Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի խոսք պետք է ձևել-չափել. Արմեն Ռուստամյան

Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, և այդտեղ ամեն մի խոսք պետք է ձևել-չափել. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Դիտարկմանը` տեսակետ կա, որ հին դիկտատորները իրենց փակ ակումբում չեն հանդուրժում նոր մարդու` Փաշինյանի ներկայությունը, և հարցին` կա՞ հավանականություն, որ Հայաստանը դուրս մնա ՀԱՊԿ-ից, և Ադրբեջանը անդամագրվի այդ կառույցին, նա արձագանքեց. «Այսպիսի ձևակերպումներից եմ ուզում, որ խուսափենք: Ի՞նչ է նշանակում` հին դիկտատորներ, արդեն վիրավորում ենք մարդկանց, որքան էլ մեր ներսում համոզումներ ունենք: Չի կարելի նման կերպ արտահայտվել: Մարդիկ շատ հեշտ ու հանգիստ այդ ամենին պատասխան են տալիս և ամբողջ աշխարհի առաջ իրենց հեղինակությունը պահպանում են` անկախ նրանից, թե ով իրենց ինչ կանվանի: Ի՞նչ իմաստ ունի, որ մենք մտնենք այդպիսի խոսակցությունների մեջ, մենք դրանից շահելո՞ւ ենք: Եթե Հայաստանը փոխարինվի Ադրբեջանով, մենք դրանից շահելո՞ւ ենք, ինչ է թե մի սրտահովանք խոսք ասացինք, դրանից ոգևորվենք: Արտաքին քաղաքականությունը շատ նուրբ արվեստ է, այդտեղ ամեն մի խոսք պետք է ձևել-չափել»: Ռուստամյանը միևնույն ժամանակ վստահ է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը հեշտությամբ չի կարելի փոխել, որ Հայաստանը փոխարինվի այլ երկրով: Ըստ նրա` կարևոր է, որ կոնսենսուսի ոգին պահպանվի: «Մենք պետք է բոլորին մղենք նրան, որ համախոհության հասնելու ոգին չտուժի, չվերանա: Սրան է պետք ուղղել մեր ջանքերը: Չեմ կարծում, որ այստեղ կարող է խնդիր առաջանալ, Հայաստանին չեն կարող շրջանցել, Հայաստանն իր տեղն ու դերն ունի»,- նշեց նա: Ըստ պատգամավորի`Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հայտարարություններն էլ կառուցողականության հետ խնդիր ունեն և համագործակցության ոգուց չեն բխում, բայց մենք մեր հարցը պետք է ձևակերպենք այնպես, որ խնդիրը չտեղափոխվի անձնական դաշտ: «Մենք մեր պահանջները պետք է ներակայացնենք` ի շահ ՀԱՊԿ պայմանագրի տրամաբանության, այդ ձևաչափի նշանակության և այն նպատակների, որ պետք է ծառայի այդ կառույցը: Հայաստանն` իր ասելիքով և իր մոտեցումներով, շատ ճիշտ է, ունի հիմքեր, բայց այդ հիմքերը ներակայացնելու տեղը կա: Չպետք է առիթ տալ, որ հարցը տեղափոխվի անձնական դաշտ և դրանով ավելի բարդացվի ավելի կարևոր խնդրի լուծումը»,- կարծիք հայտնեց Ռուստամյանը:

2018-11-19

 
ից մինչև
ԳԼԽԱՎՈՐ
Արցախյան հարցում որևէ ինքնագլուխ գործունեություն հենց այդ անձի...
Դեժավյու է ինձ մոտ, գալիս են իշխանության ու սկսում նախկինների...
Անկանխատեսելի իրավիճակ է․ անձնական կապերը ազդելու են ընտրությունների...
Պետք է ընդդիմություն ու իշխանություն լինել հօգուտ պետության
Այլ...