Գյուղատնտեսության ապահովագրության օրենք ունենալու ժամանակն է, որ գյուղացին այլևս իր բախտը չկապի բնության բարեհաճության հետ (Տեսանյութ)

ԱԺ-ում շարունակվում է 2019-ի բյուջեի նախագծի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա նշեց, որ ցանկանում է խոսել աշխատանքի խրախուսման փիլիսոփայության մասին, որ դրված է այս բյուջեի նախագծի առանցքում: «Այս ընթացքում փորձել եմ փնտրել և գտնել, թե մարզերի համաչափ զարգացման համատեքստում այս բյուջեն որքանո՞վ է մտահոգ դրանով: Բայց ես չգտա մարզերի համաչափ զարգացման հայեցակարգ, չտեսա հայեցակարգ, որը կարող էր նաև ներառել այսօրվա բյուջեի տրամաբանությունը: Ասում ենք` աշխատանքի խրախուսում, որտե՞ղ ենք խրախուսում աշխատանքը, ո՞ր գյուղում, որտեղ միայն ծերե՞ր են ապրում, ո՞ր մարզում, որտեղ երիտասարդության 60-70 տոկոսն այս տարիների ընթացքում արտագաղթե՞լ է»,- ասաց պատգամավորը: Նրա խոսքով` մինչ գաղափարախոսությունը փաստաթղթի առանցքում դնելը, հարկավոր է առաջնահերթությունները ուսումնասիրել և տեսնել` ինչ ունենք: «Մենք ունենք դատարկված և դատարկվող գյուղեր: Եթե խրախոսում ենք աշխատանքը, բայց չկան աշխատանքով զբաղվող մարդիկ, ուրեմն մեր գաղափարը մնում է կիսատ, եթե չասեմ` օդի մեջ կախված: Եթե մենք չափում ենք մանր ու միջին բիզնեսը, մարզերի համաչափ զարգացման իմաստով եմ ասում, այդտեղ չկան մարդիկ, չկան երիտասարդներ, որոնք կզբաղվեն բիզնեսով, ո՞ւմ համար է այս ծրագիրը: Ավելին ասեմ` բյուջեի նախագծում ամրագրված է մի դրույթ, որ հարկերից ազատվում են մանր ու միջին բիզնեսով զբաղվողները. մարզերի մասին է խոսքը: Այս օրենքն արդեն կար, գործում էր, ուղղակի ցավալին այն էր, որ մարզերում չկան մարդիկ, որոնք շահագրգռված կլինեն այսօր»,- նշեց նա: Առաքելյանը նշեց, որ, ելնելով ասածի տրամաբանությունից, պետք է կարևորի հայրենադարձության խնդիրը: «Որպեսզի մարզերում, հատկապես` սահամանամերձ ու բարձրլեռնային գյուղերում ունենանք բնակիչներ, որոնք պետք է գյուղը պահեն ու զարգացնեն, մենք պետք է կարևորենք հայրենադարձությունը: Երբ խոսում ենք հայրենադարձության մասին, հարգելի' կառավարություն, դուք նկատի եք ունենում միայն սփյուռքահայերին, բայց վերջին 10-15 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մեր երիտասարդության մեծ մասը, միջին սերունդը, այսինքն` հայրենադարձություն ասելով` մենք պետք է համակարգային նայենք. եթե չունենք հայրենադարձության հայեցակարգ, որ երիտասարդը հասկանա` իրեն ինչ է սպասվում Հայաստան վերադառնալիս, ինչ առավելություններ է տրվում իրեն, ինչ արտոնություններ, միայն մանր ու միջին բիզնեսին արտոնություններ տալը դեռևս չի նշանակում լուծել հայրենադարձության հարցը: Եթե մարդը որոշել է վերադառնալ Հայաստան Ռուսաստանից, ԱՄՆ-ից կամ Եվրոպայից, պետք է հասկանա` Հայաստանում պետությունն իրեն ինչով է սատարելու»,- ասաց նա` հույս հայտնելով, որ շուտով կունենանք հայրենադարձության մասին ծրագիր, որն իսկապես մեր արտագաղթած հայրենակիցների համար ներշնչող կլինի: Մյուս հարցը, որը կարևորեց պատգամավորը, դարձյալ վերաբերում էր մարզերին: «Դուք խոսում եք գյուղատնտեսության զարգացման մասին, բայց ռազմավարական իմաստով որևէ քայլ մենք չենք տեսնում: Գյուղատնտեսության զարգացումն ասյօր կախված է բնակլիմայական հանգամանքից, այսինքն` բնությունը որքան բարեհաճ լինի այս տարի, գյուղացին այնքան շատ եկամուտ կարող է ունենալ: Սա նույնպես ոչ հիմնական լուծում տրվող քաղաքականություն է` գյուղացուն աջակցել, սուբսիդավորել կամ այլ աջակցություն ցուցաբերել: Աշխարհի շատ եվրոպական երկրներ այսօր ունեն գյուղատնտեսության ապահովագրության օրենք: Առաջարկում եմ և արդեն ժամանակն է, որ մենք նույնպես մտածենք այս մասին: Գյուղատնտեսության ապահովագրության օրենք ունենալու ժամանակն է, որով գյուղացին կլինի ապահովված և այլևս իր բախտը չի կապի բնության բարեհաճության հետ»,- ասաց Առաքելյանը: Ըստ նրա` իհարկե, կառավարության ծրագրում առաջնահերթություններ կային նշված, բայց դրանք նույնպես առարկայական չէին: Առարկայական առաջարկությունները, ըստ նրա, պետք է առարկայական առաջնահերթությունների վրա կառուցվեն` մեր ունեցած իրականության վրա: «Դարձյալ պետք է վերադառնամ բարձրլեռնային և սահմանամերձ գյուղերին: Առաջնահերթությունների բացակայության պայմաններում, օրինակ, գյուղեր կան, որտեղ կառուցվել է դպրոց հարյուր կամ երկու հարյուր աշակերտի համար: Ինքս կրթության և մշակույթի մարդ եմ, տասը ձեռքով կողմ եմ` մարզերում լինեն դպրոցներ, մշակութային կենտրոններ, բայց, օրինակ, Աշոցքի փոքր Սեպասալ գյուղում հարյուր աշակերտի համար նախատեսված դպրոց է կառուցվել, որտեղ, սակայն, սովորում է երկու կամ երեք աշակերտ: Կամ` մշակութային տները. եթե գնաք մի քանի գյուղեր, կտեսնեք գեղեցիկ կառուցված մշակութային տներ, որոնք այսօր ընդհանրապես իրենց նպատակին չեն ծառայում, այդտեղ լավագույն դեպքում հարսանիքներ են տեղի ունենում»,- ասաց նա: Դիմելով կառավարությանը` պատգամավորը հավելեց. «Առաջնահերթությունը կարևոր է հենց այն բանի համար, որ հարյուր տեղանոց դպրոցում գոնե 30 աշակերտ սովորի, պետք է այդ գյուղը, մարզը ունենա աշխատատեղ, պետք է հայրենադարձությունը խթանել, որպեսզի մարդիկ վերադառնան, ծնելիությունը հասնի այն մակարդակին, որ մեր գյուղերն այսօր ունենան աշակերտներով լեցուն դպրոցներ, մշակութային տները ծառայեն իրենց նպատակներին, որ մենք ունենան մարզերի համաչափ զարգացում, և դրանով ունենանք զարգացում ապահովող հայրենիք»: Մանրամասները՝ տեսանյութում:

2018-11-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...