի

ՀՅԴ նախընտրական ցուցակներն ամբողջությամբ կհրապարակվեն վաղը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Հիմնականում ռեյտինգային ցուցակներն են դժվարացնում ցուցակի կազմումը, որովհետև որոշման իրավունքը պատկանում է և նախապատվությունն էլ տրվում մեր տեղական մարմիններին, և նրանք են թեկնածուներ առաջադրելու: Կարծում եմ` վաղն արդեն ամբողջական կլինի»,- ասաց նա։ Ռուստամյանը հերքեց շրջանառվող լուրերը, թե ցուցակում առաջին տեղի համար պայքար է գնում իր և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի միջև: «Երբեք մեր միջև պայքար չի եղել։ Գիտեք` մեր կուսակցությունը շատ լուրջ ծանր ու թեթև է անում ամեն ինչ, բայց որոշումը կայացվում է համախոհությամբ, և ցուցակը կլինի համախոհությամբ»,- ասաց նա և հավելեց, որ քննարկումները կատարվում են այնպես, որ ցուցակը պետք է ամբողջ կառույցի համար ընդունելի լինի։ Անդրադառնալով ՀՀԿ-ի այն պնդմանը, որ միակ ընդդիմությունն են լինելու, Ռուստամյանն ասաց, որ ընտրությունների ընթացքում ասել` ով է ընդդիմադիր, ով` ոչ, ճիշտ չէ, քանի որ ընդդիմությունը կարող է ձևավորվել միայն իշխանության ձևավորումից հետո: «Երևի ելնում են նրանից, որ, ըստ էության, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է և, ամենայն հավանականությամբ, կարող է ունենալ մեծամասնություն»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ իրենք էլ են դուրս եկել իշխանությունից և այդ տեսանկյունից ընկալվում են ընդդիմություն: Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ն իր քաղաքական ուղուց երբեք չի շեղվել և ունի իր ընտրազանգվածը: «Դաշնակցությունն ինչ խնդիրներ դրել է, նվազագույնով հասել է առավելագույնի»,- ասաց նա։ Հարցին` մտավախություն չունի՞, որ այլ քաղաքական ուժեր կարող են իրենց ընտրազանգվածը տանել, հաշվի առնելով, որ նրանց մտածելակերպը մոտ է Դաշնակցությանը, օրինակ` «Սասնա ծռեր»-ը, Ռուստամյանը պատասխանեց. «Բացի գենետիկ հակադաշնակցականներից, բոլորը խորքում մոտ են Դաշնակցության գաղափարներին։ Այնպիսի բան չկա, որ ազգը, պետությունը իրենց երազած երկիրը պատկերացնեն ու չգան ազատ, անկախ Հայաստանի գաղափարին։ Ի վերջո, մենք հանրապետություն ենք ստեղծել զրոյից, երրորդ հանրապետության հիմքում ենք եղել: Կարծում եմ ՝ արդեն չորրորդի մեջ ենք։ Այս ամենը հետևանքն է Դաշնակցության գործունեության և ազգային ուժերի նվիրվածության ու համախմբման։ Այս առումով բնական է, որ մենք այս դաշտում պետք է ունենանք համակիրներ»։ Ռուստամյանը նշեց, որ յուրաքանչյուրն ինքը կընտրի` ում ձայն տալ, բայց Դաշնակցությունը մի բանով տարբերվում է մնացածից՝ կայացած և համահայկական կուսակցություն է։

2018-11-13

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...