Չենք պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չէ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ՀՅԴ նախընտրական ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի այսօր: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ եւ անկեղծացավ, որ ռեյտինգային ցուցակներն են հիմնականում դժվարացնում ցանկի կազմումը, որովհետեւ որոշման իրավունքը պատկանում է եւ նախապատվությունը տրվում է տեղերում ՀՅԴ-ական մարմիններին, եւ իրենք են կողմնորոշվելու, թե ում պետք է առաջադրեն: «ՈՎ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ, ՈՎ` ՈՉ» – Պարոն Ռուստամյան, ՀՀԿ-ն ասում է, որ իրենք են միայն իրական ընդդիմություն այս իշխանությանը, քանի որ մյուսները ողջունել են Նիկոլ Փաշինյանի շարժումն ու իրականացրած իշխանափոխությունը: Այս առումով չե՞ք կարծում, որ ՀՅԴ-ն եւս կարող է գրպանային ընդդիմություն ընկալվել: – Քաղաքագիտական առումով` ընտրությունների ընթացքում ասել` ով է ընդդիմադիր, ով` ոչ, ճիշտ չէ, որովհետեւ ընդդիմությունը որոշվում է, երբ իշխանությունն է ձեւավորվում: Երբ իշխանությունը կձեւավորվի, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ով է ընդդիմությունը: Հիմա բոլորը հավասար պայմաններում իրենց ծրագրերով պետք է մրցեն միմյանց հետ: Ճիշտ տրամաբանությունը սա է: Երեւի, այդպես են արտահայտվում` ելնելով նրանից, որ, ըստ էության, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն այսօր ֆավորիտն է, եւ, ամենայն հավանականությամբ` նա կարող է ունենալ մեծամասնություն եւ, ըստ այդմ, դառնալ իշխանություն: Բայց մենք արդեն հայտարարել ենք, որ թեպետ այս իշխանության շարժման ժամանակ ունեցել ենք մեր դերակատարությունը, բայց դուրս ենք եկել կառավարությունից: Հետեւաբար, մենք էլ ենք լինելու ընդդիմություն, այսինքն` չենք պատրաստվում կազմել կոալիցիա մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չէ: Եվ առհասարակ` մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել: Սա է մեր անցած ճանապարհի ամենագլխավոր գնահատականը: Այո՛, մենք հասել ենք լուրջ հաջողությունների, բայց նաեւ մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ուղղակի պատասխանատու չէինք, որովհետեւ ՀՅԴ-ն չի եղել ամբողջական իշխանություն, բայց ընկալվել է բոլորի կողմից, որ այդպես է: – ՀՀԿ-ն, մասնակցելով ընտրություններին, ասում է, որ ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, իրենց օգտին են քվեարկելու: Իսկ ՀՅԴ-ի ընտրազանգվածն ովքե՞ր են լինելու: – Մեր ընտրազանգվածը Դաշնակցության անցած ճանապարհը գնահատող, նրա գաղափարներին հավատացող եւ ամբողջ ընթացքում ՀՅԴ-ի ասածի եւ արածի համադրումն ու համապատասխանությունը տեսնող ընտրազանգվածն է: ՀՅԴ-ն մինչեւ հիմա իր քաղաքական հստակ ուղուց երբեք չի շեղվել: Եվ սա մենք ապացուցել ենք մեր անցած ճանապարհով: Իսկ եթե որոշ մարդկանց մոտ դեռեւս ինչ-որ կասկածանք կա, այս ընթացքում ցույց կտանք, որ եղել է այնպես, ինչպես արդեն ասացի: ՀՅԴ-ն ինչ խնդիր դրել է, իր նվազագույնով հասել է առավելագույնի: Իսկ նոր ուժերը դեռ պետք է ձեւավորվեն, հենց նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը շատ ճանապարհ ունի բյուրեղանալու, ամրանալու համար: Այնպես որ, մեր հիմնական դերակատարությունը լինելու է երկու հիմնական խնդրի լուծումը` անվտանգ երկրի զարգացումն ու արդարությունն ապահովել երկրի ներսում, այդ թվում` սոցիալական, ընկերային եւ ընդհանրապես, որպեսզի քաղաքացին պաշտպանված զգա իր պետության մեջ: «ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՉԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՆԽԱԿԱԼ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ» – Համենայնդեպս, նման հայտարարություներով է հանդես գալիս նաեւ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որոնք եւս պատրաստվում են մասնակցել այս ընտրություներին: Մտավախություն չունե՞ք, որ խորհրդարանում ՀՅԴ խմբակցությունը կարող է փոխարինվել «Սասնա ծռերով»: – Խորքում, բացի, այսպես ասած, գենետիկ հակադաշնակցականներից, բոլորը մոտ են դաշնակցության գաղափարներին: Այսպիսի բան չկա, որ ազգը, պետությունն իր երազած երկիրը պատկերացնեն ու չգան ազատ, անկախ Հայաստանի գաղափարին: Ի վերջո, մենք հանրապետություն ենք ստեղծել զրոյից ու հիմա ունենք երրորդ հանրապետությունը, կարծում եմ` արդեն չորրորդի մեջ ենք: Այս ամենը հետեւանքն է Դաշնակցության գործունեության եւ ազգային ուժերի նվիրվածության ու համախմբման: Այս առումով` բնական է, մենք այս դաշտում պետք է ունենանք լուրջ համակիրներ: Ինչ վերաբերում է նրան, թե ով է ընտրվելու, ժողովրդի ընտրության հարցն է, որեւէ քաղաքական ուժի չեմ ուզում կանխակալ գնահատական տալ: Ամեն մեկը պետք է գնահատի քաղաքական ուժի անցած երկարատեւ ճանապարհը, նրա հնարավորությունները: – Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Ձեր քաղաքական ուժի նկատմամբ առկա անվստահությունը պայմանավորված էր ՀՅԴ-ի վերջին շրջանի քայլերով: – Ցանկացած կուսակցություն թեկուզ 128 օր լինի, տեսեք, թե քանի սխալներ թույլ կտա: Բա 128 տարի Դաշնակցությունը գործել է: Իհարկե, եղել են նաեւ սխալներ: Եվ, ինչպես ասացի, հիմնական սխալներից մեկը եղել է այն, որ ՀՅԴ-ն կոալիցիա է կազմել, որտեղ վճռորոշ ձայն չի ունեցել: Չէր կարելի կոալիցիա կազմել, որտեղ կարող են առանց քեզ որոշումներ կայացվեն: Դրա պատճառով մենք չենք կարողացել լիարժեք լուծել մեր առջեւ դրված խնդիրները, հիմա այդպիսի բան չի կրկնվի: Վերջինը մի քիչ մեջը տրամաբանություն ուներ: 3/5-ի պահանջ կար, առանց մեզ չէին կարողանում ձեւավորել այդ 3/5-ը: Երբ սահմանադրական օրենքներ պետք է փոխվեին, այդ ժամանակ առանց ՀՅԴ չէին կարողանում, այդտեղ դերակատարություն կար, բայց մնացած հարցերում դերակատարությունը եղել է ՀՀԿ-ինը, մեր դերը վճռորոշ չի եղել: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

2018-11-14

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...