Սա փոխանցիկ բյուջե է, մենք այդ փոխանցմանը չենք խոչընդոտի, կողմ կքվեարկենք (Տեսանյութ)

Իսկապես տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալիս հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա` տարօրինակ իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ ինքնանպատակ որոշվել է` ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին: «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ բյուջեն ներկայացնում է մի կառավարություն, որի բոլոր անդամները պաշտոնանկ են եղել և պաշտոնակատար են: Բյուջեն պետք է հաստատի մի Ազգային ժողով, որը դե յուրե արձակված վիճակում է, ըստ էության` նույնպես պաշտոնանկ եղած է և նույնպես պաշտոնակատար է, բայց քննարկում ենք մի փաստաթուղթ, որը կարևորագույն քաղաքական, տնտեսական փաստաթուղթ է միշտ համարվել»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ դա տխուր մտորումների տեղիք է տալիս: Ռուստամյանը նշեց, որ ինքը հասկանում է, թե ինչու է կառավարությունը բյուջեն որակում որպես իներցիոն. նախորդ ընթացքը նկատի ունի, թե շատ բան չի կարող փոխվել: «Սա նաև նշանակում է, որ գործելու է այն ոճը, որ ընդունվի-չընդունվի, նույն բանն է լինելու: Ըստ էության` կարող է այդպես էլ կա: Նոր կառավարությունը պետք է նախորդ բյուջեի համամասնությամբ դա իրականացնի, և բնականաբար, խոչընդոտներ առաջիկա կառավարության հանդեպ չկան: Չեմ կարծում, որ այս ԱԺ-ն պետք է խոչընդոտ հանդիսանա այս բյուջեի ընդունման համար, մանավանդ, որ երբեք կառավարության որևէ գործունեություն այս խորհրդարանում չի խոչընդոտվել, և այս տրամաբանությունը պետք է հիմա էլ գործի: Կարելի է ասել, որ սա ոչ թե իներցիոն բյուջե է, այլ փոխանցիկ բյուջե է, որը պետք է փոխանցենք հաջորդ կառավարությանը, որի երկու ծնողներն էլ` կառավարություն և Ազգային ժողով, պաշտոնանկ և պաշտոնակատար են, բայց պետք է, որպես ժառանգություն, փոխանցեն մյուս կառավարությանը»,- ասաց նա: Ռուստամյանն ընդգծեց, որ այն խորհրդարանը, որը հաստատում է բյուջեն, այն վերահսկելու հնարավորություն չի ունենալու, այն կառավարությունն էլ, որը ներկայացրել է բյուջեն, շատ հնարավոր է, որ նույն կազմով այն կատարելու հնարավորություն չունենա. այդ պատճառով ստեղծվել է այս տարօրինակ իրավիճակը: «Մենք կողմ ենք քվեարկելու` այս հանգամանքից ելնելով, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել հետագա ընթացքի համար: Այդուամենայնիվ, պետք է պատասխանատու մի փաստաթուղթ սահմանվի, որը օրենքով նախատեսված կարգով հաջորդները պարտավոր են իրականացնել: Հուսով եմ` նոր խորհրդարանը կվերահսկի դրա իրականացումը, նոր կառավարությունը առնվազն հիմնական բաղադրիչները կիրականացնի»,- ասաց նա: Պատգամավորը նշեց, որ բյուջեում կան դրական կետեր` սոցիալական առումով: «Առնվազն մեկ կարևոր փաստ նկատի առնելով էլ մենք կողմ ենք քվեարկելու: Փաստորեն, բազային կենսաթոշակը ավելացնում ենք 10 հազար դրամով, որը կարևոր քայլ է, որ հետագայում հասնենք նրան, որ երկրում աղքատներ չլինեն: Այդ աղքատները պետք է իրենց բանաձևումն ունենան: Մինչև հիմա ոչ ոք չի փորձել ուղիղ իմաստով նայել և ասել, որ աղքատ են բոլոր նրանք, ովքեր կենսապահովման նվազագույն զամբյուղի չափ եկամուտ չունեն: Եթե այդպես նայենք, կտեսնենք, որ մեր բնակչության 70-80%-ն է աղքատ: Ուրեմն ասել, որ աղքատներ չեն լինելու, դեկլարատիվ հայտարարություն է: Ես դրա համար եմ ասում` կարևոր է, որ բազային կենսաթոշակը, որն ընդամենը 16 000 դրամ է, ինչը ամոթ է, և դա վաղուց է մեր ամոթը եղել, հիմա դառնալու է 26 հազար դրամ, որը նույնպես ամոթ է. այդ 26 հազարն էլ չի կարող բարելավել որևէ չքավորի, աղքատի իրավիճակ: Այդ առումով ապագա իշխանությունները շատ մեծ անելիքներ ունեն: Քիչ է հայտարարել, որ հայ մարդը չպետք է աղքատ լինի, որովհետև դրա համար նախ հարկավոր են իրական աղքատության գնահատումներ և իրական ծրագրեր, որ աղքատությունը վերացվի: Եվ քանի որ սա փոխանցիկ բյուջե է, մենք այդ փոխանցմանը չենք խոչընդոտի, մենք կողմ կքվեարկենք այդ բյուջեին»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...